
Ներկայացվեցին դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկային նվիրված ուսումնասիրության արդյունքները
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին «Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան 2025 թվականին» ուսումնասիրության արդյունքները։
ԻՊԱՍ ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը ողջույնի խոսքում նշեց, որ Կազմակերպությունը տարիներ շարունակ իրականացնում է դատավորների կարգապահական պատասխանատվության վարույթների մշտադիտարկում և պրակտիկայի ամփոփում՝ նպատակ ունենալով հասարակական վերահսկողության ենթարկել այս կարևորագույն գործընթացները, որտեղ հատվում են դատավորների հաշվետվողականության և պատասխանատվության, ինչպես նաև դատավորների իրավունքների և անկախության ապահովման պահանջները։ «Էական է երաշխավորել դատավորների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակ՝ ի ապահովումն նույն դատավորների կողմից անկախ, անաչառ և պրոֆեսիոնալ, իրավունքի գերակայության վրա հիմնված արդարադատության իրականացման բոլորիս համար։ Մինչդեռ տարիներ ի վեր իրականացված ուսումնասիրությունները վկայում են դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայում առկա մի շարք համակարգային խնդիրների մասին, որոնց լուծման ուղղության անհրաժեշտ է իրականացնել համապարփակ բարեփոխումներ»,- ընդգծեց Մելքոնյանը։
Հետազոտության արդյունքները ներկայացրեցին կազմակերպության իրավաբան-հետազոտող Դիանա Հարությունյանը և իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։
Դիանա Հարությունյանի խոսքով մշտադիտարկված 17 կարգապահական վարույթներից 11-ը հարուցվել են Արդարադատության նախարարի կողմից, 5-ը՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի, և 1-ը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ «Վարույթների զգալի մասը կապված է եղել դատավարական ժամկետների խախտումների, գործերի անհարկի ձգձգման, ինչպես նաև դատավորների վարքագծի կանոնների չպահպանման հետ։ Մի շարք դեպքերում արձանագրվել են նաև արդար դատաքննության հիմնարար իրավունքների խախտումներ, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և անաչառության ապահովման առումով»,- նշեց Դիանա Հարությունյանը։
Հասմիկ Հարությունյանը ներկայացրեց կարգապահական վարույթների քննության ընթացքը Բարձրագույն դատական խորհրդում՝ անդրադառնալով ինչպես ընթացակարգային, այնպես էլ բովանդակային առանձնահատկություններին։ Նրա խոսքով՝ ուսումնասիրված գործերով Խորհրդում նիստերի միջին քանակը երեքն էր, իսկ դատավորները մի շարք դեպքերում մասնակցել են փաստաբանի ուղեկցությամբ։ Բոլոր վարույթները, բացառությամբ մեկի, քննվել են հրապարակային և դրանց զգալի մասի նկատմամբ եղել է նաև մեդիայի ուշադրություն։
Նա ընդգծեց, որ ուսումնասիրված 17 գործերից 10-ով կայացվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, իսկ 6 դեպքերում միջնորդությունները մերժվել են։ Կիրառված կարգապահական տույժերը ներառել են նկատողություն, խիստ նկատողություն, նախազգուշացում, ինչպես նաև մի շարք դեպքերում՝ լիազորությունների դադարեցում՝ էական կարգապահական խախտումների հիմքով։
«Տույժի ընտրության գործընթացը հաճախ չի ուղեկցվել բավարար իրավական հիմնավորումներով և համաչափության սկզբունքի համակողմանի կիրառմամբ։ Տարբեր ծանրության խախտումների պարագայում երբեմն կիրառվել են նույն տույժերը՝ առանց բավարար բացատրության, իսկ խախտումների հետևանքների գնահատումը ոչ միշտ է ենթարկվել խորքային վերլուծության, ինչի արդյունքում առաջացել են մոտեցումների անհամապատասխանություններ»,- ընդգծեց Հասմիկ Հարությունյանը։
Ելույթներով հանդես եկան նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովիկ Շահնազարյանը՝ անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին, ձևավորված պրակտիկային և զարգացման հնարավոր ուղղություններին։
Մասնագիտական ակտիվ քննարկմանը մասնակցում էին դատավորներ, փաստաբաններ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումն իրականացվել է Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Նպաստել դատական համակարգի անկախությանը և արդարադատության հասանելիությանը» ծրագրի շրջանակներում։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր