
ԻՊԱՍ-ը ներկայացրեց Հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական վարույթների մշտադիտարկման արդյունքները
Օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անցկացրեց «Հակակոռուպցիոն դատարանի
Օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անցկացրեց «Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվող քաղաքացիական վարույթների մշտադիտարկման արդյունքների ներկայացում» խորագրով քննարկում։
Քննարկմանը ներկայացվեցին 2025-2026 թվականների ընթացքում Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական ու համայնքային շահի պաշտպանության վերաբերյալ վարույթների մշտադիտարկման արդյունքները։
ԻՊԱՍ նախագահ Արաքս Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ ուսումնասիրության նպատակն էր վեր հանել տվյալ վարույթների շրջանակում առկա օրենսդրական կարգավորումների և դրանց կիրառման պրակտիկայի առանձնահատկություններն ու խնդիրները՝ 2025թ․ ապրիլի 16-ի Սահմանադրական դատարանի որոշման լույսի ներքո։
ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի ներկայացմամբ իրականացվել է դատական պրակտիկայի համեմատական վերլուծություն՝ պարզելու, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1776 որոշումը մինչ այդ արձանագրված հիմնախնդիրների հասցեագրման և իրավակիրառ պրակտիայի համապատասխանեցման առումով։
Ամենաէական փոփոխությունը մինչև անձի պաշտոնավարման մեկնարկը ձեռքբերված գույքի բռնագանձման բացառումն է։ Մինչև ՍԴ որոշման ընդունումը, ՀՀ գլխավոր դատախազությունը բռնագանձման պահանջի մեջ ներառում էր ցանկացած գույք, որը ձեռք է բերվել 1991թ․ սեպտեմբերի 21-ից հետո և որի ձեռքբերման պահին անձի օրինական եկամուտներով դա չի հիմնավորվում` անկախ պաշտոնավարման մեկնարկից։ 2025թ․ ապրիլից հետո Գլխավոր դատախազությունը որոշ դեպքերով հրաժարվել է պահանջից կամ դրա մի մասից։ Միևնույն ժամանակ քննարկման առարկա է մնում այն հարցը, թե արդյոք Գլխավոր դատախազությունը պետք է կաշկանդված լինի ուսումնասիրության արդյունքներով կազմված եզրակացությամբ և միայն այնտեղ ներառված գույքի վերաբերյալ հայցապահանջ ներկայացնի, թե՞ ազատ է փոփոխել պահանջը դատարանում։ Գործընթացի մասնակիցների մոտեցումները տարբեր են և միասնական դիրքորոշում չկա՝ արդյո՞ք դատավարության ընթացքում կարող են փոխվել հայցի հիմքը կամ պահանջը, ավելացվել դրա չափը, ներկայացվել նոր պահանջ կամ ներգրավվել նոր պատասխանող, ինչպես նաև՝ արդյո՞ք այդ դեպքերում կիրառելի է հայցային վաղեմությունը։
ԻՊԱՍ իրավական հետազոտող, փաստաբան Նինա Հակոբյանն անդրադարձավ պետական և համայնքային շահերի պաշտպանության նպատակով Դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցերով դիտարկված գործերի մշտադիտարկման արդյունքներին: Նրա խոսքով՝ քանի որ հիմնականում վիճարկվում են տարիներ առաջ տեղին ունեցած ենթադրյալ խախտումներ կամ գործարքներ, գործերի զգալի մասում առանցքային խնդիր է դարձել հայցային վաղեմության ժամկետի հաշվարկի մեկնարկի որոշումը, որի դեպքում դատարանների մոտեցումները միատեսակ չեն:
Նինա Հակոբյանը նաև ընդգծեց հակասական մոտեցումներն օտարման ոչ ենթակա հողամասերի առնչությամբ գործերով հայցային վաղեմության կիրառման հարցում, ինչպես նաև դատական պրակտիկան հստակեցնելու և միասնական չափանիշներ ձևավորելու անհրաժեշտությունը:
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության առանձնահատկությունների և պրակտիկայի վերաբերյալ դիտարկումներ ներկայացրեցին վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Լիզա Գրիգորյանը և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Նարինե Ավագյանը։
Քննարկման մասնակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում հակակոռուպցիոն գործերով պրակտիկայի և ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ։
Ուսումնասիրությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ։

Օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անցկացրեց «Հակակոռուպցիոն դատարանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն

2026թ․ սեպտեմբերին ՄԱԿ- ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն քննարկելու է

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր