Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՄԻԵԴ-ի վճիռը «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով․ արձանագրվել են կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի խախտումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը (գանգատ թիվ 20075/16)։ 

Գործը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից վիրավորման հետևանքով շարքից դուրս եկած հայ զինծառայող Հ․ Թ․-ի խոշտանգման և սպանության դեպքին։

Հ․ Թ․-ի ծնողներն ու քույրը՝ որպես դիմումատուներ, Դատարանին ներկայացրել էին, որ Հ․ Թ․-ն ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակման արդյունքում վիրավորվել է և շարքից դուրս եկել՝ անկարող լինելով քայլել ինքնուրույն։ Նա ադրջեբանական զինված ուժերի զինծառայողների կողմից ենթարկվել է խոշտանգումների, ապա գլխատման եղանակով սպանվել։ Դիմումատուները նաև ներկայացրել էին, որ ընտանիքը չի կարողացել հետ ստանալ նրա մարմնի բոլոր մասերը և կազմակերպել պատշաճ հուղարկավորություն։  Դիմումատուները ներկայացրել են, որ իրենց հարազատի խոշտանգման ու սպանության, ինչպես նաև նրա մարմնի մասերը չվերադարձնելու հետևանքով կրել են ծանր հոգեկան տառապանք։

Դատարանն իր վճռում անդրադարձել է գործի փաստական հանգամանքներին, կողմերի ներկայացրած ապացույցներին և պնդումներին՝ արձանագրելով՝

  • Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում, 
  • Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքի խախտում, ինչպես Դիմումատուների, այնպես էլ Հ. Թ. առնչությամբ։

Դատարանի արձանագրումները նշանակալի են ոչ միայն այս գործի շրջանակներում, այլև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լայն համատեքստում։

Դիմումատուների իրավական շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրել են իրավապաշտպաններ Արա Ղազարյանը, Հայկուհի Հարությունյանը, Արաքս Մելքոնյանը, Արտակ Զեյնալյանը, Հասմիկ Հարությունյանը և Սիրանուշ Սահակյանը։

Սույն թվականի հունիսի 24-ին՝ ժամը 11-ին Իբիս հյուրանոցի Կարս սրահում, դիմումատուների ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը, Արաքս Մելքոնյանը, Հայկուհի Հարությունյանը, Արա Ղազարյանը և Հասմիկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացնեն Դատարանի իրավական գնահատականները և վճռի հնարավոր իրավաքաղաքական ազդեցությունը՝ ինչպես անհատական արդարադատության, այնպես էլ միջազգային մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

INTERESTING POSTS