Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը

2020-2025թթ. ընթացքում Հայաստանի դատարաններում քննված 51 քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ֆիզիկական և հոգեբանական բռնության կայուն և համակարգային դրսևորումների մասին։ Արձանագրված դեպքերը ներառում են պարբերական նվաստացումներ, հարկադրանք և բռնության տարբեր ձևեր, որոնք իրականացվել են ինչպես համածառայակիցների, այնպես էլ վերադաս-ստորադաս հարաբերությունների համատեքստում, իսկ որոշ դեպքերում՝ նախորդել ինքնասպանություններին։ 

Չնայած նման արարքների ծանրությանը՝ դրանք հիմնականում որակվել և քննվել են որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործություններ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 519–521-րդ հոդվածներով։ Նման հանցագործությունների քննության շրջանակներում լայնորեն կիրառվել են վարույթի քննության արագացված կարգը, նշանակված պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտը, ինչպես նաև քրեական հետապնդւոմը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու մեխանիզմները։ 

Ուսումնասիրության արդյունքները վկայում են համակարգային խնդրի առկայության մասին․ նման վարույթներով պատշաճ գնահատման չի ենթարկվում, թե արդյո՞ք նման վարքագիծը միջազգային իրավունքի և ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հանցակազմի իմաստով կարող է որակվել որպես խոշտանգում կամ վատ վերաբերմունքի այլ տեսակ։

Սույն քաղաքականության համառոտագիրը հիմնավորում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-րդ գլխում («Զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները») լրացումներ կատարելու անհրաժեշտությունը՝ նախատեսելով առանձին հանցակազմ զինծառայողների կողմից դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ արգելված նպատակներով։ Նման կարգավորման ներդրումը կնպաստի Հայաստանի միջազգային պարտավորությունների առավել արդյունավետ կատարմանը, ինչպես նաև զինված ուժերում կատարվող ծանր հանցագործությունների նկատմամբ համարժեք իրավական արձագանքի ապահովմանը և արդարադատության կանխարգելիչ գործառույթի ամրապնդմանը։

INTERESTING POSTS