Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Ոստիկանության անպատժելիությունը՝ համակարգն իշխանության ձեռքում գործիք դաձնելու միջոց․ ԻՊԱՍ ղեկավարը՝ ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման մասին  

2023թ․ դեկտեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում կայացել է «Հայաստանում երաշխավորվա՞ծ է մարդու իրավունքների պաշտպանությունը․ 2023-ի ամփոփում» թեմայով քննարկումը, որին որպես բանախոս մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Արաքս Մելքոնյանը։

Բանախոսների թվում էին նաև ՀՀ Ազգային ժողովի  պատգամավոր Թագուհի Թովմասյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը։ 

Ա․ Մելքոնյանն անցնող տարում օրինաչափության վերածված՝ մարդու իրավունքների խախտումներից առանձացրեց ՀՀ ոստիկանության բռնությունները։ 

«Դրանք դրսևորվում են ինչպես հանցավորության դեմ պայքարում, այնպես էլ հավաքների ընթացքում․ հատկապես ընդդիմության հավաքների ընթացքում ականատես ենք եղել ոստիկանության անհամաչափ և ոչ իրավաչափ գործողություններին», – նշել է Ա․ Մելքոնյանը՝ շեշտելով, որ այդ դեպքերով ընթացող  քննությունները, սակայն, անարդյունավետ են և, ըստ էության, օրինախախտները շարունակում են անպատիժ մնալ։ 

Ա․ Մելքոնյանը նշել է, որ 2023 թվականին աննախադեպ էր փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի արձանագրումը։ 

«Առնվազն վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունը ոստիկանության բաժիններում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքեր չէր արձանագրել։ Նման դեպքերով մի բան էլ փաստաբանն է ներգրավվում որպես մեղադրյալ պետության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով», – ասել է ԻՊԱՍ նախագահը՝ նշելով, որ նման դեպքերով ևս ոստիկաններն անպատիժ են մնացել։ 

Ա․ Մելքոնյանը մտահոգություն հայտնեց, որ պետությունը պայմաններ է ստեղծում ոստիկանական համակարգում անպատժելիության համար՝ համակարգը իշխանության պահպանման գործիքակազմի վերածելու նպատակով։  

ԻՊԱՍ նախագահը հիշեցրեց, որ 2022 թվականին Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ներկայացուցիչների կողմից բռնության դեպքով կազմակերպության հաղորդման հիման վարույթ էր հարուցվել։

«Արդեն այս տարի՝ բոլորովին վերջերս, մենք ստացանք ծանուցում, որ վարույթը կարճվել է», – հայտնեց Ա․ Մելքոնյանը՝ նշելով, որ ոստիկանների գործողությունները ապօրինի էին և նվաստացուցիչ ծնողների նկատմամբ։։ 

Մելքոնյանը անդրադարձավ նաև զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերին։ 

«Անցնող տարում մենք ունեցել ենք աննախադեպ թվով մահեր բանակում՝ այդ թվում նաև ինքնասպանություններ», – նշել է Ա․ Մելքոնյանը, անդրադառնալով նաև Ազատի զինվորական կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի դեպքին։ 

Ըստ Ա․ Մելքոնյանի՝ զինվորներին այդպիսի կացարանում տեղավորելը, անվտանգության տարրական պայմաններ չապահովելն ինքնին խոսում է, առհասարակ, զինված ուժերում մարդու իրավունքների նկատմամբ պետության վերաբերմունքի մասին։ 

«Մտահոգիչ են  նաև անցնող տարում  և՛ ԶԼՄ-ների, և՛ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ ներկայացված հայցերով կիրառված հայցի ապահովման միջոցները և դրանց չափերը․ օրինակ՝ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի նկատմամբ կիրառվել էր 1 մլն դրամի, իսկ ԶԼՄ-ներից մեկի դեմ՝ 9 մլն դրամի հայցի ապահովման միջոց, որոնք էականորեն ազդել են կազմակերպությունների գործունեության վրա։ Իհարկե դրանք հանվեցին հետագայում, սակայն այն, որ դատարանը սկսել է նման չափի հայցի ապահովման միջոցներ կիրառել, խնդրահարույց է», – նշել է Մելքոնյանը։ 

ԻՊԱՍ նախագահը, անդրադառնալով իրավապահ համակարգի անաչառության խնդրին, հիշեցրեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպը, երբ վերջինս թքել էր քաղաքացու վրա։ 

«Եթե քաղաքացու փոխարեն նույն իրավիճակում լիներ ԱԺ նախագահը, մենք միանշանակ կունենայինք քրեական վարույթ, ինչու ոչ՝ նաև խափանման միջոցի կիրառում», – ասել է Ա․ Մելքոնյանը նշելով, որ կառավարող «Քաղաքացիական պայմանագիրը» ուժի ցուցադրություն է իրականացնում։ 

Ամփոփելով տարին, Մելքոնյանն անդրադարձավ նաև Արցախի հայերի բռնի տեղահանությանը՝ նշելով, այն պետության համար մարդու իրավունքների ամենալուրջ մարտահրավերն է։  

«Բարձր ամբիոններից կարող է հնչել, որ պետությունը լուծել է արցախցիների խնդիրները, բայց մենք գործնականում ունենք սարսափելի իրավիճակ», – նշել է Ա․ Մելքոնյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն որպես սոցիալական պետություն լրջագույն անելիքներ ունի այս դաշտում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

INTERESTING POSTS