Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Շառլ Միշելի մամլո հայտարարության վերաբերյալ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ։

Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար ճգնաժամի սկզբնաղբյուրն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շարունակական շրջափակումն է, ԼՂ բնակչությանը սովի և թերսնման ենթարկելը՝ նրանց հարկադրաբար ենթարկեցնելու Բաքվի պահանջներին, կամ ավելի վատ՝ ֆիզիկապես դուրս մղելու տարածքից։ Ավելին, այն չի լուծում մարդու իրավունքների մյուս շարունակական խախտումները՝ ներառյալ ազատ տեղաշարժը, առողջապահական ծառայություններից օգտվելը, կրթության հասանելիությունը և այլն: Մենք մտավախություն ունենք, որ եթե այս առաջարկն առաջ մղվի, այն կվատթարացնի ներկայիս ծանր իրավիճակը՝ վտանգի ենթարկելով Լեռնային Ղարաբաղում մարդկանց կյանքը:

Լաչինի միջանցքն այլընտրանք չունի։ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի  փետրվարի որոշումը (վերահաստատված 2023թ․ հուլիսին) հաստատում է միջանցքը մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ անցման համար բաց պահելու կարևորությունը։ Սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսել է այս որոշումը, այլ էլ ավելի է խստացրել ամիսներ տևող շրջափակումը։ «Այլընտրանքային» ուղիների շուրջ քննարկումը, ինչպիսին է Աղդամը, հումանիտար ճգնաժամի բուն պատճառին անդրադառնալու փոխարեն, միջազգային հանրության ուշադրությունը շեղում է խնդրի սկզբնաղբյուրից՝ Ադրբեջանի կառավարության կողմից մարդասիրական միջանցքի անօրինական շրջափակումից և էթնիկ զտումների քաղաքականությունից: Աղդամի ճանապարհի շահագործումն ակամա կաջակցի այս քաղաքականությանը՝ Ադրբեջանին լրացուցիչ քաղաքական և տնտեսական ճնշման լծակներ տալով ԼՂ հայ բնակչության դեմ և էլ ավելի խարխլելով նրանց իրավունքները:

Սովահարությունը, որպես բանակցային մարտավարություն օգտագործելը, չպետք է նորմալացվի։ Եթե ամբողջական շրջափակման ներկայիս իրավիճակը պահպանվի, Աղդամի միջոցով սննդամթերք և ապրանքներ առաջարկելը նման է պատանդ վերցնելուն և խաթարում է ԼՂ-ի և Ադրբեջանի միջև վստահություն ստեղծելու ցանկացած ջանք Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսության համատեքստում: Եթե միջազգային հանրությունը ենթարկվի Ադրբեջանի ապօրինի գործողություններին և էթնիկ զտումների հստակ մտադրություններին, ապա այն փաստացի կվավերացնի Լաչինի միջանցքի անօրինական փակումը և 2022 թվականի դեկտեմբերից ի վեր 120 հազար մարդկանց շրջափակումը: Ավելին, այն կլեգիտիմացնի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների չկատարումը և կվարկաբեկի բոլոր գործող և ապագա համաձայնագրերը կամ միջազգային իրավական որոշումները:

Շառլ Միշելի հայտարարությունը վերաբերում է նաևանզգուշությամբ սահմանի հակառակ կողմն անցած զինծառայողների ազատ արձակման դյուրացմանը։ Թեև սա կարևոր է, սակայն առանցքային է, որ մոռացության չտրվի բոլոր կալանավորված անձանց և ռազմագերիների ճակատագիրը: Ադրբեջանում կա առնվազն 35 հաստատված ռազմագերի և կալանավորված քաղաքացիական անձ։ Եղել են հավաստի տեղեկություններ, որ նրանք ենթարկվել են խոշտանգումների և անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի: Նրանցից երկուսն առևանգվել են այս տարվա սկզբին Հայաստանի տարածքից, և Ադրբեջանի դատարանը նրանց դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման՝ «դիվերսանտների» խմբին մատակարարման փորձի և «զինված ահաբեկչության դավադրության» համար «սահմանազանցության» համար: Նման կեղծ դատավարություններ տեղի են ունեցել նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո գերի ընկած այլ կալանավորների մասով։ Ակնհայտ է, որ ներկա պայմաններում արդարադատության հասանելիությունն անհնար է։ Ավելին, Ադրբեջանը, կարծես թե, այս ձերբակալվածներին պահում է որպես սակարկության առարկա բանակցությունների ընթացքում։

Այսպիսով, մենք հորդորում ենք միջազգային հանրությանը.


• առաջնահերթություն տալ Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանն ուղղված ջանքերին` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի վճռին,


• միավորել ջանքերը՝ նպաստելու բոլոր ռազմագերիների և այլ կալանավորված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանը:

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի

Իրազեկ քաղաքացիների միավորում

Իրական Աշխարհ, Իրական ՀԿ

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Տիգրան Գրիգորյան, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

INTERESTING POSTS