Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ Փաստահավաք զեկույց

Սույն փաստահավաք զեկույցը պատրաստվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունների կողմից։ Զեկույցի պատրաստման աշխատանքներին աջակցել և դրանք համակարգել է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը»։

Փաստահավաք զեկույցում ներկայացվում են պատերազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) և մարդու իրավունքների նորմերի այլ խախտումներ, որոնք տեղի են ունեցել գլխավորապես Արցախի (հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ) բնակչության դեմ ՝ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրա հետևանքով: Ներկայացված ապացույցները հիմնված են տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներից տվյալների մանրակրկիտ հավաքագրման և վերլուծության վրա: Ստացված արդյունքների հիման վրա ներկայացվում են պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների հիմնավոր փաստարկներ, ինչպես նաև իրավիճակի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ՝ ուղղված համապատասխան շահագրգիռ կողմերին:


Աշխատանքների ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել ընդհանուր թվով 879 վկաների հետ, որոնցից 359-ի հետ անցկացվել են խորքային հարցազրույցներ, միաժամանակ ուսումնասիրվել են բռնությունների դեպքերի մասին արդեն իսկ հաղորդված և դեռևս չհաղորդված դեպքերը: Զեկույցի օբյեկտիվությունն ապահովելու նպատակով վկայությունների հավաստիությունը ճշգրտվել է այլ աղբյուրներից վերցված ապացույցների և վերլուծությունների, ինչպես, օրինակ, տեսանյութերի և լուսանկարչական նյութերի, ռազմական հետախուզության փորձագետների գնահատականների, մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցների և պաշտոնական պետական այլ զեկույցների օգնությամբ:

Հավաքագրված տվյալների վերլուծությունը կատարվել է վերաբերելի իրավական նորմերի համատեքստում, որի հիման վրա կարելի է պնդել, որ Ադրբեջանը գործել է պատերազմական հանցագործություններ, ինչպես նաև մարդու կյանքի իրավունքի, մարդկանց խոշտանգման և դաժան վերաբերմունքի արգելքի, առողջության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, սեփականության իրավունքի պաշտպանության խախտումներ, շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության դեմ հանցագործություններ:

Մասնավորապես զեկույցում ներկայացվում են Ադրբեջանի կողմից լրագրողներին թիրախավորելու, վարձկանների ներգրավելու, ռազմական գործողություններում արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու փաստեր, որոնց մի մասը հանգեցրել է էթնիկ զտումների:

Այս հանցագործությունները և խախտումներն ունեցել են համակարգային բնույթ և հստակ նպատակ: Ադրբեջանական կողմը շարունակաբար ռասիստական վերաբերմունք է դրսևորել Արցախի ժողովրդի և նրա՝ ինքնորոշման համար պայքարի նկատմամբ: Որդեգրելով առավելապաշտական դիրքորոշում ՝ Ադրբեջանի կառավարությունը սահմանափակել է խաղաղ կարգավորման հնարավորությունը և նախապատրաստվել է հարցի ռազմական «լուծմանը»: Տասնամյակներ շարունակ Ադրբեջանը քարոզել է հայատյացություն` ստեղծելով հայերի՝ արմատական «ուրիշ» լինելու կերպար: Այս «ուրիշին» նվաստացնելը և ոչնչացնելը դարձել է Ադրբեջանի պաշտոնական գաղափարախոսական հիմքը, որի նպատակն է եղել բոլոր միջոցների կիրառմամբ տարածքներ զավթելն ու այնտեղ հայկական ներկայությունն արմատախիլ անելը:

Մասնավորապես, իրենց բնիկ հայկական բնակչությունից զրկվել են 193 համայնքներ: 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը նպատակային միջոցներ է ձեռնարկել իրենց սեփական տներում հազարավոր քաղաքացիական անձնանց բնակվելն անհնար դարձնելու համար` հրետակոծելով առանց տարբերակման, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և վախի մթնոլորտ ստեղծելով: Պատանդ և ռազմագերի են վերցվել քաղաքացիական անձինք և զինվորներ, որոնք սպանվել են, խոշտանգվել կամ ենթարկվել այլ կտտանքների:

Զեկույցում ներկայացվում են ադրբեջանական ուժերի կողմից կյանքի իրավունքի խախտումների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի մանրամասներ, որոնք օրինաչափ և համակարգված բնույթ են ունեցել պատերազմի ընթացքում և դրանից հետո: Զեկույցում ներկայացված են ռազմագերիների և քաղաքացիական անձանց ապօրինի սպանության 19 դեպքի վերաբերող փաստեր: Ավելին, ադրբեջանական կողմը տարբերակում չի դրել քաղաքացիական անձանց և կոմբատանտների միջև, ինչի մասին են վկայում ՄՄԻ-ով սահմանվող պարտավորությունները խախտող անկանոն հարձակումները: Օրինակ, դաշտային այցերի և բաց աղբյուրների տվյալների վերլուծության ընթացքում հայտնաբերվել են բարձր բեկորայնության պայթուցիկ նյութերի կիրառման դեպքեր:

Զեկույցում նաև ներկայացվում են Ադրբեջանի կողմից բազմաթիվ բնակելի շենքերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքեր: Հարցազրույցներ են կատարվել չորս նախկին ռազմագերիների հետ, որոնք ներկայացրել են իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման մանրամասներ: Զոհերը, հաճախ՝ տարեց անձինք, կենդանի վիճակում գլխատվել են, խեղվել կամ խոշտանգվել:

Զեկույցում ներկայացվում են նաև առողջության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, ինչպես նաև սեփականության իրավունքների խախտումների մասին ապացույցներ: Մասնավորապես փաստեր են ներկայացվում առ այն, որ հակամարտությունը ֆիզիկական և հոգեկան վնասներ է պատճառել հարյուրավոր հայերի: Ավելին՝ Ադրբեջանի հարձակումների հետևանքով կաթվածահար են եղել ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ պայքարող առողջապահական ծառայությունները, անհնար է դարձել սոցիալական հեռավորության կանոնների պահպանումը, քանի որ մարդիկ ռմբակոծություններից պաշտպանվել են գերբեռնված ապաստարաններում: Պատերազմի պատճառով կան ընտանիքների բաժանման, երեխաների կրթական գործընթացի ընդհատումների, կյանքի պայմանների վատթարացման և տնտեսական դժվարությունների բազմաթիվ դեպքեր:

Համատարած են սեփականության իրավունքի խախտման դեպքերը: Շատերը զրկված են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում գտնվող իրենց տներում բնակվելու հնարավորությունից: Մոլեգնող հայատյացության պատճառով այդ մարդկանց վերադարձը սեփական տներ հնարավոր չէ: Բացի այդ, շատ ընտանիքներ ստիպված են եղել փախչել տներից՝ հնարավորություն չունենալով իրենց հետ վերցնելու իրենց արժեքավոր իրերը:

Զեկույցը նաև փաստում է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը գործել են էկոլոգիական հանցագործություններ, ինչպես նաև ոչնչացրել հայկական մշակութային ժառանգության բազմաթիվ օբյեկտներ: Փաստահավաք առաքելությունը բացահայտել է հրկիզող զինատեսակների կիրառման դեպքեր, ինչը ստիպել է բազմաթիվ ընտանիքների լքել իրենց բնակավայրերը: Ըստ գնահատումների՝ այդ հարձակումների հետևանքով ոչնչացվել է մոտ 1800 հեկտար անտառ: Բացի այդ, եղել են Արցախի հայկական մշակութային ներկայությունը ոչնչացնելու կանխամտածված փորձեր: Զեկույցում ներկայացվում են Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների և հուշարձանների ոչնչացման դեպքերի ապացույցներ: Եղել են նաև այդ հուշարձանների հայկական ժառանգությանը պատկանելու վկայությունները ջնջելու դեպքեր:

Զեկույցը բացահայտում է այն ապօրինի միջոցներն ու մեթոդները, որոնք Ադրբեջանը կիրառել է վերոնշյալ վայրագությունները գործելիս: Ներկայացվում են մանրամասներ պատերազմի ընթացքում օգտագործված զինատեսակների, քաղաքացիական բնակչությանը, բնակելի տարածքները և ենթակառուցվածքները թիրախավորելու մասին: Օրինակ, զեկույցն ընդգրկում է կասետային զինամթերքի օգտագործման, թուրքական և իսրայելական անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) քաղաքացիական օբյեկտների թիրախային ռմբակոծման դեպքերի և ապօրինի այլ մեթոդների կիրառման վերաբերյալ կարևոր ապացույցներ: Ի հավելումն՝ զեկույցը բացահայտում է, թե ինչպես է Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ պատերազմի ընթացքում օգտագործել սիրիական վարձկանների:

Ադրբեջանական կողմը փորձել է թաքցնել հիշյալ հանցագործությունները և խախտումները՝ խոչընդոտելով պատերազմի ընթացքում լրագրողների աշխատանքին: Օրինակ, քաղաքացիական տարածքների վրա անկանոն հարձակումները վտանգներ են առաջացրել լրագրողների համար, իսկ նրանց մի մասն անվտանգության նկատառումներով պարզապես ստիպված է եղել լքել Արցախի տարածքը: Բավարար տեղեկատվություն ունենալով որոշակի տարածքներում լրագրողների ներկայության մասին՝ Ադրբեջանն այնուամենայնիվ հարվածներ է հասցրել բարձր ճշգրտության զենքերով, ինչը վտանգել է բազմաթիվ լրագրողների կյանքը և նրանցից ոմանց համար դարձել հրազենային վիրավորման պատճառ:

Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը հաշվարկված ընտրություն էր: Միջազգային իրավագետ և ՄԱԿ-ի փորձագետ Ալֆրեդ դե Զայասն այն բնորոշել է որպես ագրեսիայի պատերազմ, որի համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է պատասխանատվություն կրի: Սույն զեկույցում փաստագրված պատերազմական հանցագործությունները, ՄՄԻ-ի և մարդու իրավունքների այլ խախտումները պահանջում են միջազգային հանրության հրատապ արձագանքը ոչ միայն հանուն տուժողների համար արդարադատության ապահովման, այլև անպատժելիության վերացման նպատակով, ինչը շարունակվում է անգամ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո: Այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, կիրառում է Արցախի և Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակչությանն ահաբեկող ագրեսիվ և ռազմատենչ մեթոդներ, որոշ չափով նաև Ադրբեջանի գործողություններին միջազգային հանրության ձախողված արձագանքի հետևանք է: Պատասխանատվության բացակայության պարագայում Ալիևի ռեժիմին կհաջողվի «ռազմական լուծումն» օգտագործել որպես ինքնորոշման իրավունքը ճնշելու, էթնիկ զտումներ իրականացնելու և հակամարտության երկարաժամկետ լուծումներն արհամարհելու միջոց:

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՆ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ․ Փաստահավաք զեկույց

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել