ՀՀ վարչական դատարանում դատական գործերի քննությունը արտակարգ դրության պայմաններում

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության համաճարակն ու 2020թ. մարտի 16-ին ՀՀ կառավարության թիվ 298-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունն էական բացասական ազդեցություն են ունեցել ՀՀ վարչական դատարանի բնականոն գործունեության վրա:

Ի ապահովումն  Պարետի 24.03.2020թ. ՀՀ ամբողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ թիվ 15 որոշման կատարման՝ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2020թ. մարտի 24-ի թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշմամբ նախատեսվեց, որ «Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով»: Ավելին, դատավորներին և դատավարության մասնակիցներին առաջարկվեց նախապես համաձայնեցնելով հետաձգել բոլոր դատական նիստերը՝ բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի[1]:  

Այդուամենայնիվ, ՀՀ վարչական դատարանում հեռավար/առցանց եղանակով դատական նիստ անցկացնելու հնարավորությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, ինչպես, օրինակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված դատավարության մասնակիցների հնարավորությունը մասնակցել դատական նիսին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ:

Ըստ ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի տրամադրած տեղեկատվության՝ «ՀՀ վարչական դատարանը տնօրինում է հեռավար/առցանց դատական նիստ անցկացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների, սակայն, հաշվի առնելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ դատական նիստերի անցկացման նման ընթացակարգ, ՀՀ վարչական դատարանում հեռավար/առցանց դատական նիստեր չեն անցկացվել»[2]:

ՀՀ վարչական դատարանում դատական նիստերը հեռավար անցկացնելու ընթացակարգի բացակայության պայմաններում, «2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ընկած ժամանակահատվածում  նշանակված գրեթե բոլոր դատական նիստերը՝ որոշակի բացառություններով, հետաձգվել են կողմերի՝ ազատ տեղաշարժման սահմանափակումների կապակցությամբ» [3]:

Անհրաժեշտ է շեշտել, որ ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ նույն ժամանակահատվածի ընթացքում ՀՀ վարչական դատարանում նշանակված են եղել 4883 դատական նիստեր: Միաժամանակ, հայտարարված արտակարգ դրության ընթացքում և դրանով պայմանավորված՝ միայն 10 գործով է որոշում կայացվել գրավոր ընթացակարգով գործի քննության անցկացման վերաբերյալ, որոնցից  9 դեպքում՝ դատաքննությունը:

ՀՀ վարչական դատարանը տարիներ ի վեր գործում է գերծանրաբեռնվածության պայմաններում: Այսպես, 2017թ. և 2018թ. ընթացքում ՀՀ վարչական դատարանում ստացվել է 23095 և 21719 վարչական գործ համապատասխանաբար[4]: 2019թ. ընթացքում ՀՀ վարչական դատարանում ստացվել է ընդհանուր առմամբ 17977 վարչական գործ, որոնցից վարույթի ընդունումը մերժվել է 1798 գործով, ևս 1044 գործով հայցադիմումը կամ դիմումը վերադարձվել է: 2019թ. ընթացքում վարչական դատարանում գործերից  9541 ավարտվել է, այդ թվում՝ 8304-ով կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Այսինքն, 2019թ. 5572 գործ  փոխանցվել է 2020թ.: Ըստ դատական տեղեկատվական համակարգի տվյալների՝ 2020թ. հունիսի 5-ի դրությամբ ՀՀ վարչական դատարան են ներկայացվել ավելի քան 3400 վարչական գործ:

Նման պայմաններում, ՀՀ վարչական դատարանում երկու և ավելի ամիսների ընթացքում նշանակված գրեթե բոլոր դատական նիստերի հետաձգումները և դատական գործերի կուտակումները հանգեցնելու են ՀՀ վարչական դատարանի և դատավորների ծանրաբեռվածության էական աճի, ինչը կհանգեցնի նաև արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտումների:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է անհետաձգելիորեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ նախատեսելով ՀՀ վարչական դատարանում դատական նիստերի հեռավար՝ հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ անցկացնելու հնարավորությունը և ընթացակարգը:


[1] ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, թիվ 12-Ո-25 որոշում, 24.03.2020թ. http://court.am/hy/decisions-single/530 2020թ. ապրիլի 2-ի թիվ ԲԴԽ-14-Ո-28 որոշմամբ թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշման մեջ կատարված փոփոխությամբ որոշման գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020թ. ապրիլի 12-ը, ժամը՝ 23:59-ը, իսկ արդեն 2020թ. ապրիլի 16-ի թիվ ԲԴԽ-19-Ո-42 որոշմամբ թիվ ԲԴԽ-12-Ո-25 որոշման մեջ կատարված փոփոխությամբ որոշման տեքստից հանվել է դրա գործողության ժամկետը:

[2] ՀՀ վարչական դատարանի աշխատակազմ, թիվ ԴԴ-9-16762/20 գրություն:

[3] ՀՀ վարչական դատարանի աշխատակազմ, թիվ ԴԴ-9-16762/20 գրություն:

[4] ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, Տարեկան հաղորդում, 2019, էջ 59: