Դատարանը պաշտպանել է բռնի տեղահանված երեխաների սոցիալական աջակցության իրավունքը

Արցախից բռնի տեղահանված անձը դիմել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ՝ իր երեք անչափահաս երեխաների սոցիալական աջակցության իրավունքների պաշտպանության համար։ Նրանց շահերը ներկայացրել են ԻՊԱՍ-ի իրավաբան Նինա Հակոբյանը և Տաթևիկ Սիրադեղյանը։

Երեխաներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարները 2024 թ․ հունվարից վճարվել են մասնակի՝ նրանց հոր անվամբ անշարժ գույքի առկայության հիմքով։

Վարչական դատարանը 2025թ․ դեկտեմբերի 10-ի վճռով բավարարել է հայցը, իսկ Միասնական սոցիալական ծառայության վերաքննիչ բողոքը Վերաքննիչ վարչական դատարանի՝ 2026թ․ օգոստոսի 26-ի որոշմամբ մերժվել է և վճիռը թողնվել է անփոփոխ։

Վերաքննիչ վարչական դատարանը կարևոր իրավական դիրքորոշում է արտահայտել՝ նշելով, որ երեխաների հոր անվամբ անշարժ գույքի առկայությունն ինքնին որոշիչ չէ։ Գործում առկա ապացույցներով հաստատված չի եղել, որ հայրը բնակվում է երեխաների հետ, նրանց հետ վարում է համատեղ տնտեսություն և «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է նրանց ընտանիքի անդամ։

Այս որոշումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն երեխաների խախտված իրավունքների վերականգնման, այլև նմանատիպ գործերով վարչական մարմինների և դատարանների կողմից միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորման տեսանկյունից։

INTERESTING POSTS