
Հաղթանակ ՄԻԵԴ-ում՝ «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատներ N 5293/16 և 5295/16) գործերով՝ գտնելով, որ դիմումատուներին ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։
Գործը վերաբերում է 2015 թվականի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից բերման ենթարկված երկու քաղաքացիներին՝ Աբրահամ Աշղյանին և Նարինե Պողոսյանին, ում զրկել են ազատությունից՝ առանց որևէ հանցանք կատարելու հիմնավոր կասկածի առկայության։
ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ցանկացած ազատությունից զրկման դեպք զերծ լինի կամայականությունից և չհակասի Կոնվենցիայի պահանջներին։
Հղում անելով իր նախադեպային իրավունքին, մասնավորապես՝ «Իշխանյանն ընդդեմ Հայաստանի» գործին՝ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ դիմումատուների ձերբակալությունները չեն հիմնվել «հիմնավոր կասկածի» վրա, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների հիմնական նախապայմաններից է։ Դատարանը, հետևաբար, արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
Որպես արդարացի փոխհատուցում՝ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը յուրաքանչյուր դիմումատուի վճարել 2,000 եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ինչպես նաև 250 եվրո՝ դատական և այլ ծախսերի փոխհատուցման նպատակով։
Թեև դեպքերը տեղի են ունեցել շուրջ տասնմեկ տարի առաջ, այս վճիռը կարևոր նշանակություն ունի՝ վերահաստատելով, որ խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ազատությունից զրկման միջոցները չեն կարող կիրառվել առանց բավարար փաստական հիմքերի և հիմնավոր կասկածի առկայության։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում ոչ միայն

Դատավորների կարգապահական պատասխանատվության օրենսդրական կարգավորումների զարգացումը, հիմնախնդիրներն ու պրակտիկ կիրառումը