Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Դատական համակարգում տեղի ունեցածը վեթինգ չէ․ ԻՊԱՍ նախագահը՝ Անդրեասյանի պնդման մասին

Ազատություն ռադիոկայնի հետ զրույցում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության ղեկավար Արաքս Մելքոնյանն անդրադարձել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի պնդմանը, թե Հայաստանում դատավորների վեթինգն 80%-ով իրականություն է։

Մելքոնյանը նկատել է վատ հեղինակություն ունեցող դատավորները մնացին համակարգում, ոմանք նույնիսկ առաջխաղաղում ստացան՝  Մնացական Մարտիրոսյանն այժմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահն է, իսկ Երվանդ Խունդկարյանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր։

Դատական համակարգի փոփոխություններն ուսումնասիրած Մելքոնյանը կարծում է՝ Հայաստանում տեղի ունեցածն իրականում վեթինգ չէ. – «Պետք է լիներ մեկանգամյա գործիք առանց որևէ ժամկետային սահմանափակումների, հստակ օրենսդրական կարգավորումներով, որ այդպես էլ մենք չունեցանք, սահմանադրական հստակ մարմնի կողմից իրականացվող, անկախ այն չափանիշներով, որին պետք էր հետևել, և իհարկե, պետք է ունենար դատավորը նաև վերաքննության հնարավորություն։ Սա մենք չունենք, և այդ բարեվարքության գնահատումը վեթինգ կոչվել չի կարող»։

Վեթինգի պետք է ենթարկվեին բոլոր դատավորները, և եթե նրանք բացասական գնահատական ստանան, պետք է ազատվեին պաշտոնից, ասում է Մելքոնյանը։ Մինչդեռ օրենքով այդ ստուգումն անցնում են դատավորների թեկնածուները կամ առաջխաղացման հայտ ներկայացրածները։ Նման հայտ չներկայացրած դատավորը մնում է լուսանցքում, ասում է Մելքոնյանը, ընդ որում՝ եթե առաջխաղացման հայտ ներկայացրած դատավորը բարեվարքության բացասական եզրակացություն է ստանում ու առաջխաղացում չի ունենում, նա, միևնույն է, շարունակում է պաշտոնավարել։

Նույն կերպ, բացասական բարեվարքության եզրակացություն ստացածները համալրում կամ ընտրվում են դատավորի պաշտոնում։ Օրինակ՝ միայն այս տարի հատուկ կարգով ընտրված առաջին ատյանի դատավորների 28 թեկնածուներից 3-ը բարեվարքության բացասական եզրակացություն են ստացել, բայց ընտրվել են դատավորի պաշտոնում նույն ԲԴԽ-ի կողմից։

«Մենք ունենք Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, ով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր և ընդամենը ընտրությունից մեկ-երկու շաբաթ առաջ էր դուրս եկել կուսակցությունից։ Մենք ունենք առաջին ատյանի դատարանում այս տարի ընտրված դատավորներ, որ դարձյալ ՔՊ անդամ էր, կամ մեկ այլ դատավոր էլ շատ խիստ … ուներ այլ կուսակցության հետ», – ասաց նա։

Մելքոնյանը նաև այլ օրինակ է բերում՝ գործող որոշ դատավորներ, նախքան այս պաշտոնը ստանձնելը, իշխողի ուժի թիմից էին, աչք ծակող օրինակը հենց վեթինգը կայացած համարող Կարեն Անդրեասյանն է, որը Փաշինյանի կաբինետում զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը։

Մանրամասները՝ տեսանյութում։

INTERESTING POSTS