Տարեկան հաշվետվություն 2024
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2024 թ․-ի գործունեության
Պարտադիր հաշտարարության կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքերում հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը սահմանելու, մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը և կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ Օրենքով մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտարարության իրականացման մինչև երկու ժամի դիմաց հաշտարարին վարձատրության դրույքաչափը սահմանել յուրաքանչյուր մեկ ժամի դիմաց 10.000 ՀՀ դրամի չափով:
Իսկ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարության իրականացման վարձատրության դրույքաչափը սահմանել յուրաքանչյուր մեկ ժամի դիմաց 10.000 ՀՀ դրամի չափով: Գործող քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատավարության ընթացքում Դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքը:
Մասնավորապես՝ գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը: 16.11.2022թ. ՀՕ-436-Ն օրենքով Քաղաքացիական դատավարության օրենսգրքից վերացվել է 167-րդ հոդվածով սահմանված՝ անվճար հաշտարարություն սահմանող նորմը: Օրենքն ուժի մեջ է մտել 26.12.2022թ.-ին:
Նույն նախագծի համաձայն՝ եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն, և հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջև նույն առարկայի մասին և նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում, և հայցվորը օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա հայցը մերժվելու կամ մասնակի բավարարվելու դեպքում հայցվորին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից` Կառավարության սահմանած չափով և կարգով՝ մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար /«Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան/։
Մյուս կողմից «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ «եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարությունն անվճարունակ ֆիզիկական անձանց համար անվճար է»: Այս առումով հարկ է նկատել, որ Ա) Նախագիծը նախատեսում է հաշտարարության համար սահմանված վճարը վճարելու մասով արտոնություններ միայն այն դեպքերի համար, երբ մինչև դատարան դիմելը հաշտարարին դիմելը պարտադիր է (գործող օրենսդրությամբ նման դեպքերը բացակայում են), սակայն չի ներառում այն իրավիճակները, երբ Դատարանն է իր նախաձեռնությամբ նշանակել հաշտարարություն՝ Քաղաքացական դատավարության 167-րդ հոդվածին համահունչ, ինչն անտրամաբանական է և ավելորդ բեռ է հանդիսանում դատարան դիմող հայցվորների համար (անձը, դիմելով դատարան, մոտավոր պատկերացում ունի իր կողմից վճարվելիք պետական տուրքերի մասին, սակայն եթե Դատարանի նախաձեռնությամբ գործով նշանակվի հաշտարարություն, անձը ստիպված է լինելու վճարել նաև հաշտարարության ժամավճարը):
Ուստի անհրաժեշտ է վերականգնել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167- րդ հոդվածի դրույթը, որը նախատեսում էր դատարանի նախաձեռնությամբ անցկացվող հաշտարարությունն իրականացնել անվճար, կամ առնվազն նախագծով սահմանվող՝ հաշտարարության համար սահմանվող վճարի փոխհատուցման կարգավորումները տարածել նաև այն դեպքերի վրա, երբ հաշտարարությունը նշանակվել է գործի քննության ընթացքում՝ Դատարանի նախաձեռնությամբ: Բ) Արտոնությունը նախատեսվում է տարածել այն անձանց վրա, ովքեր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ազատված են դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրք վճարելու պարտականությունից: Այսպես, օրինակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատվում են … 2) հայցվորները` ալիմենտի գանձման, ալիմենտի չափի ավելացման, ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու, ալիմենտը ժամանակին չվճարելու համար տուգանք բռնագանձելու կամ ալիմենտային պարտավորությունների ուշացմամբ պատճառված վնասների հատուցման վերաբերյալ հայցերով…»:
Ստացվում է, որ նախատեսվող կարգավորումները չեն նախատեսում հնարավորությունը, օրինակ՝ ընտանեկան բոլոր վեճերով հաշտարարություն նախատեսվելու դեպքում՝ դատարանի նախաձեռնությամբ կամ ըստ նախագծի՝ մինչև դատարան դիմելը, հաշտարարությունն անցկացնել անվճար կամ հատուցել կատարված վճարումները, այլ միայն մի մասով, որքանով արտոնություններ է սահմանում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը: Այնինչ Եվրոպայի խորհրդի անդամ օտարերկրյա տարբեր պետություններում ընդունված պրակտիկայի համաձայն՝ ընտանեկան վեճերով հաշտարարության ծրագրերի իրագործման համար նախատեսվում է քիչ, թե շատ լայն պետական ֆինանսավորում՝ ամուսնական զույգերին տրամադրելով անվճար հաշտարարության մասնակցության հնարավորություն, որի նպատակը, ի թիվս այլնի, հիմնական նպատակը կողմերին հաշտարարարության ընթացակարգին, դրա առավելություններին ծանոթացնելն է, ինչպես նաև գնահատելը՝ արդյո′ք վեճը հանդիսանում է հաշտարարության առարկա (տե՛ս, օրինակ, Անլգլիայի, Դանիայի, Իռլանդիայի փորձը): Ինչը նաև տրամաբանական է, հաշվի առնելով, որ անձը չպետք է կրի Դատարանի որոշմամբ սահմանված գործողությունների բացասական ռիսկը՝ հաշվի առնելով, նաև այն, որ հաշտության եզրեր չգտնելով, դիմել է դատարան՝ վեճին դատական լուծում տալու նպատակով:
Ուստի առաջարկում ենք հաշտարարության համար սահմանվող վճարի փոխհատուցման հնարավորությունը տարածել ավելի լայն շրջանակի, օրինակ, ընտանեկան հարցերին վերաբերող բոլոր վեճերի վրա՝ ընտանեկան իրաահարաբերություններից բխող վեճերի կարգավորմանը նպաստելու նպատակով: Գ) Պարտադիր հաշտարարության նախատեսված ժամաքանակը (մինչև 2 ժամ, կամ 2-4 ժամ՝ Դատարանի կողմից նշանակվելու դեպքում) և դրա համար սահմանվող ժամավճարը (10.000 ՀՀ դրամ) անհամաչափ ծանր բեռ կարող են հանդիսանալ անձանց համար («Հաշտարարության մասին» ՀՀ օրենքի իմաստով վճարունակ համարվող անձանց եկամուտի գրեթե 25 տոկոսը), իսկ այդ ժամանակահատվածը փաստացի բավարար չէ հաշտության եզրեր գտնելու համար, իսկ նման բեռի պայմաններում կողմերը շահագրգռված չեն լինի շարունակելու հաշտարարության գործընթացը (հատկապես այն դեպքում, երբ, պատասխանողը հաշտարարության վճարը մասնակի վճարելուց ազատված չէ), այլ կպահպանեն միայն նվազագույն ժամաքանակը, ինչի արդյունքում նաև հաշտարարություն սահմանելու դրույթը չի ծառայի իր նպատակին:
Ուստի առաջարկում ենք վերանայել մինչև դատարան դիմելը և դատարանի կողմից նշանակվող հաշտարարության պարտադիր ժամերի քանակը և պարտադիր նվազեցնել դատարանի կողմից սահմանվող կամ մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության վճարի չափը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2024 թ․-ի գործունեության
ԻՊԱՍ-ը և գործընկեր հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել Իրավական
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը միջազգային
«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին