Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ոչ համարժեք միջազգային արձագանքը ճանապարհ է հարթել այլ երկրներում դրանց կրկնության համար․ ԻՊԱՍ փորձագետ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից կազմակերպված «Խոշտանգումը և մարդասիրական ու մարդու իրավունքների կոպիտ այլ խախտումները» թեմայով Մարդկային չափման հարցերով համաժողովի ընթացքում ծավալուն ելույթներով անդրադարձել է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրներին, ինչպես նաև ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և 2022-ի սեպտեմբերին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումները։  

Մելիքյանը նախ շեշտել է, որ 1949 թվականի Ժնևի կոնվենցիայով պետությունները պարտավորվել են հարգել մարդասիրական իրավունքի նորմերը և ապահովել դրանց հարգանքը։ Ուստի բոլոր պետությունները, ինչպես նաև համապատասխան մանդատ ունեցող միջազգային կազմակերպությունները, իրավապաշտպան կազմակերպությունները պարտավորվել են  արձագանքել Կոնվենցիայի կոպիտ խախտումների մասին հաղորդումներին՝  անկախ քաղաքական նպատակահարմարությունից։ 

«Ընտրողական մոտեցումը ոչ միայն ստեղծում է անարդարության ուժեղ զգացում զոհերի շրջանում, այլ նաև ստվերում է ուժի կիրառման, պատերազմական հանցագործությունների և խոշտանգումների բացարձակ և համընդհանուր արգելքի գաղափարը։ Լռությունը, պատերազմական զազրելի հանցագործությունների համարժեք դատապարտման բացակայությունը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի զինվորականների կատարած գործողությունների շուրջ ճանապարհ են հարթել այլ երկրներում նմանատիպ պատերազմական հանցագործությունների համար», – նշել է Մելիքյանը։ 

Մելիքյանը նշել է, որ 2020 թվականի աշնանը, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ արձանագրել է մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների հարյուրավոր դեպքեր՝ պատերազմական հանցագործություններ՝ քաղաքացիական անձանց գլխատումներ, խոշտանգումներ, ռազմագերիների մահապատժի ենթարկելը, արդար դատավարության իրավունքի խախտում, քաղաքացիական անձանց կամայական կալանավորում, բռնի անհետացում, քաղաքացիական օբյեկտների թիրախավորում, կասետային զինամթերքի կիրառում և այլն: 

«Ավելին, առ այսօր տասնյակ հայ ռազմագերիներ շարունակում են պատանդ մնալ Ադրբեջանում շինծու դատավարությունների արդյունքում։ Գերիները փաստացի պահվում նե որպես պատանդ, դիտարկվում են  որպես սակարկությունների առարկա Հայաստանից զիջումներ կորզելու նպատակով», – ասել է Մելիքյանը։   

Համաժողովի ընթացքում իր մեկ այլ  ելույթում ԻՊԱՍ փորձագետն անդրադարձել է նաև 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիային և դրա ընթացքում հայ զինծառայողների ու քաղաքացիականների հանդեպ կատարված պատերազմական հանցագործություններին։ 

Վկայակոչելով ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի խմբի վերջին զեկույցը, որում  ներառվել են հայ գերիների և խաղաղ բնակիչների սպանությունների, ինչպես նաև հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, ադրբեջանական զինուժի կողմից զոհված հայ զինվորների, այդ թվում՝ կանանց մարմինների պղծման դեպքերը, Մելիքյանը շեշտել է՝ ադրբեջանական կողմի բոլոր այդ հանցագործությունները ևս շարունակում են մնալ անպատիժ։ 

«2022 թվականի սեպտեմբերի 17-ին հրապարակային հայտարարության մեջ Ադրբեջանի դատախազը պարտավորվել է  հետաքննություն իրականացնել այս մեղադրանքների վերաբերյալ:  Ադրբեջանի իշխանությունները  պնդում են, թե արդեն իրականացնում են այն,  սակայն առ այս պահը որևէ արդյունք չի արձանագրվել՝ հատկապես մահապատիժների մասով», – ասել է Մելիքյանը։

Նա հարց ուղղելով Ադրբեջանի պատվիրակությանն ասել է, որ տարիներ շարունակ բոլոր ամբիոններում վերջիններս նմանատիպ սին հայտարարություններով են հանդես գալիս։

«Արդյո՞ք հնարավոր չէ նույնականացնել այն կատարողներին, որոնց դեմքերը, համազգեստը, նույնականացման այլ հիմքերը ակնհայտ երևում են իրենց իսկ կողմից նկարահանված տեսանյութերում», – նա հարց է ուղղել Ադրբեջանի պատվիրակությանը։

ԻՊԱՍ փորձագետը շեշտել է՝ ինչպես 2016 և 2020 թվականներին հայ գերիների նկատմամբ նման հանցագործություններ կատարողների դեպքում, երբ տարածված  տեսանյութերում հստակ երևում են հանցագործների դեմքերը, այնպես էլ սեպտեմբերյան ագրեսիայի դեպքում հանցագործները մնում են բացարձակապես անպատիժ, քանի որ նման արարքներն ընդդեմ հայերի վայելում են Ադրբեջանի ամենաբարձր պետական հովանավորությունը։ Ուստի կարևոր է, որ այլ պետություններ գործարկեն համընդհանուր իրավազորության գործիքները, ինչպես նաև բոլոր միջոցներով աջակցեն մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների որոշումների ի կատար ածվելուն, այդ թվում՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումների և վճիռների։

Մելիքյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ անունից ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին կոչ է արել․ 

  • մշակել և առաջարկել մասնակից պետություններին՝ պատերազմական հանցագործությունների հետաքննության վերաբերյա վերապատրաստման դասընթաց՝ Իրավապահ մարմինների համար ատելության հողի վրա հանցագործությունների դեմ ուղղված ուսուցման  (TAHCLE) և Դատախազների ատելության հողի վրա հանցագործությունների ուսուցման  (PAHCT) օրինակներով  
  • առավել հետևողական  արձագանքել մարդու իրավունքների ոտնահարման և պատերազմական հանցագործությունների հիմնավոր մեղադրանքներին ԵԱՀԿ տարածաշրջանում շարունակվող բոլոր զինված հակամարտությունների համատեքստում 

Մասնակից պետություններին առաջարկվել է  

• ակտիվացնել ԵԱՀԿ “Մոսկվայի մեխանիզմը” ՀՀ-ում և Լեռնային Ղարաբաղում՝ արձանագրելու խախտումները՝ ապահովելով արդարադատության մատչելիությունը և պատասխանատվության ենթարկումը, 

• օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ նպաստելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից տրված պարտադիր բնույթի միջանկյալ միջոցները՝ ներառյալ խոշտանգումների կանխումը, մարդկանց, ապրանքների և առևտրային բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով 

• օգտագործել լծակներ՝ ապահովելու Ադրբեջանում կամայականորեն պահվող հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման համար 

 • կիրառել անհատական ​​պատժամիջոցներ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ՝  ներառյալ պատերազմական հանցագործություններ, իրականացնող ադրբեջանցիների նկատմամբ։ 

Ելույթներն ամբողջությամբ՝ ստորև։

INTERESTING POSTS