ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
Հոկտեմբերի 6-ին Վարշավայում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով համաժողովի (Human Dimension Conference) շրջանակում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020թ․-ի Արցախյան պատերազմից հետո» թեմայով քննարկումը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը քննարկման ընթացքում ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի իրագործած պատերազմական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն եւ համակարգային բնույթ կրող խախտումները։
«Ադրբեջանի զինծառայողների կողմից կատարված պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և զինծառայողների արտադատական սպանությունները, կենդանի անձանց գլխատումները և խոշտանգումները միմյանցից անջատ հանցագործություններ չեն, այլ Ադրբեջանում պետության կողմից հովանավորվող հայատյացության, անպատժելիության և հերոսացման մթնոլորտի հետևանք են», – իր ելույթում շեշտել է Հ․ Հարությունյանը։
Հ․ Հարությունյանը շեշտել է, որ ադրբեջանցի զինծառայողների բազմիցս տեսագրել են իրենց վայրագությունները հայ զինծառայողների և քաղաքացիականների հանդեպ, ապա ուղարկել այդ տեսագրությունները զոհերի հարազատներին ու տարածել սոցիալական ցանցերում։
«Ռազմական հանցագործություններ պատկերող տեսանյութերի քանակը, դրանցում ադրբեջանցի զինծառայողների մասնակցությունը վկայում են այն մասին, որ վերջիններս իրենց հանցանքների համար արդարադատության առջև կանգնելու մտավախություն չունեն», – իր ելույթում շեշտել է Հարությունյանը՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի որևէ բարձրաստիճան հանրային կամ ռազմական գործիչ երբևէ չի քննադատել ադրբեջանցի զինծառայողների այս հանցավոր գործողությունները։
Հասմիկ Հարությունյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում քաղաքացիական անձանց սպանություններին, խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դրսեւորումներին:
«Ադրբեջանցի զինծառայողների կողմից սպանված քաղաքացիակ անձանց ընդհանուր թիվը 48 է։ Նրանց մեծ մասը հիմնականում ծերեր են, որոնք սպանվել են առանձնակի դաժանությամբ: Սպանվածների մեծ մասը չեն լքել իրենց բնակավայրերը, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ», – ասել է Հարությունյանը՝ նշելով, որ նրանց թվում եղել են նաև կանայք և հաշմանդամություն ունեցող անձինք։
ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետը շեշտել է՝ քաղաքացիական անձանց սպանությունների դաժան մեթոդները կրկին վկայում են Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության բարձր մակարդակի մասին, որն այդ երկրում պետականորեն վարվող արմենոֆոբիայի քաղաքականության հետևանք է։ Իսկ նման տեսանյութերի պարբերական տարածումը հայ հասարակության շրջանում վախի եւ սարսափի մթնոլորտ ձևավորելուն ուղղված համակարգված արշավ է:
Հ. Հարությունյանը խոսքը եզրափակել է միջազգային համապատասխան մարմիններին ուղղված առաջարկություններով՝ կատարված հանցագործություններին պատշաճ իրավական գնահատական տալու, պատասխանատվության ենթարկելու եւ նման խախտումները հետագայում կանխելու ուղղությամբ:
Միջոցառումը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ։
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության