Գումար վճարելու պայմանով կարճաժամկետ պարտադիր զինծառայության հնարավորությունը՝ խտրական
24.08.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից քննարկման է ներկայացվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։
Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։
Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող նշված իրավակարգավորումն իրավաչափ չէ Սահմանադրությամբ 28-րդ և 29-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների տեսանկյունից։
Հասկանալի է, որ զինվորական ծառայությունը ընդհանրապես և ուսումնական կարճաժամկետ փուլից հետո ենթադրվող հնարավոր սահմանապահ ծառայության իրականացումը մասնավորապես հղի են զինծառայողի կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով։
Այս իրողության համատեքստում նշված իրավակարգավորման ընդունման պարագայում առավել վտանգավոր պայմաններում (ուսումնական փուլին հաջորդող) զինծառայություն իրականացնելու քաղաքացու պարտականությունը առկախվում է բացառապես նրա կամ ավելի հաճախ նրա ընտանիքի գույքային դրությունից։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացին, կախված գույքային կարողությունից, կստանա կամ չի ստանա հնարավորություն՝ նվազեցնելու իր կյանքի և առողջության հիմնարար իրավունքներին սպառնացող վտանգները։
Նման պայմաններում ստեղծվում է իրավիճակ, երբ, օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված, չհիմնավորված տարբերակում է դրվում միևնույն կարգավիճակ (զինապարտության) ունեցող անձանց միջև, ինչը ենթակա է որակման որպես պետության կողմից իր քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման դրսևորում։ Այս մոտեցումը նաև անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակությունում սոցիալական արդարության և դրա ընկալման նվազմանը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացմանը՝ իր բոլոր հետևանքներով, այդ թվում՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքների/հնարավորությունների տեսանկյունից։
Հիմք ընդունելով նշված դիտարկումները՝ առաջարկում ենք խնդրո առարկա իրավակարգավորումը հանել նախագծի տեքստից։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և