Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատումը սահմանված մարդասիրության սկզբունք է, որը չպետք է խախտվի

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը դեռևս 2017թ.-ի դեկտեմբերին հաշվետվություններով դիմել էր ՀՀ Արդարադատության նախարարություն՝ առաջարկելով քննարկել կին դատապարտյալներ Վ.Խ.-ի և  և Ա. Ա.-ին ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատելու հարցը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://pmg.am/index.php/hy/news/successful-cases/417-2018-01-17-11-34-12:

Դիտորդների խմբի գրություններին ի պատասխան՝ ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ նշված հիվանդությունների ախտահարման աստիճանը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թ.-ի որոշմամբ հաստատված ընդգրկված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին: 2018թ.-ի հունվարի 17-ին  ՀՀ ԱՆ «Աբովյան»  ՔԿՀ կատարած այցելության ժամանակ Դիտորդների խումբը տեղեկացել է, որ Ա.Ա.-ն մահացել է, իսկ Վ. Խ.-ն գտնվում է քաղաքացիական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Դիտորդների խումբը իր խորը մտահոգությունն է հայտնում նշված անձանց վերաբերյալ տրված բժշկական եզրակացությունների կապակցությամբ: Ա.Ա.-ի մահը և Վ.Խ.-ի վերակենդանացման բաժանմունքում գտնվելը Խմբի անդամների մոտ համոզմունք են ձևավորել առ այն, որ նրանց վերաբերյալ տրված բժշկական եզրակացությունները եղել են մեղմացված և չեն համապատասխանել հիվանդության ծանրության իրական աստիճանին: Ա. Ա.-ի  ՝ քրեակատարողական հիմնարկում մահանալու պատասխանատվությունը կրում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը և ՀՀ Արդարադատության նախարարությունը:  Վերոգրյալի հիման վրա Դիտորդների խումբը 2018 թ.-ի հունվարի 19-ին գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ առաջարկելով  նշված գործերով նախաձեռնել քննություն ստեղծված իրավիճակի համար պատասխանատու անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության բժշկական աշխատանքային հանձնաժողովը ուսումնասիրել է Ա.Ա.-ի և Վ.Խ.-ի բժշկական փաստաթղթերը, և 2018 թ.-ի փետվարի 13-ին Դիտորդների խումբը ստացել է ՀՀ արդարադատության նախարարության պատասխան գրությունը, որտեղ նշված են դատապարտյալների մոտ ախտորոշված բոլոր հիվանդությունները: Գրության մեջ դարձյալ նշված է, որ  դատապարտյալների հիվանդությունների ախտահարման աստիճանը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թ.-ի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ հաստատված հավելված 2-ում ընդգրկված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին:

Ա.Ա.-ի մահանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ըստ ենթակայության՝ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու հիմքը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված մարդասիրության սկզբունքի դրսևորումներից է: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկում պատժի կատարման և կրման կարգի պահպանումը, նշանակված պատժի  կրման հետ կապված պարտականությունների կատարումը ծանր հիվանդությամբ հիվանդացած անձի համար կարող է դառնալ անհնարին, իսկ որոշ դեպքերում նաև տվյալ դատապարտյալի կյանքի և առողջության համար վտանգավոր:

Նման դեպքերում նշանակված պատժի կրումը դատապարտյալին պատճառում է ֆիզիկական և հոգեկան տառապանքներ, նվաստացնում նրաարժանապատվությունը, ինչն անթույլատրելի է ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրվածսկզբունքների տեսանկյունից:

Եվրոպական դատարանն ընդունել է, որ քրեակատարողական համակարգի բժշկական մասերի միջոցները սկզբունքորեն սահմանափակ են քաղաքացիական հիվանդանոցների միջոցների համեմատությամբ:  Ծանր հիվանդ անձի ազատազրկումը Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխանելու հարցը քննարկելիս Եվրոպական դատարանը հաշվի է առնում տարբեր հանգամանքներ, որոնք են.

– անձի առողջական վիճակի տեսանկյունից նրա կալանքի տակ գտնվելու նպատակահարմարությունը,

– անձի առողջական վիճակի դինամիկան,

– ծանր հիվանդ անձի առողջական վիճակի վատթարացման դեպքում նրան պատժից պայմանական ազատելու կամ այն պայմանականորեն չկիրառելու հնարավորությունը,

– անձի վարքագիծը (այն է՝ բժիշկների հետ համագործակցելուց նրա շարունակաբար հրաժարվելը)

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

INTERESTING POSTS

ՀՀ քննչական կոմիտեն ԻՊԱՍ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ

Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է