Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը հանրային պաշտպանության համատեքստում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2011թ. հուլիսից մինչև 2012թ. մարտն իրականացրեց «Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը հանրային պաշտպանության համատեքստում» ծրագիրը՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության օժանդակությամբ՝ նպատակ ունենալով խթանելու Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացումը ՀՀ-ում: Ծրագրի նպատակն, այսպիսով, երկու հիմնական ենթանպատակներից է բաղկացած՝ հետազոտական և փոփոխության:

Ծրագրի հիմնական խնդիրները հետևյալներն էին.

• Իրականացնել հետազոտություն` պաշտպանության իրավունքի հիմնախնդիրների ուսումնասիրության և հանրային պաշտպանների կարիքների գնահատման համար:

• Ուսումնասիրության արդյունքների հիման վրա հանդես գալ ՀՀ-ում պաշտպանության իրավունքի իրացման որակի և հանրային պաշտպանի ինստիտուտի գործառնության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներով:

Ծրագրի առաջին՝ հետազոտական խնդրից բխող առավել կոնկրետ խնդիրներն էին.

1. Գնահատել դատարանում պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը` համաձայն չափանիշերի նախապես մշակված համակարգի:
2. Գնահատել դատարանում պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը միջազգային չափանիշների լույսի ներքո:
3. Բացահայտել և դասակարգել դատարանում պաշտպանության իրավունքի լիարժեք և համակողմանի իրացման հնարավոր խոչընդոտները:
4. Ուսումնասիրել դատարանում պաշտպանության իրավունքի իրացման որակի ու արդյունավետության կապը մինչդատական վարույթի ընթացքում պաշտպանության որակի և արդյունավետության հետ:
5. Բացահայտել դատարանում պաշտպանության իրավունքի իրացման որակի ու արդյունավետության բարելավման հնարավոր ուղիները:
6. Գնահատել դատավարության մասնակիցների կարիքները` կապված պաշտպանության իրավունքի իրացման հետ:

Թե′ ծրագրի գլխավոր նպատակը, թե′ խնդիրները դիտարկվել են առավելապես հանրային պաշտպանության համատեքստում: Խնդիրների մի մասը որակական, մյուս մասը քանակական չափման է ենթարկվել: Մի շարք դեպքերում երկու մեթոդները համադրվել են:

Ուսումնասիրությունն իրականացվել է դատական գործերի մոնիթորինգի միջոցով, ինչի համար ընտրվել են մի քանի տասնյակ ներկայացուցչական դեպքեր: Դիտարկվել են բուն դատաքննության ընթացքում պաշտպանի գործողություններն ու փոխհամագործակցությունը իր պաշտպանյալի և դատավարության այլ կողմերի հետ: Անմիջական դիտարկմանն անհասանելի իրավիճակների (օրինակ` նախաքննության փուլի) վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է պաշտպանների, ամբաստանյալների, դատախազների, դատավորների և այլ, գործին առնչություն ունեցող անձանց հետ անցկացված անհատական հարցազրույցների միջոցով: Իրականացվել են նաև փորձագիտական հարցազրույցներ` հիմնախնդիրների վերաբերյալ մասնագիտական կարծիքների և առաջարկների բացահայտման նպատակով: Փաստաթղթերի վերլուծության մեթոդը թույլ է տվել վերլուծել պաշտպանության որակն ու արդյունավետությունը` միմյանց համադրելով իրականացված կոնկրետ գործողություններն ու դրանց հետևանքով ստացված արդյունքները:

Հանրային պաշտպանության ինստիտուտի հիմնախնդիրների բացահայտման նպատակով իրականացվել է հանրային պաշտպանների կարիքների գնահատման հետազոտություն` անհատական հարցազրույցների միջոցով:

Փորձագիտական հարցազրույցներում ներգրավվել են ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ, փաստաբաններ (այդ թվում՝ հանրային պաշտպաններ) և քրեական իրավունքի ոլորտի փորձագետներ (գիտնականներ, դասախոսներ):

Վերլուծության մեջ օգտագործվել են 176 դիտարկված քրեական գործերի տվյալները, որոնցում ընդգրկված են եղել 268 ամբաստանյալ: Դիտարկված գործերով ներկայացվել է 49 Վերաքննիչ բողոք, որոնց բոլորի քննությունն էլ դիտարկման է ենթարկվել:

Պաշտպանության իրավունքի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով 23 փորձագիտական հարցազրույցներ են անցկացվել:
Կատարված դիտարկումները թույլ են տալիս վեր հանել հանցագործության մեջ մեղադրվող անձի պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սահմանափակումները և խախտումները:

Մասնավորապես, ցածր է հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց՝ իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը: Այս առումով խոցելի են կասկածյալի կարգավիճակում գտնվող անձինք: Պրակտիկայում կասկածյալների և մեղադրյալների իրավունքների պարզաբանում վարույթն իրականացնող մարմինների կողմից պատշաճորեն չի իրականացվում: Նման պայմաններում առաջնահերթ խնդիրն է լռելու և իր դեմ ցուցմունք չտալու և պաշտպան ունենալու իրավունքների վերաբերյալ իրազեկման բացակայությունը, ինչի պատճառով վարույթի սկզբնական փուլում պաշտպան չի ներգրավվում և հենց այդ փուլում առանց պաշտպանի մասնակցության ձեռք են բերվում ինքնախոստովանական ցուցմունքներ, որոնք հետագայում դրվում են մեղադրական դատավճռի հիմքում, քանի որ դրանք հերքելու հնարավորությունները նվազում են դատաքննության փուլում, իսկ դրանք հերքող ապացույցների ներկայացումը դատարանները դիտարկում են որպես ամբաստանյալի կողմից պատասխանատվությունից խուսափելու միջոց:
Խնդրահարույց է վարույթի նախնական շրջանում որպես վկա հարցաքննվող անձանց իրավունքների պաշտպանվածությունը: Ցուցմունք տալուց հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքով վկաները իրականում փաստացիորեն հարցաքննվում են կասկածյալի կարգավիճակում: Վկայի կարգավիճակում ստացված և սեփական մեղքը հաստատող ցուցմունքները դրվում են մեղադրանքի հիմքում: Դատական քննության ընթացքում ևս ամբաստանյալի իրավունքների պարզաբանումը կրում է ձևական բնույթ:

Սեփական իրավունքների վերաբերյալ իրազեկվածության ցածր մակարդակը նախնական քննության ընթացքում հնարավոր բռնությունների վերաբերյալ ուշ հայտնելու պատճառ է հանդիսանում, երբ բռնության հնարավոր հետքերն արդեն պահպանված չէին կարող լինել, իսկ դատարանում ամբաստանյալների կողմից արված հայտարարությունները նախաքննության ժամանակ իրենց նկատմամբ գործադրված բռնությունների վերաբերյալ դատավորների կողմից դիտարկվում է որպես պատասխանատվությունից խուսափելու միջոց:
Դիտարկման արդյունքները փաստում են, որ քրեական վարույթի ընթացքում շարունակվում է բարձր մնալ կալանավորման կիրառման ցուցանիշը: Մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալի նկատմամբ կալանավորումը կիրառվում է նաև որպես ճնշման միջոց՝ մեղքը չընդունելու և ցուցմունք տալուց հրաժարվելու դեպքերում:

Քրեական վարույթի նախնական քննության ընթացքում մեծ թիվ են կազմում առանց պաշտպանի մեղադրյալները: Պաշտպանից հրաժարվելու պատճառները տարբեր են: Ինչպես դիտարկումների, այնպես էլ փորձագետների հետ հարցազրույցների արդյունքները փաստում են, որ քրեական գործով նախնական քննության ընթացքում պաշտպանի, հատկապես հանրային պաշտպանի ծառայություններից հրաժարվում են վարույթն իրականացնող մարմնի հորդորով: Մեղադրյալները հանրային պաշտպանների ծառայություններից հրաժարվում են նաև նրանց մատուցած ծառայությունների որակի նկատմամբ անվստահության պատճառով, ի դեմս պաշտպանի՝ խնդիրներից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, մասնավոր փաստաբանի ծառայություններից օգտվելու հնարավորության առաջացման դեպքերում:

Ակտուալ է նաև փաստաբանների անկախության հարցը, քանի որ պրակտիկայում ակնհայտ է պաշտպանների համագործակցությունը վարույթն իրականացնող մարմինների հետ՝ հաճախ նաև ի վնաս պաշտպանյալի շահերի:
Դատական քննության ընթացքում խախտվում է ամբաստանյալների անմեղության կանխավարկածը: Դատարանների կողմից դրսևորած վարքագիծը սովորաբար ակնհայտ մեղադրական է լինում:

Դատական դիտարկումների արդյունքների վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել դատարանում վկաների ներկայության ապահովման դժվարությունները, ինչով խախտվում է ամբաստանյալի իրավունքը՝ հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված անձանց: Քրեական վարույթին ներգրավված անձանց նկատմամբ ճնշումներ տեղի են ունենում ինչպես նախնական քննության, այնպես էլ դատական քննության ընթացքում: Դիտարկումների ընթացքում արձանագրվել են նաև վկաների նկատմամբ ճնշումներ:

Դատարանում հիմնականում ուսումնասիրվում են մեղադրական ապացույցները: Պաշտպանության կողմի ներկայացված ապացույցները պատշաճ հետազոտության չեն արժանանում, որի արդյունքում դրանք չեն դրվում դատավճռի հիմքում:

Հետազոտության արդյունքները թույլ են տալիս փաստել, որ դատարանների կողմից առավելապես չի պարզվում արագացված կարգով դատական քննություն անցկացնելու միջնորդության համար առկա պահանջների պահպանումը:

Իրենց պաշտպանյալներին արագացված կարգի առանձնահատկությունները ներկայացնելիս պաշտպանները շեշտը դնում են հիմնականում արագացված կարգով դատական քննության ընթացակարգի դրական հատկանիշների վրա՝ գայթակղելով թեթև պատիժ նշանակելու կամ նույնիսկ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հնարավորությամբ, քանի որ դրանով պաշտպանը ստիպված չի լինում ամբողջությամբ ու խորն ուսումնասիրել քրեական գործը՝ պատրաստվելու ամբաստանյալի պատշաճ պաշտպանությանը:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել