«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումները» խորագրով հանրային քննարկում

2022թ. հունիսի 29-ին  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի համագործակցությամբ իրականացրեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումները» խորագրով հանրային քննարկում։

Հանրային քննարկման նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կառավարման ձևի, իշխանությունների բաժանման և փոխզսպիչների համակարգի, ինչպես նաև դատական իշխանության սահմանադրական երաշխիքների հարցերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների ընթացքը:

Հանրային քննարկման շրջանակներում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանի և իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի կողմից ներկայացվեցին նշված հարցերի վերաբերյալ կազմակերպության ուսումնասիրության արդյունքները: Քննարկման շրջանակներում բարձրացված հարցերի և արձանագրված խնդիրների վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտացված հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանը, ով հույս հայտնեց, որ այժմ երկրում ընթացող  սահմանադրական փոփոխություններին ուղղված գործընթացը կլինի ավելի մասնակցային, և հանրությունը իսկապես հնարավորություն կունենա ներգրավված լինելու և ներկայացնելու առաջարկություններ։

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանը իր խոսքում նշեց, որ2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններով խորհրդարանական կառավարման կարգի պարագայում իշխանությունների բաժանման և փոխզսպման սկզբունքի ապահովման տեսանկյունից առկա են լուրջ խնդիրներ: Սահմանադրությամբ առաջին անգամ նախատեսվեց խորհրդարանական կայուն մեծամասնության դրույթը, ինչը նշանակում է, որ մեկ քաղաքական կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք խորհրդարանում միակ և որոշիչ դերակատարություն է ունենում, ունակ միանձնյա կայացնել պետության համար էական նշանակություն ունեցող որոշումներ, այդ թվում՝ միաձայն ընտրել սահմանադրական այլ մարմինների, ինչպես օրինակ, ԿԸՀ, ԲԴԽ անդամներին, Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորներին: Պառլամենտական մեծամասնությունից սերում է կառավարությունը, որի ղեկավարն ունի բավականին լայն լիազորություններ պետության կառավարման համակարգում՝ ի տարբերություն Հնարապետության նախագահի, ով, չնայած երկրի գլուխն է,  խիստ սահմանափակ և սիմվոլիկ լիազորություններ ունի: Խորհրդարանի կայուն մեծամասնության և կառավարության սերտաճումը չեզոքացնում է խորհրդարանի վերահսկողական լիազորությունները: Նման պայմաններում գործադիր իշխանության նկատմամբ արդյունավետ խորհրդարանական վերահսկողության իրականացումը հնարավոր է ապահովել բացառապես իրավական և քաղաքական համարժեք երաշխիքներով օժտված խորհրդարանական ընդդիմություն ունենալու պարագայում:

Կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը անդրադարձ է կատարել դատական համակարգի անկախության սահմանադրաիրավական երաշխիքներին։ Ըստ փորձագետի՝ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ առկա են խնդիրներ խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում Ազգային ժողովի կողմից որոշումների կայացման կարգի առնչությամբ։ Մասնավորապես, Ազգային ժողովի իշխող ուժին դատական իշխանության մարմինների ձևավորման հարցում լայն հնարավորություն տալը, հատկապես ՀՀ-ում առկա չկայացած քաղաքական համակարգում, ունակ է ավելի մեծ վնաս հասցնել պետական մարմիններին ու արտաքին ազդեցության ռիսկեր ստեղծել, ինչը գործում է Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների,  Սահմանադրական դատարանի դատավորների և սահմանադրական այլ մարմինների անդամների ընտրությունների պարագայում։ Ստեղծված պայմաններում դատական իշխանության անկախության հիմնահարցերը կախված են մնում մի կողմից՝ Սահմանադրությամբ և ներպետական կարգավորումներով Ազգային ժողովում որոշումների կայացման կարգից, մյուս կողմից՝ առհասարակ երկրի օրենսդիր և գործադիր մարմինների քաղաքական կայացվածության մակարդակից։

Արթուր Սաքունցի խոսքերով Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ-ում ընդունված սահմանադրությունները հանդիսացել են պետության զավթումը ապահովող սահմանադրություններ։ Ինչպես նաև պետության զավթման տիպիկ գործընթաց է հանդիսանում ազգային ժողովում այժմ ընթացող հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրությունը, որի պարագայում ականատես ենք լինում քաղաքական մեծամասնության բացարձակ իշխանությանը։ Տվյալ մեխանիզմը կոչվում է դիկտատուրա, երբ մեծամասնության իշխանությունը չի սահմանափակվում քաղաքական փոքրամասնությամբ։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի և խորհրդի առաջնային խնդիրը պետք է լինի, այն որ հանրային ընկալման դաշտում սահմանադրական բարեփոխումների թեման դառնա կարևոր և առաջնային։ ՀՀ-ն, ունենալով լուրջ անվտանգային սպառնալիքներ, չունի այդ սպառնալիքները կանխող սահմանադրություն։ Սահմանադրությունը պետք է ապահովի նաև իրավական անվտանգությունը, որի երաշխիքն է հանդիսանում անկախ դատական իշխանությունը։

Դավիթ Հակոբյանը կողմ արտահայտվեց խորհրդարանական կառավարման ձևին և նշեց, որ այդ պարագայում անհրաժեշտ է ապահովվել քաղաքական փոքրամասնությունը լրացուցիչ լծակներով։  Անդրադառնալով դատական իշխանությանը՝ Հակոբյանը նշեց, որ դեմ է Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորմանը։ Բարձրագույն դատական խորհրդի անդամների կողմից վճռաբեկ դատարանի դատավոր նշանակվելու հարցը ևս պետք է քննարկվի, միգուցե ԲԴԽ անդամները պետք է զրկվեն նմանատիպ պաշտոններում նշանակվելու հնարավորությունից, որը, հնարավոր է, իրենց կաշկանդի որոշումների կայացման գործընթացում։ ՀՀ սահմանադրությունը շատ դետալային է, և մենք հնարավորինս պետք է բեռնաթափենք այն։ Օրինակ՝ ՀՀ Պաշտպանության մասին օրենքով Ազգային ժողովը լինի չկաշկանդված և որոշի, թե ինչ կառուցվածք է ուզում զինված ուժերի ղեկավարման, հրամանների տրման, կառավարման բլոկներում։

Բանախոսների ելույթներից հետո ծավալվեց քննարկում, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց դիտարկումներով և առաջարկություններով:

Քննարկումը ամբողջությամբ հասանելի է Այստեղ