Ազգային ժողովի անգործությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումներին արձագանքելու հարցում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները դեռևս 2019թ.-ի նոյեմբերի 1-ին դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին, բոլոր խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՝ առաջարկելով  կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թ. հունիսի 23-ին, 2016 թ. հուլիսի 17-30-ին, 2018 թ. ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների և դրանց արդյունքում տուժած անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունների շուրջ։

Ինչպես մինչև 2018 թվականը, այնպես էլ 2018 թվականին իրականացված հեղափոխությունից հետո կազմակերպության աշխատակիցները հասանելի բոլոր հարթակներում՝ ներպետական և միջազգային, բարձրաձայնել են մարդու  հիմնարար իրավունքների խախտումների մասին և հայցել խախտված իրավունքների վերականգնման հնարավոր մեխանիզմներ։

Ազգային ժողով դիմելը և  խաղաղ հավաքների ժամանակ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ հանրային լսումներ իրականացնելու առաջարկը նպատակ էր հետապնդում հետհեղափոխական Հայաստանում քննարկման առարկա դարձնել  տարբեր տարիներին մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու դրա առնչությամբ իրականացվող  քաղաքականությունը, ինչպես նաև ազդակ հնչեցնել քննությանը ներգրավված  իրավասու մարմիններին՝ ՀՀ Ոստիկանություն, քննչական մարմիններ, դատարաններ:

Սակայն, Ազգային ժողովի իրավասու մարմիններին ուղղված դիմումով առաջարկվող գործողությունների կապակցությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել, և դիմումին պատասխանել է միայն պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը՝ դիմումն ի գիտություն ընդունելու մասին հայտարարությամբ:

ՀՀ ազգային ժողովին ՀՀ սահմանադրությամբ և դրան համապատասխան՝ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով տրված է լիազորություն հանրության համար կարևորություն ներկայացնող հարցերով, ի թիվս այլնի, նաև խորհրդարանական լսումներ կազմակերպելու։ Սա ինքնին լրացուցիչ հնարավորություն է հանրային կարևորություն ներկայացնող հարցերով լսելի դառնալու ու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության հնարավորությունների դուրսբերման համար:

Ընդ որում, Ազգային ժողովը իր գործառութային կազմով և կարգավիճակով, զբաղեցնում է առանձնահատուկ դեր ինչպես ինքնուրույն վերցրած, այնպես էլ պետական այլ մարմինների հետ հարաբերությունների համատեքստում: Հետևաբար, դիմումով ներկայացված հարցը ԱԺ-ում քննարկման առարկա դառնալու դեպքում առավել արդյունավետությամբ և օբյեկտիվ լուծումների հեռանկարով կհայտնվեր իրավապահ մարմինների և դատական իշխանության գործունեության առանցքում:

Կազմակերպության իրավաբանների կողմից բազմիցս բարձրացվել է այն խնդիրը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ գործերով տարիներ շարունակ չի իրականացվել որակյալ և արդյունավետ քննություն և այս առնչությամբ հարցերի պատասխանները ակնկալվում է ստանալ քաղաքական որոշում կայացնող մարմիններից:

Այնուհանդերձ, տեղի ունեցած զանգվածային խախտումների հարցը չի ստացել ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական գնահատական, չեն ձեռնարկվել հաշտության միջոցներ տուժող ճանաչված քաղաքացիների հետ,  չի ապահովել մարդու իրավունքների պարտավորությունների կատարումը և չի տրամադրվել որևէ փոխհատուցում:

Վերը նշված դեպքերով հարուցված քրեական գործերից յուրաքանչյուրի շրջանակներում նախաքննության մարմինների կողմից առնվազն երկու անգամ կայացվել է գործերը կասեցնելու որոշում: Վարույթն իրականացնող մարմնի գործողությունները կազմակերպության փաստաբանների կողմից բողոքարկվել են վերադասության, այնուհետև դատական կարգով։

2020 թվականի հունվարի 31-ին Կազմակերպության փաստաբանները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ազգային ժողովի՝ ի դեմս նախագահ Արարատ Միրզոյանի՝ ՀՀ-ում 2015թ., 2016թ., 2018թ. թվականներին տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածայինն, համակարգային խախտումների և խախտումների արդյունքում տուժած անձանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների շուրջ հանրային լսումներ նախաձեռնելուն և իրականացնելուն պարտավորեցնելու պահանջով։

ՀՀ Վարչական դատարանը մերժել է հայցադիմումի ընդունումը՝ գտնելով, որ  Ազգային ժողովի նախագահը չի հանդիսանում վարչական մարմին, և ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից խորհրդարանական լսումներ նախաձեռնելը վարչարարություն չի հանդիսանում:

ՀՀ վարչական դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչ դատարանը մերժել է ներկայացված վերաքննիչ բողոքը անփոփոխ թողնելով վարչական դատարանի որոշումը:

2020թ. ապրիլի 20-ին կազմակերպության փաստաբանների կողմից ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացվել վճռաբեկ բողոք: