Կոչ՝ մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունների կատարումը ապահովվելու վերաբերյալ

2019թ.-ի նոյեմբերի մեկին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիմում-առաջարկով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին, խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՀՀ Կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին:

Կազմակերպությունը առաջարկել է կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թվականի հունիսի 23-ին, 2016 թվականի հուլիսի 17-30-ին, 2018 թվականի ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների և դրանցարդյունքում տուժած անձանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների շուրջ:

Կազմակերպությունը կոչ է անում լրագրողներին և բոլոր շահագրգիռ անձանց միանալ կազմակերպության նախաձեռնությանը՝ խաղաղ հավաքների ընթացքում արձանագրված մասսայական խախտումները քաղաքական օրակարգի հարց դարձնելու նպատակով:

Կազմակերպության կողմից տարբեր միջազգային և տեղական հարթակներում բազմիցս բարձրացվել է այն խնդիրը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից տարիներ շարունակ չի իրականացվել որակյալ և արդյունավետ քննություն և այս առնչությամբ հարցերի պատասխանները ակնկալվում է ստանալ քաղաքական որոշում կայացնող մարմիններից:

Կազմակերպությունը իրականացնում է վերը նշված խախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերով տուժողների շահերի պաշտպանություն:

Հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես տուժող են ներգրավվել ավելի քան 300 անձինք: Տեղի ունեցած խաղաղ հավաքների և երթերի ընթացքում  ոստիկանության ծառայողների և անհայտ անձանց կողմից բռնություն է կիրառվել հավաքների մասնակիցների նկատմամբ՝ նրանց բերման ենթարկելու, վատ վերաբերմունքի ենթարկելու, ոստիկանության բաժանմունքներում սահմանված ժամանակից ավելի պահելու, լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, հատուկ միջոցներ կիրառելու միջոցով:

Երեք գործի շրջանակներում էլ նախաքննական մարմինների կողմից մի քանի անգամ կասեցվել և վերսկսվել են վերոնշյալ գործերի շրջանակներում հարուցված քարեկան գործերը:

Ակնհայտ է, որ նշված գործերով նախաքննության մարմնի գործողություններն անարդյունավետ են, և տարիներ տևած նախաքննության արդյունքում վարույթ իրականցնող մարմինը հանգել է այն եզրակացությանը, որ «հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունների կատարման արդյունքում հայտնի չեն դարձել այն անձինք, որոնք գործով պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ», և այս հիմքով էլ, ըստ էության, փաստացի տուժող անձանց խախտված իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը դարձել է անհնար:

Վարույթն իրականացնող մարմնի գործողությունները կազմակերպության փաստաբանների կողմից բողոքարկվել են վերադասության, այնուհետև դատական կարգով, սակայն դատարանի կողմից ևս տուժողների իրավունքների պաշտպանության հնարավորություններ չեն սահմանվել:

Գտնում ենք, որ անհրաժեշտ է քննարկել տուժողների պաշտպանության այլ մեխանիզմներ և ապահովել պետության՝ մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունների կատարումը: