Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

ԻՊԱՍ-ի կարծիքը «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարության» վերաբերյալ

2019թ. սեպտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք 2019թ. օգոստոսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի» վերաբերյալ:

Կազմակերպությունը բարձր  է գնահատում ՀՀ ԱՆ պատրաստակամությունը դատական իշխանության բարելավման և անկախության ամրապնդման գործում: Այնուհանդերձ, ըստ ներկայացված կարծիքի առանձին ռազմավարական ուղղություններ և դրանց բովանդակությունը լրամշակման կարիք ունի: Մասնավորապես, ռազմավարությունը համախմբում է մի քանի նպատակներ, որոնց տրամաբանական կապը և իրականացման արդյունքում դրանց ազդեցությունը դատական իշխանության գործունեության բարեփոխումների վրա ներկայացված չէ: Այս տեսանկյունից ռազմավարության իրականացումը անհամաչափորեն է բաշխում խնդիրները՝ նվազեցնելով այն խնդիրների շեշտադրումը, որոնցից անմիջականորեն կախված է դատական և իրավական համակարագի լիարժեք բարեփոխումը:

Հաջորդիվ, ռազմավարությամբ նախատեսված է ընդհանուր առմամբ 18 ուղղություն, որոնց գերակշիռ մասը նախատեսված է եղել նաեւ նախորդ ռազմավարություններում: Ուղղությունների լայն ցանկ ունենալը ողջունելի է, սակայն նախորդ ծրագրերի իրականացման փորձը ցույց է տալիս, որ պրակտիկայում ոչ բոլոր ուղղություններն են դառնում իրագործելի սահմանված ժամանակահատվածի համար: Սրա առնչությամբ առաջարկվել է կրճատել նախատեսված ուղղությունները եւ ռազմավարությունը դարձնել իրագործման տեսանկյունից առավել իրագործելի:

Կազմակերպության կողմից ներկայացված ընդհանուր առաջարկները ռազմավարական ծրագրի վերաբերյալ.

-Մինչ նոր ռազմավարական ծրագրի մշակումը իրականացնել նախորդ 15 տարիներին իրականացված ծրագրերի գնահատում՝ վեր հանելով հիմնական ձեռքբերումները, ձախողումների պատճառներն ու ըստ այդմ՝ վերանայել նոր ռազմավարությունը:

-Սահմանել դատական և իրավական բարեփոխումների ծրագրերի կատարողականի և ազդեցության գնահատման, հաշվետվողականության սխեմա՝ ներառյալ հաշվետվողականության պարբերականությունը, ցուցանիշները:

-Մշակել և որպես ծրագրի մաս ներկայացնել նախատեսված միջոցառումների համար անհրաժեշտ բյուջեն:

-Ծրագրի խնդիրները, դրանց ուղղված միջոցառումները սահմանելիս իրականացնել իրավիճակի վերլուծություն՝ վեր հանելով կոնկրետ խնդիրներ ու ըստ այդմ՝ դրանց ուղղված իրատեսական լուծումներ:

-Նոր ծրագրի շրջանակներում սահմանել գործողությունների իրականանալի ծավալ՝ ապահովելով իրատեսական արդյունքներ:

INTERESTING POSTS