Հայտարարություն ոստիկանության գործողությունների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրինական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ:

2019 թվականի օգոստոսի 19-ի առավոտյան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Բաղրամյան 26-ի դիմաց: Վերջիններս նախ փորձել են փակել Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկանությունը ուժի կիրառմամբ վերականգնել է երթևեկությունն ու հեռացրել մասնակիցներին:

Ակցիայի ընթացքում մասնակիցներից 6-ը բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար[1]: Քաշքշոցի ընթացքում կարմիր բերետավորների կողմից անհամաչափ ուժ է կիրառվել բնապահպանների և ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկվելու ընթացքում արձանագրվել են մասնակիցների իրավունքների կոպիտ խախտումներ:

Ոստիկանության և ակցիայի մասնակիցների բախման ընթացքում ոստիկանների կողմից գետնին է տապալվել իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ում նկատմամբ նույնպես ոստիկանության գործողությունները եղել են անհամաչափ[2]:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Հավաքների ազատությունը համարվում է ժողովրդավարության հիմքերից մեկը. այն հանդիսացել է ՀՀ-ում 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխության հիմքը, խաղաղ հավաքների մասնակիցները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հավաքների միջոցով պայքարում են անօրինականությունների դեմ:

Այս համատեքստում հավաքների ազատության դեմ գործադրվող ցանկացած սահմանափակում անմիջական և ուղիղ ոտնձգություն է հեղափոխության և դրանով ամրագրված՝ մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն սկզբունքների դեմ։

2019 թվականի օգոստոսի 19-ին Ազգային ժողովի այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հորդորում է ոստիկանությանը զերծ մնալ նման վարքագծի դրսևորումից և խուսափել անձանց իրավունքների հնարավոր հետագա խախտումներից:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ ոստիկանության կողմից դրսևորված վարքագիծն ավելի շատ բնութագրական է ոստիկանության` որպես ուժային կառույցի գործունեությանը և հակասում է ոստիկանության` քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանություն ապահովելու առաքելությանը:

 

[1] https://www.azatutyun.am/a/30117331.html

[2] https://factor.am/175959.html?fbclid=IwAR1P-X2ftbJ_4Szkfu7rz9a2wDjQXr010U1cv5bIkSy_aKkMqp8XbWhsRiQ