Կարծիք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել է կարծիք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

Կազմակերպության կողմից առանձնակի կարևորվել են նախագծի 10-րդ հոդվածում նախատեսված դրույթները, համաձայն որոնց՝ Նախագծի հեղինակներն առաջարկում են անձանց հանրային պաշտպանությունը կազմակերպել բացի հանրային պաշտպանի գրասենյակից նաև հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաև կազմակերպությունների իրավաբանների միջոցով:

Կազմակերպությունը գտնում է, որ այս դրույթներն ըստ էության արտահայտում են pro Bono իրավաբանական ծառայությունների մատուցման համակարգի էությունը (թեև ունեն լրամշակման կարիք), և հաշվի առնելով Հանրային պաշտպանի գրասենյակի գերծանրաբեռնվածությունը, անվճար իրաբանական օգնության կարևուրությունը ՀՀ-ում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված այնպիսի հիմնարար իրավունքների՝ ինչպիսին արդար դատաքննությունը, զենքերի հավասարությունն ու մրցակցությունն են, ապահովումը, pro Bono ծառայությունների մատուցման հաջողված փորձն ամբողջ աշխարհում՝ Կազմակերպության կողմից առաջարկվել է՝

  • առավել հստակ կառուցակարգ սահմանել բոլոր այն դեպքերում, երբ անձանց անվճար իրավաբանական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնում Հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները՝ նախատեսելով արտոնություն՝ անդմավաճար վճարելու պարտականությունից ազատելու տեսքով այն ժամանակամիջոցի համար, որի ընթացքում փաստաբանը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն:
  • ներդնել հաշվետվողականության համակարգ, երբ ամեն տարի փաստաբանները զեկուցում են իրենց կատարած պրո բոնո ծառայությունների մասին, բացի դա, ինչպես նաև այն հանգամանքների մասին, որոնց պատճառով փաստաբանը չի մատուցել pro Bono ծառայությունները:

Կարծիք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ