Բրյուսելում ներկայացվել են դատական և իրավական բարեփոխումների մշտադիտարկման արդյունքները

Բրյուսելում՝ Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեում (EESC) նոյեմբերի  10-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 9-րդ հանդիպումը, որի օրակարգում ընդգրկված էին ԵՄ-Հայաստան հարաբերություններին, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացմանը, իրավունքի գերակայության, դատական և իրավական բարեփոխումներին առնչվող հարցեր։

Հանդիպման առանցքային քննարկումներից մեկը նվիրված էր Հայաստանում իրավունքի գերակայության բարեփոխումների ընթացքին, որին որպես բանախոս մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Պանելային քննարկմանը ներկայացվել է նաև Պլատֆորմի անդամ կազմակերպություններ՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի կողմից իրականացրած դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման արդյունքները։   

Հասմիկ Հարությունյանն անդրադարձել է ծրագրով նախատեսված գործողությունների ընդհանուր կատարողականին, իրականացված և չկատարված գործողություններին։ Նա նաև խոսել է դատական ոլորտի բարեփոխումների ընդհանուր ընթացքի, առկա խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաև արձանագրված ձեռքբերումների մասին։

Քննարկումն անցկացվել է ԵՄ-Հայաստան համագործակցության և ՀԸԳՀ-ով ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում՝ կարևորելով բարեփոխումների առաջընթացի գնահատումն ու դրանց արդյունավետ իրականացման ապահովումը։

INTERESTING POSTS