
Հայտարարություն
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր
Ապրիլի 16-ին Երևանում ներկայացվեցին «Փաստաբանական ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում» թեմայով հետազոտության արդյունքները։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ուսումնասիրությամբ փորձ է արվել վերլուծելու, թե հարկային նոր փոփոխությունը ինչպես է ազդելու իրավաբանական օգնության հասանելիության, դատական պաշտպանության հնարավորության, խոցելի խմբերի պաշտպանության և ընդհանրապես արդարադատության մատչելիության վրա։
ԻՊԱՍ փաստաբան և հետազոտող Նինա Հակոբյանը ներկայացրեց ուսումնասիրության հիմնական արդյունքները, համաձայն որոնց՝ հարկային փոփոխություններից հետո փաստաբանական ծառայությունների շուկայում գները բարձրացել են, նվազել է անհատ փաստաբանների գործունեությունը, և շուկան ավելի շատ կենտրոնացել է խոշոր գրասենյակների շուրջ։ «Միաժամանակ կրճատվել է անվճար (pro bono) ծառայությունների ծավալը, ինչի արդյունքում հատկապես խոցելի խմբերի համար իրավաբանական օգնությունը դարձել է դժվար հասանելի։ Թեև ներդրվել են որոշ մեղմացնող մեխանիզմներ, դրանք գործնականում ամբողջությամբ չեն լուծում խնդիրը»,- ընդգծեց Նինա Հակոբյանը։
Միաժամանակ այս փոփոխությունները տեղի են ունենում այլ գործոնների հետ միասին՝ պետական տուրքերի բարձրացում, դատարանների հասանելիության նվազում և համակարգի թվայնացում, ինչը բարդացնում է քաղաքացիների համար իրենց իրավունքները պաշտպանելու գործընթացը։ Գործող աջակցող մեխանիզմները, այդ թվում՝ հանրային պաշտպանի համակարգը, չեն կարող ամբողջությամբ փոխհատուցել առաջացած դժվարությունները, ինչի արդյունքում արդարադատությունը շատերի համար դառնում է ավելի թանկ և քիչ հասանելի։
Հարկ է նշել, որ հարկային փոփոխությունից առաջ ու հետո Կառավարության կողմից ազդեցության պատշաճ գնահատում չի արվել, մինչդեռ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվում է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը ներկայացրեց ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշումը՝ անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին, հարկային փոփոխությամբ առաջացած բացասական հետևանքներին և հնարավոր լուծումներին։
Քննարկմանը մասնակցեցին և արդարադատության մատչելիությանն առնչվող առանցքային հարցերի շուրջ իրենց տեսակետները հայտնեցին ոլորտի փորձագետներ, իրավաբաններ և շահագրգիռ այլ կողմեր։
Հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։











Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում