Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Փաստաբանների հարկային բեռի ավելացումը հանգեցնելու է արդարադատության մատչելիության իրավունքի խախտումների․ ԻՊԱՍ նախագահ 

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը մասնակցել է փաստաբանական ծառայությունների հարկային բեռի ավելացում ենթադրող օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը։ 

Ավելի վաղ, ՀՀ ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ըստ այդմ՝ փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը նախատեսվում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից դարձնել 10 % (ներկայում այն 5% է): Փաստացի, շրջանառությունից առաջացող հարկային բեռը կրկնապատկվում է: Արդեն 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Դրանից զատ, հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում փաստաբանական ծառայություն մատուցողները վճարելու են նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18%:

Արաքս Մելքոնյանը նկատել է, որ հարկային բեռի ավելացման պատշաճ հիմնավորում չի ներկայացվել՝ հաշվի առնելով, որ փաստաբանությունն ավելին է քան սովորական ծառայություն, ձեռնարկատիրություն, այն նաև իրավապաշտպան գործունեություն է։ 

«Միանշանակ է, որ նախագծի ընդունումը հանգեցնելու է արդար դատաքննության, և առհասարակ արդարադատության մատչելիության իրավունքի խախտումների։ Առանց այն էլ հասարակության մի ստվար զանգվածի համար անհասանելի են աստաբանական ծառայությունները, շատերը չեն կարողանումփ վճարել իրենց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման համար», – ասել է Արաքս Մելքոնյանը։ 

Արաքս Մելքոնյանը նկատել է, որ անվճար իրավաբանական աջակցություն տրամադրող Հանրային պաշտպանի գրասենյակն արդեն իսկ ահռելի ծանրաբեռնվածություն ունի, միաժամանակ դրա ծառայություններից կարող են օգտվել խիստ սահմանափակ կատեգորիայի մարդիկ։ 

Ըստ Արաքս Մելքոնյանի՝ ամենամեծ բեռն, իհարկե, կրելու է հասարակության միջին խավը, քանի որ օրենքի ընդունումը օբյեկտիվորեն բերելու փաստաբանական ծառայությունների թանկացման՝ անվճարունակ դարձնելով այս խումբ անձանց իրավաբանական ծառայություններ ստանալու համար և հանգեցնելով նրանց խախտված իրավունքների վերականգնման անհնարինության։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

INTERESTING POSTS