«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն (ԻՊԱՍ) Իրականացնում է
իրավաբանական խորհրդատվություն, որի շրջանակներում արձանագրվել են Արցախից բռնի
տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելիս Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) տարածքում (բնակչության ռեգիտրում) հաշվառումից հանելու փաստեր:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը
ցույց է տալիս, որ ՀՀ բնակչության ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող`
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման
համակարգի մարմինը (ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայություն) լիազորված է
իրականացնել միայն ՀՀ-ում բնակվող անձանց՝ ըստ բնակության վայրի հաշվառում: Իսկ ինչպես
հաշվառումը, այնպես էլ հաշվառումից հանելը իրականացվում է միայն ՀՀ տարածքում գտնվող
բնակության վայրերից:
Ընդ որում, ըստ նույն օրենքի՝ անձը կարող է ունենալ մշտական բնակության միայն մեկ
վայր: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն
ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր կացարան: ՀՀ-ում
մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում
գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր
կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
Այսպես, Նույն օրենքի 7-րդ եւ 8-րդ հոդվածների վերլուծությունից երեւում է, որ անձի կողմից
հաշվառման հասցեն փոխելու դիմում ստանալիս կենտրոնական ռեգիստր վարող մարմինն այդ
մասին պաշտոնապես տեղեկացնում է այն համայնքի տեղական ռեգիստր վարող մարմնին,
որտեղ մինչ այդ հաշվառված է եղել դիմողը: Օրենքում բացակայում է որեւէ դրույթ, որը լիազորում է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման համակարգի մարմնին՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայությանը, ՀՀ տարածքից դուրս գտնվող բնակության վայրերից անձին հաշվառումից հանելու վերաբերյալ: Առկա չէ նաեւ այդ մասին սահմանված ընթացակարգ:
Ավելին, միակ դրույթը, որ կարգավորում է օտարերկրյա պետություններում մշտական
բնակության հասցեների հաշվառման հետ կապված հարցեր, նույն օրենքի 3-րդ հոդվածն է, որի 2-
րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած,
Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող եւ մշտապես կամ
առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության
քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում
հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:
Իսկ ՀՀ կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն որոշմամբ (բաժին 3)
սահմանվում են բնակչության ռեգիստրում հաշվառումից հանելու դեպքերը, որոնք վերստին
վերաբերում են բացառապես ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերում հաշվառումից
հանելուն:
Վերը նշվածը վերստին ցույց է տալիս հաշվառման եւ հաշվառումից հանելու գործընթացի՝
միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերի/ կացարանների մասով իրականացվելու
հնավորությունը:
Պրակտիկայում լիազոր մարմինը Արցախից բռնի տեղահանված ժամանակավոր
պաշտպանության կարգավիճակ (փախստական) ստացած անձանց՝ ՀՀ բնակչության
պետական ռեգիստրում հաշվառելիս վերջիններիս հանում է ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից:
Նույն վարքագիծը չի դրսեւորվում, սակայն, ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած այլ
օտարերկրացիների եւ փախստականների նկատմամբ:
Օրինակ՝ թեեւ առանց մուտքի վիզայի ՀՀ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ
հաշվառում, ձեռք են բերում ՀՀ-ում մշտական բնակչի կարգավիճակ /«ՀՀ եւ ՌԴ միջեւ ՌԴ
տարածքում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների եւ ՀՀ տարածքում մշտապես բնակվող ՌԴ
քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» պայմանագրի դրույթների համաձայն/,
այնուամենայնիվ, վերջիններիս՝ ՌԴ տարածքում ունեցած հաշվառումից հանելու գործընթաց չի
իրականացվում:
Նշված գործելաոճը հաստատել է նաեւ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության
անձնագրային վարչությունը ԻՊԱՍ իրականացրած հարցմանն ի պատասխան՝ «18» Հունվարի
2024թ. No 94/ԱՎՎ-01/ԱՎՎ-01/1/06/2816-2024 գրությամբ, մասնավորապես նշելով, որ.
ՌԴ քաղաքացիներին ՀՀ-ում հաշվառելիս հաշվառումը մուտքագրվում է ԲՊՌ պահոց եւ
անձնագրում կատարվում է հաշվառման մասին նշագրում:
ՌԴ-ում հաշվառումից հանելու վերաբերյալ ՌԴ իրավասու մարմիններին տեղեկատվություն
չի տրամադրվում:
Նման պայմաններում ստացվում է ՌԴ քաղաքացուն ՀՀ-ում հաշվառելու նպատակով
վերջինս ՌԴ-ում իր ցանկացած հասցեի հաշվառումից չի հանվում լիազոր մարմնի կողմից: Նման
պայմաններում եթե օտարերկրացիների, ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող այլ
անձանց համար սահմանված չէ ՀՀ-ում հաշվառվելիս այլ երկրի տարածքում վերջինիս
հաշվառման հասցեից հանելուն վերաբերող որեւէ օրինական ընթացակարգ, նույն մոտեցումը
պետք է լինի նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ:
Հակառակ դեպքում, չարաշահվում են ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված՝
օրինականության եւ պետական մարմինների՝ միայն այնպիսի գործողություններ կատարելու
սկզբունքը, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաեւ
Սահմանադրության 29-րդ հոդվածով սահմանված՝ խտրականության արգելքի սկզբունքը,
ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ
հոդվածով սահմանված՝ վարչարարության օրինականության, 7-րդ հոդվածով սահմանված՝
կամայականության արգելքի սկբունքները, քանի որ լիազոր մարմնի կողմից ցուցաբերվում է
տարբերակված մոտեցում նույնական հանգամանքներով դեպքերի նկատմամբ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք Ներքին գործերի նախարարությանը.
Դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական
ռեգիստրում հաշվառելիս ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի)
տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան:
Ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ վերացնել մինչեւ այժմ Արցախից բռնի
տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ անձնագրերում
կատարված նշագրումները:
Լուսանկրաը՝ Reuters-ի