Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Զեկույց․ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ընթացիկ գործունեության ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման և ընթացիկ գործունեության ուսումնասիրություն» զեկույցն ամփոփում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման գործընթացը, անդրադառնում է Կոմիտեի ընթացիկ գործունեության արդյունավետությանը, դրա վրա ազդող գործոններին և մարտահրավերներին՝ առաջարկելով դրանց հնարավոր լուծումները։

Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի ընդունման գործընթացին՝ հատկապես հանրային քննարկումների պատշաճ անցկացման տեսանկյունից։ 

Զեկույցը համապարփակ ներկայացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես քննչական մարմնի դերը հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգում, նրա կառուցվածքը, հաստիքացուցակը։ Ի տարբերություն այլ քննչական մարմինների, Կոմիտեն իր կառուցվածքում ունի օպերատիվ-հետախուզական վարչություն, որի շնորհիվ իրականացնում է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների և՛ հետաքննությունը, և՛ նախաքննությունը։ Ինչ վերաբերում է հաստիքներին, ապա Կոմիտեի 170 հաստիքից միայն 29-ն էին քննիչներ, ինչը Կոմիտեի ենթակայությանը վերապահված և նրա կողմից փաստացի քննվող վարույթների մեծ ծավալի պայմաններում անհամաչափ թիվ է։ Հետագայում հաստիքների թիվն ավելացել է 100-ով, սակայն այս հաստիքները համալրվելու են 2023թ․-ին։ Զեկույցն անդրադառնում է նաև քննչական ենթակայության խնդիրներին։

Հետազոտության առանցքային թիրախներից է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի, նրա տեղակալների, ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող անձանց մրցույթների ու պաշտոնի նշանակումների, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացների ուսումնասիրությունն ու մշտադիտարկումը։ 

Մասնավորապես, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ կողմից  մշտադիտարկման են ենթարկվել 2021թ․-ի սեպտեմբերի 10-ին անցկացված Կոմիտեի նախագահի ընտրության մրցույթի հարցազրույցի և արդյունքների ամփոփման փուլերը, որի արդյունքում վեր են հանվել ինչպես մրցութային խորհրդի կազմի, այնպես էլ թեկնածուների բարեվարքության և մասնագիտական գիտելիքների հետ կապված խնդիրներ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Կոմիտեի նախագահի թվով 3 թեկնածուների վերաբերյալ տրամադրել է դրական վերապահումով եզրակացություն․ բոլորի համար էլ վերապահման հիմք են հանդիսացել թեկնածուների գույքային դրության առնչությամբ արձանագրված անհամապատասխանությունները։ Որպես խնդիր հետազոտությամբ առանձնացվել է նաև այն, որ չեն նախատեսվում չափանիշներ, որոնց հիման վրա Կառավարությունը Խորհրդի կողմից իրեն ներկայացված՝  Կոմիտեի նախագահի մրցույթը հաղթահարած թվով 3 թեկնածուներից կատարում է կոնկրետ անձի ընտրություն՝ նշանակելով պաշտոնի։

Զեկույցում ամփոփվել է նաև Կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով անցկացված մրցույթը, որի թեստավորման փուլն անցկացվել է 2022թ․-ի օգոստոսի 18-ին և Կոմիտեի ինքնավար պաշտոնների համալրման նպատակով 2022թ.-ի հոկտեմբերի 1-ին և հոկտեմբերի 3-ին անցկացված հարցազրույցների փուլերը։ Արդյունքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, ինչպես տեխնիկական բնույթի, այնպես էլ կապված մրցութային հանձնաժողովի աշխատանքի և թեկնածուների բարեվարքության հետ։ Հատկանշական է, որ  մրցույթի արդյունքում դրական միավոր ստացած 32 թեկնածուներից 14-ի (44%) վերաբերյալ միջազգային փորձագետը տվել է բացասական կարծիք (խորհրդատվական բնույթի)։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դրական միավոր ստացած 32 թեկնածուներից բացասական եզրակացություն է տվել միայն 1 թեկնածուի վերաբերյալ, իսկ 11-ի վերաբերյալ տվել է դրական վերապահումով եզրակացություն։

Նշենք, որ մշտադիտարկման ժամանակահատվածում, մրցույթը հաղթահարած բոլոր՝ թվով 32 թեկնածուները չեն անցել մասնագիտական պատրաստում, քանի որ համապատասխանել են օրենքով սահմանված ուսումնառությունից ազատման պահանջներին։ Հատկանշական է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալների համար նախատեսված չէ մասնագիտական ուսուցում, փորձաշրջան և վերապատրաստում անցնելու օրենսդրական պահանջ՝ նշանակումից առաջ և հետո։ 

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կարգապահական պատասխանատվության հետ կապված խնդիրներին՝ կարգապահական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության, ծառայողական քննություն կատարելու առիթների և հիմքերի լրացման առումով։ 

Հետազոտության առարկա են դարձել նաև Կոմիտեի հաշվետվողականության և թափանցիկության հետ կապված խնդիրները, Կոմիտեի ծառայողների գործունեության երաշխիքները, օրինակ՝ զենք կրելու իրավաչափությունը։ Ուսումնասիրվել են նաև Կոմիտեի ֆինանսական ինքնուրույնությանն առնչվող հարցերը, ներառյալ՝ պետական բյուջեից հատկացված միջոցները, դեպոզիտային հաշիվը, ծառայողների վարձատրությունը և այլն։

Զեկույցում կարևորվել է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների դերը,  գործող միջազգային չափանիշները, այլ երկրների փորձը՝ զեկույցում քննարկվող յուրաքանչյուր բաժնի վերաբերյալ։ Կատարվել է համեմատական վերլուծություն։

Սույն հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ֆինանսավորմամբ։

Զեկույցի բովանդակությունը և արտահայտված տեսակետներն ու եզրահանգումները պատկանում են հեղինակներին և հնարավոր է, որ չհամընկնեն «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տեսակետների հետ:

 

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել