Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

ՀԿ-ները դիմել են ՄԱԿ ԱԽ-ին՝ Արցախում հումանիտար ճգնաժամի առնչությամբ հրատապ կոչով հանդես գալու պահանջով

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը,Հանրային լրագրության ակումբը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի վանաձորյան գրասենյակը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ որպես միջազգային խաղաղության և անվտանգության հիմնական մանդատակիր և կոչ են արել հրատապ միջամտություն ցուցաբերել՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի լիակատար շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում   սրվող հումանիտար ճգնաժամի առնչությամբ։ Լաչինի միջանցքը միակ փրկօղակն է, որը կապում է տեղի հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետությանը և աշխարհին: Շրջափակումը նպատակ ունի տարածաշրջանի էթնիկ հայերի համար ստեղծել անտանելի կենսապայմաններ և դուրս մղել նրանց իրենց տներից։ Վերջին օրերին իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ավելի է վատթարացել, բնակիչներն այժմ կանգնած են սովի անմիջական սպառնալիքի առաջ:

Կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստանձնի պատասխանատվություն պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին էթնիկ զտումներից և ցեղասպանությունից, որն իրականում տեղի է ունենում  սովի ենթարկելու միջոցով:

Անվտանգության խորհուրդից, մասնավորապես պահանջվում է՝

● Ընդունել բանաձև, որը կդատապարտի շրջափակումը և կպահանջի անհապաղ բացել Լաչինի միջանցքը մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի համար՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցի։

● Անհետաձգելի միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքում միջազգային խաղաղապահ մանդատ ներգրավելու համար՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը 2025 թվականի նոյեմբերից հետո, այսինքն՝ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի մանդատի ավարտից հետո։

● ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից պահանջել տարածաշրջան ուղարկել փաստահավաք առաքելություն ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև նշանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ՝ տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու համար։

● ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարից պահանջել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին համապարփակ զեկույց ներկայացնելու համար, ինչպես նաև օգտագործել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր համապատասխան մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ խորհրդականների և հատուկ զեկուցողների՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների, մարդասիրական և մարդու անվտանգության պայմանների վերաբերյալ անհապաղ հաշվետվություններ պատրաստելու համար:

● Դատապարտել հայերի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության քաղաքականությունը, որը վտանգի տակ է դնում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ցանկացած ջանք։

INTERESTING POSTS