Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ոստիկանությունը 1 մլն դրամի չափով կփոխհատուցի քաղաքացուն պատճառված բարոյական վնասը

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Լևոն Բարսեղյանի հայցն ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության՝ պարտավորեցնելով պետական գերատեսչությանը 1 մլն դրամ փոխհատուցել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի դիմաց։ 

Բարսեղյանի շահերը դատարանում ներկայացրել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ փաստաբան Նինա Հակոբյանը։ 

2016 թվականի հուլիսի 17-ին Երևան մեկնելու ճանապարհին հայցվոր Լևոն Բարսեղյանի մեքենան կանգնեցվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցների կողմից, ապա Բարսեղյանի ազատությունը ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից սահմանափակվել է: Սակայն նրա  ազատությունը սահմանափակելու հիմքերի վերաբերյալ որևէ արձանագրություն չի կազմվել, չի տրամադրվել իրավաբանական օգնություն և իր իրավունքներից օգտվելու հնարավորություն:  

Անձին և տրանսպորտային միջոցը ոստիկանություն բերման ենթարկելու մասին արձանագրությունը կազմվել է միայն նույն օրը՝ ժամը 14:10-ին:  Լևոն Բարսեղյանը շուրջ 4 ժամ պահվել է անազատության մեջ՝ փաստացի թույլ է տրվել նաև նրա՝ հավաքների ազատության և խոսքի ազատության իրավունքների խախտում: 

Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են վարչարարություն, այն է՝ իրականացրել են գործողություններ, որոնք Բարսեղյանի համար առաջացրել են փաստական հետևանքներ՝ վերջինիս հասցնելով բարոյական վնաս։ 

Դատարանը դեռևս ՎԴ5/0185/05/22 վարչական գործով ոչ իրավաչափ էր ճանաչել այս գործողությունները։ 

Նշվածը հիմք ընդունելով՝ հայցվորը դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ պահանջելով իր իրավունքի խախտման փաստով պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար տրամադրել փոխհատուցում 1. 000.000  դրամի չափով, սակայն ոստիկանությունը դիմումը մերժել է։ 

Բարսեղյանը  հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության` ոչ իրավաչափ գործողության հետևանքով  իրեն պատճառված բարոյական վնասի համար 1 միլիոն  դրամի չափով փոխհատուցում տրամադրելու պահանջով։ 

Դատարանը Բարսեղյանի հայցը բավարարել է ամբողջությամբ։

Դատարանը գտել է, որ իրավական պետությունը պահանջում է արդյունավետ իրավական պաշտպանության ապահովում, ինչը նշանակում է, որ մասնավոր անձինք պետք է պետության ոչ իրավաչափ գործողություններից կամ անգործությունից պաշտպանվելու հնարավորություն ունենան: 

Ընդ որում, իրավական պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է, որ հետագայում հնարավոր կլինի վերստուգել պետության գործողությունների կամ անգործության իրավաչափությունը, այլ նաև այդպիսի գործողության կամ անգործության հետևանքով առաջացած վնասը կհատուցվի

Արդյունավետ իրավական պաշտպանության ապահովման նպատակով օրենսդիրն ամրագրել է ոչ իրավաչափ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաչափ վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասի հատուցման իրավական հնարավորություն` սահմանելով վարչական մարմինների պատասխանատվության վերաբերող այնպիսի իրավակարգավորում, որի միջոցով ապահովվում է անձանց կրած վնասների հատուցումը: Վարչական մարմինների պարտականությունների խախտման հետևանքով անձանց կրած վնասների հատուցման վերաբերյալ դրույթներ ամրագրելով` օրենսդիրը ոչ միայն երաշխավորել է պետության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու իրական հնարավորություն, այլ նաև` այդ գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնելու և օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հատուցում ստանալու իրական հնարավորություն: 

Դատարանը հաստատված է համարել այն, որ վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում Հայցվորին պատճառվել է հոգեկան տառապանք: Մասնավորապես՝ Լևոն Բարսեղյանին տեղաշարժից զրկելուց հետո դրա պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելու, վերջինիս ազատությունից զրկելը, բերման ենթարկելը որևէ կերպ չփաստաթղթավորվելու ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Լևոն Բարսեղյանին պատճառվել են զայրույթի, տագնապի և անորոշության զգացողություններ, որոնք ինքնին հանդիսանում են հոգեկան տառապանքներ:

Պատճառված վնասի և վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարության միջև պատճառահետևանքային կապի առկայության մասով Դատարանը փաստել  է, որ Բարսեղյանի մոտ հոգեկան տառապանքի տեսքով ոչ գույքային վնասն անմիջականորեն առաջացել է Ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում։ 

Դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատվում է պատճառված վնասի և վարչական մարմնի ոչ իրավաչափ վարչարարության միջև պատճառահետևանքային կապը:

Ոչ նյութական վնասի հատուցման չափի մասով Դատարանն ընդգծել է, որ Հայցվորը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, պահանջել է 1.000.000 ՀՀ դրամ, ինչը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված առավելագույն չափերի (մինչև 2.000.000 ՀՀ դրամ) տեսանկյունից հանդիսանում է ակնհայտորեն ողջամիտ չափ և չի կարող որևէ կերպ բնորոշվել որպես տուժող կողմի «հարստացում»:

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել