2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական
խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի և փաստաբանի հրավիրված
ասուլիսի ընթացքում հրապարակվել է Ռուբեն Վարդազարյանի, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար
Գագիկ Ջհանգիրյանի եւ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանի միջև զրույցի ձայնագրությունը:
Հրապարակված զրույցը տեղեկություններ է պարունակում
Ռուբեն Վարդազարյանի շուրջ հարուցված քրեական գործերի հնարավոր դրդապատճառների, քրեական
արդարադատության իրականացմանը և քրեական գործերի քննությանը միջամտելու առերևույթ փաստերի
վերաբերյալ, ինչը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս ինչպես քրեական վարույթն իրականացնող
մարմինների անկախության և անաչառության, քրեական արդարադատության արդյունավետության,
այնպես էլ դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության ապահովման
համատեքստում:
Բարձրագույն դատական խորհրդի՝ դատարանների և
դատավորների անկախության երաշխավորի առաքելությունը պահանջում է, որ Բարձրագույն դատական
խորհուրդը և դրա անդամները պետք է դատական իշխանության անաչառության, անկախության և
արդյունավետության արտացոլանքը հանդիսանան, վայելեն ինչպես համակարգի ու հանրության
վստահությունը, այնպես էլ հանդես գան որպես արդարադատության սիմվոլ։ Բարձրագույն դատական
խորհրդի անդամները իրենց հանրային կերպարով, գործունեությամբ և խոսքով պետք է վստահելի
և օրինակելի լինեն ողջ հասարակության համար:
Մինչդեռ, հրապարակված ձայնագրությունը հերթական
անգամ ապացուցում է, որ դատական համակարգի խնդիրներն սկսվում են այն մարմնից, որի նպատակն
ու առաքելությունը այդ խնդիրների լուծումն է, մարմին, որն ի դեմս իր նախագահների ավելի
շատ ասոցացվում է հանրային պարսավանքի ու ամոթի հետ։
Բարձրագույն դատական խորդհրի անդամների մասնակցությամբ
խոսակցության մանրամասները բացարձակապես անընդունելի և դատապարտելի են: Նման հանգամանքներում,
Խորհրդի հետագա գործունեությունը անհնար է հրապարակված խոսակցությանը մասնակից անձանց
անդամակցությամբ: Դատական իշխանության և արդարադատության շահերից է բխում նրանց անհապաղ
հրաժարականը: Այդ անձանց հետագա պաշտոնավարումը ունակ է էլ ավելի մեծացնել Բարձրագույն
դատական խորհրդի ու դատական իշխանության նկատմամբ տիրող խորը հանրային անվստահությունը:
Միաժամանակ, հերթական անգամ արձանագրում ենք,
որ դատական և իրավական համակարգում նման դրսևորումները ՀՀ իշխանությունների կողմից
վեթինգի և անցումային արդարադատության տապալման և չիրականացման արդյունք են: Քաղաքացիական
հասարակության և իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից բազմիցս բարձրացվել
է դատական և իրավապահ համակարգում վեթինգի և լյուստրացիայի անհրաժեշտության մասին,
ինչն իրականացնելու քաղաքական կամք գործող իշխանությունները չունեցան:
Կարևորելով Բարձրագույն դատական խորհրդի բնականոն
գործունեության ապահովումն ու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը
և առողջ ընկալումների ձևավորումը՝ պահանջում ենք
- Բարձրագույն դատական խորհրդի՝ հրապարակված խոսակցությանը մասնակից
բոլոր անդամների անհապաղ հրաժարականը,
- Իրականացնել հրապարակված խոսակցության ընթացքում դրա մասնակիցների
հայտնած տեղեկությունների օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,
- Իրականացնել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քննվող և չհարուցված
քրեական գործերի օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն,
- Ապահովելով պատշաճ օրենսդրական կարգավորումներ՝ իրականացնել դատական և իրավական համակարգում համընդհանուր վեթինգ՝ առաջինը սկսելով Բարձրագույն դատական խորհրդի գործող կազմից:
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակություն հիմնադրամներ- Հայաստան
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում