Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԵԱՀԿ-ում ներկայացվել է Հայաստանի քաղհասարակության հայտարարությունն Արցախում իրավիճակի վերաբերյալ

Երևան, մարտի 31

Մարտի 28-29-ը Վիեննայում  կայացած ԵԱՀԿ Մարդկային հարթության 1-ին լրացուցիչ հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների պաշտպանության և անվտանգային իրավիճակի վերաբերյալ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը,  «Միջազգային համագործակցություն՝ ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին» խորագրով ԵԱՀԿ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակության 23 կազմակերպությունների կողմից մշակված գնահատականը և պահանջները։  

«2020 թվականին, ԵԱՀԿ տարածաշրջանն ականատես եղավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմին, երբ Ադրբեջանի զինված ուժերը թույլ տվեցին միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների լրջագույն խախտումներ։ Պատերազմական գործողությունները զուգորդվել են պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, խաղաղ բնակիչների, քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորմամբ, ինչը հանգեցրեց քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների կյանքի կորստի և անդառնալի վնասվածքների»,- իր խոսքում ասել է Աննա Մելիքյանը։

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչն իր ելույթում հիշեցրել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից բնակելի տարածքներում կասետային զինամթերքի օգտագործման և այլ հանցագործությունների մասին։ «Ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացրած, լավ փաստագրված պատերազմական հանցագործությունները ներառում են նաև արտադատական սպանություններ, ողջ մարդկանց գլխատումներ։ Կրկնում եմ՝ գլխատումներ մարդու ողջ լինելու ժամանակ, ԵԱՀԿ տարածաշրջանում 21-րդ դարում, խոշտանգումներ և անմարդկային վերաբերմունք գերեվարված հայ քաղաքացիական բնակիչների և ռազմագերիների նկատմամբ, նրանց բռնի անհետացում, ինչպես նաև մահացածների մարմինների խեղում, որն ուղեկցվում էր ծայրահեղ ատելության խոսքով և էթնիկ հայերի նկատմամբ դրսևորված ատելությամբ։ Առնվազն 38 խաղաղ բնակիչ, ովքեր ժամանակին չեն հասցրել լքել իրենց տները՝ տարեց մարդիկ, հաշմանդամություն ունեցող անձինք և կանայք, դիտավորյալ սպանվել են, մահապատժի են ենթարկվել ադրբեջանցիների հսկողության ներքո հայտնվելուց հետո», – շեշտել է Աննա Մելիքյանը։

Նա հրավիրել է ԵԱՀԿ-ի ուշադրությունն այն փաստի վրա, որ մինչ օրս միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերոհիշյալ խախտումները մնում են չպատժված։ «Պետք է ընդգծել, որ այս իրադարձությունների ողջ ընթացքում համապատասխան միջազգային կազմակերպությունները չեն դատապարտել Ադրբեջանի կողմից սպառնալիքներն ու ուժի կիրառումը, չնայած բոլոր ապացույցներին՝ աչք փակելով մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Փոխարենը չեզոք հայտարարություններ են տարածվել՝ երկու կողմերին կոչ անելով դրսևորել զսպվածություն, ինչը միայն խթանել է Ադրբեջանի գործողությունները: 2020թ․ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո սպանվել և վիրավորվել են հայ խաղաղ բնակիչներ: Ադրբեջանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ահաբեկման քաղաքականություն՝ էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով»,- նշել է Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչը։

Աննա Մելիքյանը նաև ներկաների ուշադրությունն է հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։ «Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 000 բնակչի գազամատակարարումը շաբաթներով դադարեցվել է, իսկ ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել։ Մինչ մենք խոսում ենք, խախտումները շարունակվում են», – 23 կազմակերպությունների անունից իր ելույթը եզրափակելով՝ ասել է Աննա Մելիքյանը։

ԵԱՀԿ-ին հասցեագրված հայտարարության մեջ Հայաստանի քաղհասարակության 23 կազմակերպությունները պահանջել են ԵԱՀԿ-ից խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտումները, Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը։ Բացի այդ, կազմակերպությունները հորդորել են ԵԱՀԿ-ին  Ադրբեջանին վերստին վերադարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ։ Կարևոր պահանջներից է նաև միջազգային կառույցների, մասնավորապես ԵՄ-ի և ՄԱԿ-ի հետ համագործակցությամբ, աջակցել  մարդու իրավունքների մշտադիտարկման առաքելության տեղակայմանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով, ինչը կարող է նպաստել տեղում իրավիճակի կայունացմանը և  սահմանազատման աշխատանքների համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը։ Նաև կարևորվել է, որ ԵԱՀԿ-ն անհետաձգելի միջոցներ ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի համար միջազգային իրավական երկարաժամկետ մանդատի ընդունման ուղղությամբ՝ այնտեղ ապրող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Ինչպես նաև պանաջ է ներկայացվել ԵԱՀԿ-ին Ադրբեջանի վրա ճնշում գործադրել հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման համար։

Հայտարարությունը ստորագրել են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Իրազեկ քաղաքացիների միավորումը, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, Մարտունու կանանց համայնքային խորհուրդը, Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Կանանց աջակցման կենտրոնը, Փինք իրավապաշտպան ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան,  Գորիսի մամուլի ակումբը, Կանանց ռեսուրսային կենտրոնը և «Թումանյան» փաստաբանական գրասենյակը։  

Աննա Մելիքյանի ելույթի տեսագրությունները հասանելի են այստեղ՝


INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել