Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի գործով

2020թ. մայիսի 7-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է զինծառայող Արայիկ Ավետիսյանի սպանությանն առնչվող գործով վճիռը:

Դիմումատու Անահիտ Մկրտչյանի որդին՝ 22-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Արայիկ Ավետիսյանը, սպանվել էր 2001թ. հոկտեմբերի 30-ին գումարտակի հրամանատարի աշխատասենյակում գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու հետևանքով: Ըստ պաշտոնական վարկածի՝ Արայիկ Ավետիսյանի հետ մահվան պահին գտնվել են նրա չորս ծառայակիցները և մահացու հրազենային վնասվածքը  պատճառվել  էր համածառակցի կողմից՝ հրամանատարի զենքի հետ անփույթ վերաբերմունքի արդյունքում: Չնայած մեղադրյալ զինծառայողն ամբողջությամբ ընդունել էր իր մեղավորությունը՝ գործով ձեռք բերված հակասական փաստերի արդյունքում, այդ թվում՝ ականատես վկաների ցուցմունքների և փորձագետների հակասական եզրակացությունների հիման վրա ներպետական դատարանները երկու անգամ գործն ուղարկել էին նոր քննության: 2010թ. փետրվարին ապացույցների անբավարարության հիմքով մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր, իսկ քրեական գործով վարույթը կասեցվել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Անահիտ Մկրտչյանի շահերը ներկայացնում էին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները:

2011 թվականի հունվարի 10-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացված գանգատով բարձրացվել էր Կոնվենցիայով պաշտպանվող 2-րդ և 13-րդ հոդվածների խախտման հարցը, քանի որ ներպետական մարմինների կողմից չէր իրականացվել Արայիկ Ավետսիյանի մահվան դեպքով արդյունավետ քննություն՝ չկարողանալով բացահայտել նրա մահվան էական հանգամանքներն ու պատասխանատու անձին: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի վճռով գտել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Արայիկ Ավետիսյանի սպանության գործով արդյունավետ քննության պարտականությունը, մասնավորապես.

•    Քննությունը, որը դեռևս շարունակվում է չի պարզել, թե ինչ զենքով է կատարվել սպանությունը, ինչպես նաև Արայիկ Ավետիսյանի մարմնին առկա ոչ հրազենային վնասվածքների առաջացման պատճառը,

•     Վարույթն իրականացնող մարմինը հեշտությամբ ընդունել և իրականացրել է միայն մեկ վարկածի շուրջ քննություն այն դեպքում, երբ ականատես վկայի կողմից տրվել է այդ վարկածն ամբողջությամբ հերքող ու սպանությունը կատարած այլ անձի տվյալներ հայտնող ցուցմունք, և դրա ստուգման ուղղությամբ քննությունը պատշաճ չի եղել: Ավելին, հեշտությամբ ընդունվել է նույն վկայի կողմից այդ ցուցմունքից հրաժարումը առանց ստուգելու վերջինիս նկատմամբ ճնշման վախեցման հնարավորությունը, նույնիսկ այն բանից հետո, երբ հիմնական կասկածյալը հայտնել է, որ ընդունել է մեղքը սեփական և ընտանիքի անվտանգությունից ելնելով:

•      Դատարանն արձանագրել է, որ գործը ներպետական դատարանների կողմից երկու անգամ ուղարկվել է նոր քննության, ինչը հստակ խոսում է ՀՀ դատաիրավական համակարգի լուրջ թերացումների մասին:

Արայիկ Ավետիսյանի մահվան առնչությամբ քրեական գործով քննությունը դեռևս շարունակվում է, սակայն գործով վարույթը 2019թ.-ի մարտին կասեցվել է երկրորդ անգամ՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգարման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով:

Արձանագրված խախտումների համար ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է Դիմումատուին վճարել 24000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:

INTERESTING POSTS