Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը Վոլոդյա Ավետիսյանի գործով

2017թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում՝ մերժելով վարույթ ընդունել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանի վճռաբեկ բողոքը:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման՝ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եղել  եզրահանգելու, որ առերևույթ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական սխալ՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումով, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Վճռաբեկ բողոքի պահանջն էր ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17 մայիսի 2017թ. թիվ ԵԷԴ/0009/15/16 որոշումը՝ ճանաչելով Վոլոդյա Ավետիսյանի ազատության և իրավական պաշտպանության միջոցի իրավունքի խախտումը:

Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Վոլոդյա Ավետիսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դիմումը ըստ էության քննության չէր ենթարկել և բողոքը մերժվել էր զուտ ձևական ընթացակարգային նկատառումներից ելնելով, ինչը  հանգեցրել էր  Վոլոդյա Ավետիսյանի՝ իրավական պաշտպանության միջոցի իրավունքի և ազատության իրավունքի խախտումներին:

Բողոքի պահանջը հիմնված է եղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) սահմանված երաշխիքների և չափանիշների վրա՝ ըստ որոնց, երբ քննարկման առարկա է դառնում անձին ազատությունից զրկելու կամ դրա շարունակականության հարցը, ապա ներպետական օրենսդրությունը, որին հղում է կատարվում, պետք է համապատասխանի Կոնվենցիայի պահանջներին և իրավունքի գերակայության սկզբուննքերին, առաջնահերթորեն համապատասխանի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի նպատակին, այն է՝ պաշտպանի անձին կամայականությունից:

Մինչդեռ, պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ ՀՀ իրավական կարգավորումները վերլուծելով ՄԻԵԴ երաշխիքների և չափանիշների լույսի ներքո՝ փաստվում է, որ ՀՀ ներպետական իրավակարգավորումները չեն համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի չափանիշներին և երաշխիքներին:

Ըստ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի պաշտպանության շրջանակներում նախատեսվում է անձի ազատության իրավունքի պաշտպանության դատական մեխանիզմ, սակայն միաժամանակ, ՀՀ նախագահի հրամանագրով դատական պաշտպանության՝ օրենքով տրված իրավունքի իրացումը միջնորդավորվում է մեկ այլ՝ արտադատական մարմնի պարտադիր որոշման առկայությամբ, որն անհնար է դարձնում անձի կողմից դատական կարգով իր ազատության վերաբերյալ հարցի վերանայումը: Այսինքն, անձի ազատազրկման շարունակականության օրինականության վերանայման հարցը չի կարող քննարկվել դատարանի կողմից, եթե դրա համար Անկախ հանձնաժողովը հավանություն չի տվել:

Անկախ հանձնաժողովը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագրին հավանության տալու կամ չտալու որոշումը կայացնում է ոչ թե հայեցողական լիազորությունների շրջանակներում, այլ կամայականորեն՝ առանց որևէ հիմնավորման, ինչն ինքնին հակասում է անձի ազատության իրավունքի պաշտպանությանը:

Ազատազրկման շարունականության օրինականության հարցի քննարկման համար դատարան դիմելու իրավունքը անձի՝ տվյալ դեպքում Վոլոդյա Ավետիսյանի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքն է, որը պետք է երաշխավորվեր ՀՀ ներպետական դատարանների կողմից, ինչը չի արվել:

ՀՀ օրենսդրության, ներառյալ ՀՀ սահմանադրության և ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ բացառապես դատարանն է այն մարմինը, որն օժտված է անձին ազատազրկման ձևով պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելու և նրան ազատ արձակելու իրավասությամբ և որևէ արտադատական մարմնի անհավանությունը չի կարող անձի՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարանի կողմից քննելու և լուծելու իրավունքի սահմանափակման հիմք հանդիսանալ:

Հետևաբար, ինչպես Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, այնպես էլ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը թույլ են տվել Վոլոդյա Ավետիսյանի ազատության իրավունքի և դատական պաշտպանության (իրավական պաշտպանության միջոցի) իրավունքի խախտում, քանի որ դատարանների կողմից չի իրականացվել դիմումի ըստ էության քննություն, և դիմումը մերժվել է բացառապես ձևական նկատառումներով:

Հիշեցնենք, որ  6 տարի ժամկետով դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը պատիժը կրելու ընթացքում 6 անգամ ներկայացվել է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու, սակայն Անկախ հանձնաժողովի կողմից բոլոր դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժվել է առանց որևէ հիմնավորման:

https://prwb.am/new/hy/2017/05/25/though-v-avetisyan-free-violation-personality-right-remains-advocate-video-2/

https://prwb.am/new/hy/2017/05/18/%D5%B0%D5%B0-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D6%84%D5%B6%D5%B6%D5%AB%D5%B9-%D6%84%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A5%D6%80%D5%AA%D5%A5%D5%AC/

https://prwb.am/new/hy/2017/05/17/rejection-application-early-conditional-release-volodya-avetisyan-submitted-court-appeals-2/

https://prwb.am/new/2017/04/13/%D5%BE%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A4%D5%B5%D5%A1-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81-%D5%BE%D5%A1%D5%B2%D5%A1%D5%AA%D5%A1/

https://prwb.am/new/hy/2017/03/31/%D5%BE%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A4%D5%B5%D5%A1-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BE%D5%A1%D5%B2%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4-%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BF-%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1/

post

Volodya Avetisyan

INTERESTING POSTS