Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Խնդիրներ՝ ՔԿՀ-ում իրավունքների բյուջետավորման վերաբերյալ

Քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների բյուջետավորման վերաբերյալ կան խնդիրներ: Դա հանգեցնում է նրան, որ ունենում ենք ազատազրկված անձանց իրավունքների խախտումներ: Այս հիմնական եզրահանգմանն է եկել  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը: Այն այսօր ներկայացրել է ոլորտում իրականացրած  ուսումնասիրության վերաբերյալ արդյունքները: Նման ուսումնասիրություն Հայաստանում կատարվում է առաջին անգամ: Կատարված աշխատանքը պետական պատկան մարմիններում կարեւորում են, միաժամանակ նշում, որ բարձրացված ոչ բոլոր խնդիրների հետ կապված մտահոգություններն են կիսում:

Ազատազրկված անձանց պաշտպանությունն ապահովելու նպատակով գործող ստանդարտները համեմատվել են  կատարված բյուջետային հատկացումների հետ: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փորձագետները եզրահանգել են, որ հատկացվող միջոցների տնօրինման նկատմամբ կա անբարեխիղճ վերաբերմունք, եւ գնումների կազմակերպման գործընթացն իրականացվում է անարդյունավետ: Սրանք են այն առանցքային խնդիրները, որոնք առանձնացվել եւ ներառվել են փորձագետների կազմած զեկույցում: Այս մասին, մեզ հետ զրույցում, փոխանցեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Երկու հիմնական մասշտաբի ենք բաժանել: Առաջինը՝ առհասարակ ինչպես է տեղի ունենում այդ պլանավորումը եւ երկրորդը՝ արդեն հենց գնումների գործընթացը: Առանձնապես աչքի են ընկնում ապրանքների, մասնավորապես, սննդի, հանդերձանքի եւ դեղորայքի գնման եւ տնօրինման խնդիրները»:

Նկատվել է նաեւ մեկ անձից գնումների գործընթաց եւ նույն կազմակերպության կողմից իրականացված մի շարք ապրանքատեսակների ձեռքբերում, որոնց նկատմամբ որակական վերահսկողություն չի գործում: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ Արմեն Միրզոյանը դա բացառեց:

Պետական պաշտոնյան նշեց, որ ՀԿ-ի կատարած աշխատանքը կարեւորում են, ասաց, որ բարձրացված բազմաթիվ հարցեր ուսումնասիրվում են նաեւ իր ղեկավարած վարչության կողմից եւ իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ներառած ոչ բոլոր մտահոգություններն են իրենց համար ընդունելի: Նկատելի է միակողմանիություն.

Իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան, հետազոտող Հայկ Թադեւոսյանը նշեց, որ կա անհամապատասխանություն կառավարության սահմանած իրավական փաստաթղթերի հետ:

«Օրինակ՝ այն չափաբաժինը, որ պիտի ստանա ազատազրկվածը եւ փաստացի ձեռքբերվածը իրար չեն համապատասխանում՝ շեշտեց իրավապաշտպանը»:

Սննդակարգի չափաբաժիներ սահմանող կառավարության որոշումից զատ, կա նաեւ որոշում դրանց փոխարինման մասին՝ մեզ հետ զրույցում հակադարձեց արդարադատության ներկայացուցիչը: Արմեն Միրզոյանի խոսքով, եթե համադրում կատարվեր, ապա՝ իրավապաշտպան կազմակերպության համար հստակ կլիներ, որ բոլոր դատապարտյալներն էլ, եթե սահմանված մթերքը չեն ստանում, ապա՝ ստանում են փոխարինողը: Հայաստանի Ֆինանսների նախարարության՝ խնդրով իրավասու բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Դադիվանյանն էլ որոշ խնդիրների արձանագրումը չհամադրելու արդյունք համարեց:

Իրավապաշտպան Հայկուհի Հարությունյանի դիտարկմամբ՝ «Բյուջեի տնօրինման գործընթացը ուղղակի սխալ եւ ոչ արդյունավետ պլանավորման խնդիր է եւ դրա հետեւանքով է, որ չարաշահումները, որոնք որ թույլ են տրվում, ունեն իրենց արդարացումը»:

Իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները կարծում են, որ բյուջեի անարդյունավետ կառավարման խնդիրների վերհանմամբ եւ պատկան ատյանների ներկայացուցիչների հետ նման քննարկումներով հնարավոր է կլինի հասնելու նրան, որ ապահովվի ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն ամբողջ ծավալով:

Հանրային ռադիո

INTERESTING POSTS