ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին

2021 թ․ մարտի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Մեդիա Կենտրոնում մասնակցել է ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին առցանց քննարկմանը։

Քննարկմանը անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերին:

Հ․ Հարությունյանի գնահատմամբ՝ ներկայացված վերջին փոփոխությունների փաթեթը սահմանված միջազգային ստանդարտների համապատասխանելիություն առումով որևէ առնչություն չունի և որպես օրինակ կարելի է առանձնացնել Կարգապահական ինստիտուտի փոփոխությունների հատվածը, որտեղ անձանց հնարավորություն է ընձեռնվել ուղղակիորեն դիմել Բարձրագույն դատական խորհրդին։

Ներկա կարգավորումներով ներպետական օրենսդրության համաձայն, որպես միջանկյալ ֆիլտրող օղակ հանդես էր գալիս Արդարադատության նախարարությունը, Էթիկայի և Կարգապահական հարցերի հանձնաժողովը և առանձին օրենսդրական հիմքերով նախատեսված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Նշված մարմինները կարող էին գործերը ուսումնասիրել և հիմքեր լինելու պարագայում ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։

Նմանատիպ ֆիլտրող օղակների առակայությունը հենց բազմիցս անգամ ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, որը հնարավորինս հավասարեցված էր միջազգային ստանդարտներին։

Նախագծի հեղինակների կողմից շեշտադրվում է, որ նման ուղղակի հնարավորությունը ստեղծվել է քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։

«Բացասական եմ գնահատում նման մոտեցումը, քանի որ էստեղ մենք ոչ թե բացառելու ենք խախտումները կամ բարձրացնելու ենք դատավորների գործունեության արդյունավետությունը, այլ ստեղծելու ենք նոր ռիսկեր և լրացուցիչ ծանրաբեռնվածություն դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի համար։ Նման պարագայում դժվար է պատկերացնել գործեր, որի երկու կողմերը գործի ելքից բավարարված կլինեն։ Բացի այդ Բարձրագույն դատական խորհրդին տրվում է գործառույթ, որը նրա սահմանադրական կարգավիճակից չի բխում»-նշել է Հ. Հարությունյանը։

Հ. Հարությունյանի կարծիքով սույն նախագծով առաջանում է կարգապահական ինստիտուտի մի նոր աղավաղված վիճակ և քաղաքական միջամտության հնարավորություն, բացի այդ  դատական անկախության արդյունավետության և անկախության հեռանկարների վերացում։