Վերաքննիչ Վարչական դատարանը բավարարել է Առողջապահության նախարարի հրամանների իրավաչափության վիճարկման վերաբերյալ դիմումը Վարչական դատարանի կողմից ընդունելը մերժելու դեմ ներկայացված բողոքը

2020թ․ հոկտեմբերի 19-ին Ա․ Հայրապետյանի կողմից դիմում  է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարի՝ թիվ 1795-Ա և թիվ 1239-Ա հրամանները մասամբ ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին։

Դիմումով վկայակոչված և վիճարկման առարկա հրամանները կարգավորել են մասնավորապես արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը:

2020 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ ՀՀ Վարչական դատարանը դիմումի ընդունումը մերժել է՝ հիմնավորելով որոշումը նրանով, որ նշված հրամանները նորմատիվ իրավական ակտեր չեն:

Վարչական Դատարանը նաև փաստել է, որ վիճարկվող հրամանները, թեև պարունակում են նորմատիվ բնույթի բաղադրիչներ, այնուամենայնիվ այդ հրամաններն ընդունվել են որպես անհատական իրավական ակտեր, և ոչ թե որպես նորմատիվ իրավական ակտեր, հետևաբար այդ ակտերի իրավաչափությունը չի կարող քննության առարկա դարձվել ՀՀ վարչական դատարանում՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի համար սահմանված ընթացակարգով:

2020թ․ դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որում ներկայացվել է նաև այն հիմնավորումը, որ սույն գործի շրջանակներում դիմումով բարձրացված հարցերն ու դրանք կարգավորող առողջապահության նախարարի հրամանները սահմանել են վարքագծի ընդհանուր կանոններ՝ ուղղված անորոշ խմբի շրջանակի, հետևաբար դրանք չեն կարող համարվել անհատական վարչական ակտեր։

2021թ․ հունվարի 19-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել, որով   բավարարել է Ա․ Հայրապետյանի կողմից ներկայացված բողոքը և վերացրել թիվ ՎԴ/8278/05/20 վարչական գործով վարչական դատարանի 27․10.2020թ․ «Դիմումի ընդունումը մերժելու» որոշումը։

Համաձայն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ Թեև ՀՀ վարչական դատարանը  փաստել է, որ վիճարկվող հրամանները պարունակում են նորմատիվ բնույթի բաղադրիչներ և դրանցով նաև սահմանված են վարքագծի կանոններ, որոնք անմիջականորեն կարող են առնչվել անորոշ խումբ սուբյեկտներին՝ նույն հրամանով սահմանված դեպքերով, այնուհանդերձ սխալ մեկնաբանելով և կիրառելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի դրույթները, եկել է սխալ եզրահանգման առ այն, որ այդ հրամանները ընդունվել են որպես անհատական իրավական ակտեր և ոչ թե որպես նորմատիվ իրավական ակտեր։

Դատարանը եզրահանգել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից սխալ է կիրառվել նաև Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նորմը, որով ղեկավարվելով էլ դատարանը եկել է Ա․ Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ անհիմն եզրակացության։

Սույն գործը էական նշանակություն ունի ՀՀ-ում կորոնովիրուսային հիվանդության առնչությամբ ՀՀ Առողջապահության նախարարության կողմից ոլորտի նորմատիվային հիմքերով կարգավորման ու պատշաճ բուժօգնություն տրամադրելու հարցերի պարզման համար։

Ա․ Հայրապետյանի շահերը դատարանում ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները։