Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Վարչական դատարանը բավարարել է Ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջը

2021թ․ փետրվարի 23-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Ա․ Ավագյանի) կայացրել է վճիռ, որով   պարտավորեցրել է Ոստիկանությանը ընդունել ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով Թեհմինե Ենոքյանին պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500.000 ՀՀ դրամի չափով տրամադրելու վերաբերյալ վարչական ակտ։

Թ․ Ենոքյանի շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։

Դատարանը հաստատված է համարել, որ 2013 թ. դեկտեմբերի 1-ին Ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարության /Թեհմինե Ենոքյանի ազատությունն անհիմն սահմանափակելու/ արդյունքում վերջինիս պատճառվել է հոգեկան տառապանք: Մասնավորապես՝ Թեհմինե Ենոքյանին ազատությունից զրկելուց հետո դրա պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելու, վերջինիս ազատությունից զրկելը, բերման ենթարկելը որևէ կերպ չփաստաթղթավորվելու արդյունքում Թեհմինե Ենոքյանին պատճառվել են վախի, տագնապի և անորոշության զգացողություններ։

Դատարանի գնահատմամբ հոգեկան տառապանքի աստիճանն էապես պայմանավորված է եղել նաև այն հանգամանքով, որ Թեհմինե Ենոքյանը հանդիսանալով լրագրող բերման է ենթարկվել որպես ակցիայի մասնակից:

Նյութական վնասի հատուցման մասով հայցը մերժվել է։

Ոստիկանության գործողությունները

2013 թ. դեկտեմբերի 1-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող վերնանցման հատվածում խաղաղ ցուցարարները կազմակերպել են բողոքի ակցիա, որի նպատակն է եղել «Ինքնիշխան ՀՀ» և «Անհնազանդություն» վերտառությամբ պաստառներ փակցնելով՝ արտահայտել իրենց դժգոհությունն ու անհնազանդությունը ՌԴ նախագահի ՀՀ այցի դեմ:

Որպես լրագրող իր մասնագիտական պարտականությունները կատարելու և բողոքի ակցիան լուսաբանելու նպատակով այնտեղ է գտնվել նաև Թ․ Ենոքյանը՝ տեսանկարահանելով բողոքի ակցիայի ընթացքը:

Նրանց են մոտեցել քաղաքացիական հագուստով հինգ անձինք՝ ներկայանալով որպես ոստիկանության աշխատակիցներ: Վերջիններս պահանջել են դադարեցնել բողոքի ակցիան՝ պարզաբանելով, որ ցուցարարները պաստառներ են փակցրել օրենքով չնախատեսված վայրում, ինչի պատճառով ցուցարարներին, ինչպես նաև լրագրող Թեհմինե Ենոքյանին բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժանմունք։

Ոստիկանները Թ․ Ենոքյանին չեն հայտնել իրենց պաշտոնը, կոչումը, չեն ներկայացրել նրա գործողությունների հակաիրավական լինելու վերաբերյալ որևէ հիմք, չեն կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, չեն պարզաբանել իրավունքները և բռնի ուժ գործադրելով նստեցրել են առանց տարբերանշանի ավտոմեքենա։

Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին գործի ընթացքը

2016թ․-ին Թ․ Ենոքյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության կողմից իր՝ ազատության և անձնական անձեռնամխելիության և արտահայտվելու ազատության, այդ թվում՝ լրատվության ազատության իրավունքների խախտմանն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։

Դատարանը ՎԴ/2981/05/16 գործով կայացրած վճռով հաստատված է համարել Թ․ Ենոքյանի իրավունքների խախտման փաստը և ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ոստիկանների գործողությունները:

Ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասները հատուցելու պահանջ

2019թ․-ին դիմում է ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական և նյութական վնասի տրամադրելու վերաբերյալ։

Որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ խախտված հիմնարար իրավունքներ շեշտվել են Թեհմինե Ենոքյանի

•      անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը,

•      անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, այդ թվում՝ մասնագիտական՝ լրագրողական գործունեությանը չմիջամտելու մասով,

•      կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը։

Վնասի հատուցման դիմումը մերժվել է։ 2020թ․ մայիսի 5-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ 500.000 ՀՀ դրամի չափով, պատճառված նյութական վնասների հատուցում՝ 350.000 ՀՀ դրամի չափով վարչական ակտն ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

INTERESTING POSTS

Զեկույց՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով հատուկ կարգով անցկացված որակավորման քննությունների վերբերյալ․ Օրենսդրական կարգավորումներ և պրակտիկա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է դատավորների թեկնածուների