ԵԽ Նախարարների կոմիտեի որոշումը «Մ. Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով

2020թ, հունիս 4-ին ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով որոշումը։

2020թ. մայիսի 6-ին  հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։

Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնով սահմանված կարգով։

Գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին:

Նախարարները փաստել են, որ դատարանն արձանագրել էր  Սաղաթելյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում, մասնավորապես՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ և 13-րդ:

Նախարարների կոմիտեն իր որոշմամբ անդրադարձ է կատարել նաև.

  • սահմանադրական և օրենսդրական փոփոխություններին՝ վատ վերաբերմունքի դեմ պայքարի և նման մեղադրանքների քննության ոլորտին, կոչ անելով ՀՀ իշխանություններին ընդունել օրենքների նախագծերը՝ առանց հետագա հապաղման՝ իրավական դաշտում դրական փոփոխություններ կատարելու համար, և իշխանություններին առաջարկել է տրամադրել տեղեկատվություն՝ ընդունված օրենքների կատարման վերաբերյալ:
  • տեսաձայնագրման սարքավորումների աստիճանական տեղադրմանը՝ ոստիկանության տարածքում և առաջարկել է իշխանություններին պարզաբանել դրանց օգտագործումը, մասնավորապես՝ արդյո՞ք իրավապահ մարմինները պարտավոր են հարցաքննությունների ընթացքում այդ ձայնագրությունները օգտագործել որպես ապացույց:

Նախարարների կոմիտեն ՀՀ իշխանություններին կոչ է արել քայլեր ձեռնարկելու՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի ընդունման և դրա ուժի մեջ մտնելու հետագա հետաձգումներից խուսափելու համար, որպեսզի դատախազության և դատական մարմինների պրակտիկան համապատասխանեցվի կալանքի վերաբերյալ Կոնվենցիայի պահանջներին:

ԵԽ Նախարարների կոմիտեի որոշումը