ՀՔԾ-ն երրորդ անգամ կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» առնչությամբ քրեական գործը

2020 թ. հունվարի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը  երրորդ անգամ կասեցրել է  2015թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագինը թանկացնելու դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կողմից իրականացված նստացույցի ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների վերաբերյալ հարուցված թիվ 62217915 քրեական գործով վարույթը:

ՀՔԾ-ն կասեցման որոշումը վերստին հիմնավորել է նույն փաստարկով, այն է՝«որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չէ»:

Քրեական գործը կասեցնելու որոշումը՝ 2020թ. փետրվարի 10-ին բողոքարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանների կողմից, ովքեր հանդիսանում են գործով տուժողների ներկայացուցիչներ:

Կազմակերպությունը դատախազություն ներկայացված բողոքում պնդել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն իրականացվել անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները քանի որ, հակառակ պայմաններում, վարույթն իրականացնող մարմինը կարող էր հայտնաբերել այն անձանց, ովքեր տվյալ քրեական գործով պետք է ներգրավվեին որպես մեղադրյալներ:

Գլխավոր դատախազության կողմից 2020թ. փետրվարի 13-ին  կայացված որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշման դեմ բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2020 թվականի մարտի 20-ին կազմակերպության փաստաբանները  դատախազության որոշումը  բողոքարկել են դատական կարգով:

Միևնույն ժամանակ, 2020թ. հունվարի 16-ին ոստիկանության պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, այն է՝ որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության օպերատիվ-փնտրողական վարչության 4-րդ բաժնի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2015 թվականի հունիսի 23-ին անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որը զուգորդվել է բռնություն գործադրելով: Որոշում է կայցվել սույն քրեական գործն անջատել առանձին վարույթում և անջատված գործին շնորհվել է  62201620 համարը:

Հատկանշական է, որ, եթե վարույթն իրականացնող մարմնի կողմից հնարավոր է եղել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձին ներգրավվելու քրեական գործով վարույթին որպես մեղադրյալ և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, ապա վարույթն իրականացնող մարմինը ողջամտորեն ունակ է եղել հայտնաբերելու և քրեական գործով վարույթին ներգրավելու ՀՀ ոստիկանության բոլոր այն ծառայակիցներին, ովքեր պատասխանատու են եղել տուժողների նկատմամբ կիրառված բռնության, նրանց ազատության անօրինական սահմանափակման համար, քանի որ քրեական գործի նյութերում առկա են և՛ տուժողների ցուցմունքները, և՛ տեսանկարահանումներ, և՛ այլ ապացույցներ:

Ավելին,  տուժողների և նրանց շահերը պաշտպանող իրավաբանների կողմից վարույթն իրականացնող մարմնին են ներկայացրել լուսանկարներ և տեսահոլովակներ՝ մատնանշելով իրենց նկատմամբ բռնություն և վատ վերաբերմունք դրսևորած ոստիկանության և ոստիկանության քաղաքացիական հագուստով ծառայողների, մինչդեռ վարույթն իրականացնող մարմինը քննության 5 և ավելի տարիների ընթացքում չի նույնականացնել նրանց և որևէ քննչական գործողություն, այդ թվում՝ տուժողի հետ առերեսում, ճանաչման ներկայացում, չի իրականացվել:

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 23-ին իրականացվող նստացույցի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է հատուկ միջոց ջրանետ, բացի այդ ոստիկանության աշխատակիցները և քաղաքացիական հագուստով անձինք ֆիզիկական բռնություն են կիրառել, հավաքի մասնակիցների նկատմամբ նրանց բերման ենթարկելու, վատ վերաբերմունքի ենթարկելու, հավաքը և ոստիկանության գործողությունները լուսաբանող լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, լրագրողների տեսաձայնագրող սարքավորումները վնասելու կամ ոչնչացնելու միջոցով: