Քննարկում. «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների»

2019թ. դեկտեմբերի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը, որպես բանախոս, մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրով քննարկմանը (5:57:52):

Պանելային քննարկման ժամանակ բարձրացվել են տեղեկատվական ազատության հետ կապված առկա հիմնական խնդիրները, տեղեկատվության հասանելիությանն առնչվող հարցերը, արտահայտման ազատության և լրագրողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների իրավունքների ոտնահարումներին առնչվող գործերի քննության հետ կապված խնդիրները:

Հասմիկ Հարությունյանը անդրանդարձ է կատարել 2015 թվականի հունիսի 23-ին, 2016 թվականի հուլիսի 17-30-ին, 2018 թվականի ապրիլի 16-23-ին խաղաղ հավաքների ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումներին, որոնց շրջանակներում  հարուցված քրեական գործերի շրջանակներում որպես տուժող են ներգրավվել ավելի քան 300 անձինք:

Նրա խոսքերով, տեղի ունեցած խաղաղ հավաքների և երթերի ընթացքում  ոստիկանության ծառայողների և քաղաքացիական համազգեստով անհայտ անձանց կողմից բռնություն է կիրառվել հավաքների մասնակիցների նկատմամբ՝ հատուկ միջոցներ կիրառելու, նրանց բերման ենթարկելու, վատ վերաբերմունքի ենթարկելու, ոստիկանության բաժանմունքներում սահմանված ժամանակից ավելի պահելու, լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, հատուկ միջոցներ կիրառելու միջոցով:

Երեք դրվագով էլ քննվող գործի շրջանակներում նախաքննական մարմինների կողմից մի քանի անգամ ստացվել են որոշումներ, որոնց համաձայն՝ կասեցվել և վերսկսվել են վերոնշյալ գործերի շրջանակներում հարուցված քարեկան գործերը:

Հ. Հարությունյանը տեղեկացրել է, որ  ուժային կառույցների, նախաքննական մարմինների, դատական համակարգի կողմից համապատասխան արձագանքի բացակայության պատճառով կազմակերպությունը վերոնշյալ գործերի շրջանակներում դիմում-առաջարկով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին, խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների  պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՀՀ Կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին:

Կազմակերպությունը առաջարկել է կազմակերպել խորհրդարանական լսումներ  տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների և դրանց արդյունքում տուժած անձանց արդյունավետ պաշտպանության հնարավորությունների շուրջ:

Հ. Հարությունյանը արձանագրեց, որ  ՀՀ-ում հավաքների ազատության իրավունքի լայնամաշտաբ խախտումների մասով առկա է անպատժելիության մթնոլորտ, ինչը ունակ է ապագայում թույլ տալ նոր խախտումներ: