2019թ. հուլիսի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը տոնում է իր հիմնադրման 10-ամյակը:
Կազմակերպության նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, ամրապնդել իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքները Հայաստանում:
Կազմակերպությունը մասնագիտացված է իրավունքի գերակայության, դատաիրավական ինչպես նաև անվտանգության ոլորտի և հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում, որոնց ուղղությամբ իրականացվել են թվով 23 ծրագրեր:
- Մոնիթորինգ
Կազմակերպությունն օժտված է փակ ու կիսափակ հաստատությունների և դատական մոնիթորինգի, մարդու իրավունքների խախտումների փաստագրման, ոլորտային գնահատումների, հետազոտությունների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների պրակտիկ պաշտպանության կարողություններով և փորձով:
Այս տարիների ընթացքում Կազմակերպության գործունեության շրջանակներում առանցքային է հանդիսացել դատական մոնիթորինգները: Այս առումով հաջողությամբ իրականացվել են թվով 13 երկարաժամկետ և համակարգված դատական թեմատիկ մոնիթորինգներ, ընդգրկելով՝ վարչական արդարադատության ոլորտը, կարգապահական և քրեական պատասխանատվության առանձնահատկությունները զինված ուժերում, դատարանների գործունեության գնահատում:
Կազմակերպության կողմից իրականացվել են նաև դատական իշխանության անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության խորհրդի գործունեության մոնիթորինգ:
Իրականացվել է նաև անվտանգության ոլորտի՝ զինված ուժերի, իրավապահ մարմինների, քրեակատարողական համակարգի գործունեության մոնիթորինգներ:
Քրեակատարողական ոլորտում կազմակերպության կողմից դեռևս 2014թ-ին ՀՀ-ում առաջին անգամ կատարվել է ուսումնասիրություն, որը նպատակ է հետապնդել գնահատել ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը պետության կողմից մշակվող և իրականացվող քաղաքականության արդյունավետության և դրան համապատասխան ֆինանսական հատկացումների տեսանկյունից:
Կազմակերպությունը իրականացրել է ծրագրեր ուղղված՝ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացի նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմների ձևավորմանը:
Կազմակերպության կողմից իրականացվել է նաև պետության կողմից միջազգային կառույցների առջև ստանձնած գործողությունների պլանի կատարման մոնիթորինգ: Ինչպես նաև ներկայացվել են այլընտրանքային կարծիքներ և դիտարկումներ մարդու իրավունքներին առնչվող օրենքի նախագծերի վերաբերյալ:
Կազմակերպության կողմից ներկայացված այլընտրանքային զեկույցները, կարծիքներն ու գնահատականներն ընդունված են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից (Եվրոպայի խորհուրդ, Վենետիկի հանձնաժողով, ԱՄՆ պետդեպարտամենտ, ՄԱԿ-ի մարմիններ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանց) և օգտագործվում են որպես վստահելի տեղեկատվության աղբյուր:
- Հետազոտական աշխատանք
Կազմակերպությունն իրականացրել է թեմատիկ հետազոտություններ՝ դատական իշխանության անկախության, քրեակատարողական համակարգի խնդիրների, Հայատաստանում պրոբացիոն համակարգի, հոգեկան առողջության, երեխաների իրավունքների պաշտպանության, պատիժը կրելիս պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի առանձնահատկությունների և այլ ոլորտների առնչությամբ:
- Անվճար իրավախորհրդատվություն և դատական ներկայացուցչություն
2013 թվականից սկսած՝ կազմակերպությունը տրամադրել է մարդու իրավունքների խախտումների առնչությամբ անվճար իրավական խորհրդատվություն: Կազմակերպությունը վարել է ավելի քան 830 գործեր , որոնց հիման վրա իրականացրել է դատական ներկայացուցչություն՝ օգտագործելով շահերի պաշտպանության և այլ մեխանիզմներ:
2009 թվականից սկսած՝ կազմակերպությունը փաստագրելով և համակարգելով մարդու իրավունքների խախտումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել մոտ 70 գործեր, որոնց թվում են՝
- 2015թ.-ի հունիսի 23-ին Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ իրականացվող «Էլեկտրիկ Երևան» շարժման ժամանակ ոստիկանության բռնի գործողություններից տուժած քաղաքացիների 7 գանգատները: Գանգատներից 5-ի կապակցությամբ կազմակերպությունը ստացել է ՄԻԵԴ կողմից գործերի գրանցման որոշումները:
- 2016թ.-ի հուլիսի 17-ից մինչև հուլիսի 30-ը Երևանում ընթացող երթերի, հավաքների ժամանակ ոստիկանության գործողություններից տուժած քաղաքացիների 32 գանգատները: Գանգատներից 28-ի կապակցությամբ կազմակերպությունը ստացել է ՄԻԵԴ կողմից գործերի գրանցման որոշումները:
- 2018 թ.-ի ապրիլի 16-ից մինչև ապրիլի 23-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների գործողություններից տուժած քաղաքացիների 19 գանգատները: Գանգատներից 12-ի կապակցությամբ կազմակերպությունը ստացել է ՄԻԵԴ կողմից գործերի գրանցման որոշումները:
2016թ. ապրիլի 2-ից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կազմակերպության իրավաբանները մի խումբ իրավաբանների հետ համատեղ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակչության և զինծառայողների՝ իրավունքների խախտումների առնչությամբ ՄԻԵԴ են ուղարկել 359 գանգատ:
- Իրազեկման և կրթական գործունեություն
Կազմակերպությունը գործողություններ է ձեռնարկել մարդու իրավունքների և իրավունքի գերակայության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպման, օժանդակող նյութերի պատրաստման և տարածման միջոցով:
Կազմակերպությունը ծրագրեր է իրականացրել մարդու իրավունքների կրթության ուղղությամբ՝ դատավորների, դատախազների և իրավաբանների համար:
Հայաստանում առաջին անգամ մշակվել և մարդու իրավունքների դասընթացներ է իրականացվել զինված ուժերի սպայական և հրամանատարական անձնակազմի, ինչպես նաև ռազմական ոստիկանության ներկայացուցիչների համար: Մշակվել և ռազմական ուսումնական հաստատություններում ներդրվել է «Մարդու իրավունքներ» առարկայական ծրագիր:
- Մասնակցություն
Կազմակերպության աշխատակիցները գրեթե յուրաքանչյուր տարի իրենց մասնակցությունն են ունեցել ԵԱՀԿ «Մարդու իրավունքների իրացման տարեկան համաժողովներին», որտեղ, ի թիվս այլ խնդիրների, շեշտադրվել է իրավունքի գերակայության սկզբունքների իրականացման վիճակը:
Կազմակերպությունը հանդիսանում է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների, ցանցերի հասարակական խորհուրդների անդամ 2016թ.-ից կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը հանդիսանում է ԱլԳ ՔՀՖ-ի Վերստուգող Հանձնաժողովի անդամ և ԱլԳ ՔՀՖ 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում և կայունություն» աշխատանքային խմբի համակարգող:
2018թ.-ին կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ընտրվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ:
2019թ. ՀՀ-ում տեղի ունեցած «Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության» արարողության ժամանակ «Արդարադատության մատչելիություն» անվանակարգում մրցանակը շնորհվել է Կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ թափանցիկության, իրավունքի գերակայության, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար արդարադատության ապահովման ուղղությամբ գործադրած բացառիկ ջանքերի համար: