«Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունների օրակարգում» քննարկում

2019թ. հուլիսի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Սահմանադրական փոփոխությունների հարցը իշխանությունների օրակարգում» թեմայով քննարկումը:

Քննարկման բանախոս էր նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Քննարկումը միտված էր հասկանալու, թե գործող իշխանությունների կողմից ինչու են ուշանում կամ դանդաղում Սահմանադրական փոփոխություններին ուղղված քայլերը:

 

 

Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական փոփոխությունների կամ բարեփոխումներին ուղղված քայլերի ուշացմանը՝ Հ. Հարությունյանը ասաց, որ որպես քաղհասարակության ներկայացուցիչներ սպասում են գործող իշխանության պարզաբանումներին կամ բացատություններին:

«Հնչել են կարծիքներ տարբեր իրավաբանների կողմից, որը ես չեմ կիսում, որ Սահմանադրության փոփոխությունը կամ տեղի ունեցող հանրաքվեի չեղարկումը ավելորդ ցնցումներ և խնդիրներ կառաջացնեին մեր հասարակության մեջ»-ասաց Հ. Հարությունյանը:

Հ. Հարությունյանի կարծիքով՝ եթե ընդունենք, որ ՀՀ Սահմանադրությունը չէր փոփոխվելու, այդ դեպքում առնվազն գործադիր իշխանությունները պետք է ունենային լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որտեղ այն խնդիրները, որոնք պարբերաբար ի հայտ էին գալիս մեր հասարակությունում, պետք է այդքան չհասունային և գործադիր իշխանության  կողմից տարվող քաղաքականության միջոցով պետք է հասարակությունը բերվեր հարմոնիզացիայի այն մակարդակի, որը հնարավորություն կտար Սահմանադրական փոփոխությունների իրականացմանը:

Հ. Հարությունյանը պնդում է, որ այսօր մենք չունենք լայնածավալ բարեփոխումների օրակարգ և չունենք քննարկումների հարթակ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այս համատեքստում զարգացման ի՛նչ հնարավոր սցենար ունի իշխանությունը՝ այս պահին հայտնի չէ, որովհետև կարծես թե դրա շուրջ քննարկումները ևս բացակայում են:

«Անընդհատ լսում ենք դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ հայտարարություններ, որոնք իսկապես առաջնային են, բայց դրա ուղղությամբ ևս գործուն քայլեր չկան: Այսինքն՝ մենք ունենք հռչակագրային մակարդակում պաբերաբար արվող հայտարարություններ, բայց դրանց իրականացման ուղղությամբ գործուն քայլեր տեսանելի չեն»-ասաց Հ. Հարությունյանը:

Հ. Հարությունյանի խոսքերով, այն համատեքստում, որում Սահմանադրությունը ընդունվել է, այն ունեցել է այլ նպատակայնություն, և դրա նպատակն է եղել վերարտադրել նախկին նախագահին վարչապետի պաշտոնում:

«Արդյո՞ք գործող իշխանությունը ուզում է և նպատակահարմար է գտնում տեղավորվել ոչ իր նպատակայնության համար մշակված այդ փաստաթղթի շրջանակներում, ստացվում է՝ այսօր մենք ցավոք ունենում ենք դրական պատասխան, որովհետև հակառակի ուղղությամբ դեռ քայլեր չկան»-ավելացրեց Հ. Հարությունյանը:

Մեր կողմից ներկայացված կարծիքները մեղադրանքներ չեն՝ ուղղված գործող իշխանություններին, այլ  պատրաստակամություն և աջակցության առաջարկություն, որպես երկար տարիների փորձառություն և՛ մասնագիտացում ունեցող կազմակերպությունների, և՛ ինստիտուտների:

Հ. Հարությունյանի խոսքերով վեթինգի իրականացման առումով որոշումների կայացման ժամանակ ևս բախվելու ենք Սահմանադրական արգելքների: «Դրա որպես ենթաբաղադրիչ նշվել է, որ այդ գործողությունները իրականացվելու են Բարձրագույն դատական խորհրդի կողմից: Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման և լիազորությունների առնչությամբ կան օրենսդրական կարգավորումների խնդիրներ: Նույնսիկ Վենետիկի հանձնաժողովի կողմից արված դիտարկումները՝ Սահմանադրական օրենքի և դատական օրենսգրքի վերաբերյալ, մնացել են չհասցեագրված: Այսօր գործող Դատական օրենսգիրքը արդեն խնդրահարույց է զուտ Բարձրագույն դատական խորհրդի գործունեության տեսանկյունից: Բարձրագույն դատական խորհրդի որոշումների կայացման մեխանիզմների առնչությամբ մտահոգությունը արդեն բարձրացված են եղել և եթե մենք այս շտկումները չենք իրականացնելու և Բարձրագույն Դատական խորհրդի վրա դնելու ենք նոր լիազորություններ՝ դատավորների զտման, ատեստավորման, գնահատման, դա ավելի է մեծացնելու այն անհանգստաությունը և մտահոգությունը, որ գործընթացների, իրավունքի գերակայության և իրավական պետությանը հատուկ սկզբունքների տեսանկյունից գուցե և իրենց չարդարացնեն»:

Հ. Հարությունյանը տեղեկացրեց, որ «Իրավունքների  պաշտպանութուն առանց սահմանների» ՀԿ կողմից հրապարակել է  դատավորների թեկնածուների որակաորման քննությունների դիտարկումների  վերաբերյալ պատրաստված հաշվետվություն, որտեղ բավարար չափով խնդիրներ են դուրս բերվել:

«Նույնիսկ անձանց փոփոխությունը դատական համակարգում երաշխիք չի հանդիսանալու, որ նոր նշանակումները իրականացվելու են այնպես, որ ապահովվի այդ անբասիր կենսագրությունը մասնագիտական համապատասխան հմտությունները ունեցող անձանց համար: Միայն գրավոր որակավորման ստուգման գործընթացում օրենսդրական կագավորումները այնքան թերի են, որ հնարավորություն են ընձեռնում վերջնական որոշում կայացնող մարմնին, որը հանդիսանում է ԲԴԽ-ն կայացնել որոշում այնպես ինչպես յուրաքանչյուր անդամ այնտեղ նստած իր ներքին համոզմունքը կձևավորի: Նույնիսկ մասնագիտական ոլորտում առավելագույն միավորներ ստացած հավակնորդը, միևնույն է, բանավոր ստուգման ժամանակ ԲԴԽ կողմից կարող է որպես դատավոր չնշանակվել: Այդ որոշման կայացման համար որևէ հիմանավորում չկա, որը հասանելի լինի թեկնածուին, որը կկարողանա հասկանալ, թե ինչ պատճառով ԲԴԽ կոնկրետ անդամը իր բանավոր հարցազրույցի ժամանակ կայացրել է նման որոշում: