Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Քննարկում «Անցումային արդարադատություն. իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով

2019թ. հունիսի 27-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրիում անցկացրեց քննարկում՝ «Անցումային արդարադատություն. իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով:

Քննարկման բանախոս էր նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Հ. Հարությունյանի խոսքերով անցումային արդարադատության գաղափարը ծագել և շրջանառվել է դեռևս 2018թ. ապրիլից սակայն բարեփոխումների իրականացումը այս համակարգում հետաձգվել է մի շարք օբյեկտիվ պատճառներով, որոնց շարքում պետք է դասել ՀՀ Ազգային ժողովի ձևավորումը և ՀՀ նոր Կառավարության կայացումը:

«Կարծում եմ արդեն որոշակի նշմարելի սահմաններ կան, և հասարակական պահանջը այդ ուղղությամբ արդեն հասունացել է»-ասաց Հ. Հարությունյանը:

Հ. Հարությունյանի խոսքերով դատաիրավական համակարգի կամ արդարադատության ոլորտում տեղի ունեցող խախտումների, խնդիրների և ինստիտուտների ֆորմալ բնույթի մասին վկայել են նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից ՀՀ դեմ կայացված որոշումները: Ըստ էության ամբողջի համակցությունը եկել է պնդելու, որ ՀՀ-ում գործող կառավարման համակարգը, լինելով ավտորիտար, իսկապես սահմանազատման կամ անցումայնության կարիք ունի:

«Առաջին անգամն է, որ ՀՀ-ում սահմանազատման կամ անցումայնության պահանջ է առաջադրվել՝ մերժելով նախկին ավտորիտար ռեժիմը»-ավելացրեց Հ. Հարությունյանը:

Ցավալի է, որ իշխանության կողմից լայն քննարկումներ չեն իրականացվում: ՀՀ Աժ կողմից կազմակերպվող «Անցումային արդարադատության» թեմայով քննարկումը ողջունելի է, բայց նոր իշխանության մոտեցումները պարզ չեն, և մոտեցումների շրջանակ չի ուրվագծվել:

Լրագրողի հարցին  ի պատասխան, թե անցումային արդարադատության և վեթինգի գործընթացների իրականացումը արդյոք միաժամանակ չեն խանգարի միմյանց, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ անցումային արդարադատությունը և վեթինգը միմյանց փոխլրացնող գործիքներ են, և հաջողության հասնելու համար դրանք պետք է զուգահեռաբար իրականացվեն:

Ըստ Հ. Հարությունյանի՝ վեթինգը ենթադրում է կոնկրետ պաշտոն զբաղեցնող անձանց վերահաստատում իրենց պաշտոններում, և այդ գործընթացը իրենից ենթադրելու է գործունեության արդյունավետության գնահատում, որպեսզի հնարավոր լինի բացառել նախորդ ռեժիմի ազդեցությունը:

«Գուցե մենք կենտրոնացել ենք միայն դատավորների վրա, բայց վեթինգի գործընթացը վերաբերվում է նաև բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց, որոնց որոշումների կայացումից ՀՀ քաղաքացու կյանքի որակը, իրավունքների պաշտպանությունը կա՛մ վատթարանում է, կա՛մ բարելավվում է: Վեթինգի գործընթացով քաղաքացիները հնարավություն կունենան զգալու, որ չեզոքացվել է նախկին խմբակային շահերի և ոչ իրավական մեխանիզմների կիրառելիությունը իրենց առնչվող խնդիրների լուծման համար, երբ ինստիտուտները, որոնք սպասարկում են քաղաքացիներին, կսկսեն գործել բացառապես օրենքի հիման վրա՝ հավասարություն ապահովելով բոլորի համար օրենքի առջև: Այսինքն՝ այդ ամբողջ ինստիտուցիոնալ հենքը պետք է ազատվի այդ բարդ բյուրոկրատական մեխանիզմներից, ինչը համակարգային բարեփոխման արդյունք պետք է լինի»-ասաց Հ. Հարությունյանը:

Ինչ վերաբերում է դատարանների մուտքը փակելով Սահմանադրական կարգի տապալաման հարցին, Հ. Հարությունյանը պատասխանեց, որ շատ կարևոր է հաշվի առնել այն համատեքստը, որում տեղի է ունեցել այդ գործողությունը:

Հ. Հարությունյանի կարծիքով հայտնվել ենք այն իրավիճակում, որով ցանկանում ենք պահպանել ՀՀ Սահմանդրությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը:

«Բայց միևնույն ժամանակ արդյո՞ք այդ իրավական բազան, որ կա ՀՀ-ում ստեղծված իրավիճակում և համատեքստում, բավարար է դա ապահովեու համար: Կարծում եմ, որ այստեղ առաջանում է այդ անբավարարությունը, և ի հայտ է գալիս քաղաքական այդ տեսակի հայտարարությունների անխուսափելիություն, որոնք ցանկալի չեն: Մասնագիտական տեսանկյունից ես դա բավարար չեմ համարում: Ես չեմ համարում, որ դատական անկախ համակարգ կառուցելը պետք է ստեղծվի գործադիր մարմնի ղեկավարի՝ հանձինս վարչապետի կողմից դատարանների գործունեության նկատմամաբ քաղաքական, հասարակակական ակցիա իրականացնելու միջոցով: Հասարակությունը պետք է ազդեցություն ունենա, և դատարանը պետք է լինի հաշվետու իր գործունեության վերբերյալ, բայց դա չպետք է միջնորդավորված լինի քաղաքական  գործիքի կամ միջոցառման տեսքով: Պետք է հասունացել այն իրավական մեխանիզմները, որոնք հետագայում նման գործողությունները կբացառեն»-հավելել է Հ.Հարությունյանը:

INTERESTING POSTS