SOS ինտերնետային հաղորդաշարի գործը բողոքարկվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը ընդունել է վարույթ վերաքննիչ բողոքը և դատական նիստ նշանակել 2017թ. հունիսի 21-ին, ժամը 11:35-ին:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, SOS ինտերնետային հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի փաստաբան Հայկուհի Հարությունյանը դիմել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան,  բողոքարկելու թիվ ԵԱՔԴ/2551/02/15 գործով դատարանի որոշումը՝ ոստիկանության ներկայացուցիչներ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հայցի բավարարման և հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու մասով, նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքով:

 

Հիշեցնենք, որ 2015թ. հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ Ոստիկանության և ՀՀ ոստիկանության ծառայողներ Արթուր Ռաֆիկի Մադաթյանի և Սերգեյ Սերյոժայի Զաքարյանի հայց են ներկայացրել ընդդեմ ՏՕՏ ինտերնետային շոուի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի՝ հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում հրապարակայնորեն արտահայտած վիրավորանքի համար անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

 

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել էր բավարարել հայցը մասնակիորեն մերժելով անձին քաղաքացիական պատասխանատվության ենթարկելու և նյութական փոխատուցում կատարելու պահանջը, սակայն բավարարելով պարտավորեցնելու Վիլեն Գաֆեջյանին ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանից և Սերգեյ Զաքարյանից հրապարակայնորեն ներողություն  խնդրելու պահանջը:

 

Ոստիկանները վիրավորանք էին համարել  SOS-ի ինտերնետային հաղորդման այն հատվածը, որտեղ մեկնաբանվում էր ոստիկանների պահվածքը, երբ ոստիկանության ծառայողները փողոցի երկայնքով քարշ էին տալիս նախագահական նստավայրի դարպասների մոտ գտնվող խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերին:

 

Հայցվորները, որպես վիրավորական արտահայտությունների հիմնավորում ներկայացրել են ՀՀ ոստիկանության 02 լրատվական թողարկման սկզբնահատվածի ներկայացումը, հաղորդավարի կողմից ոստիկանության ծառայողի համազգեստի հետ ակնհայտ նույնացվող հագուստի կրումը, «սիրելի հայրենակիցներ, եթերում Գ ու հենց-ընենց յոթ հաղորդաշարի առաջին թողարկումն է» նախադասությունը, հաղորդավարի կողմից, աջ ձեռքի շարժումով ուսադիր ցույց տալը  և «մենք՝ Գ ու հենց-ընենց յոթերս, ՀՀ քաղաքացու պաշտպաններն ենք, ծառաներն ու բարեկամները» արտահայտության օգտագործումը:

 

Ոստիկանները գտնում են, որ վերը նշված արտահայտությունները հավասարապես վերաբերելի են թե ոստիկանության ծառայողներին, թե ոստիկանության համակարգին:

 

Դատարանը համարել է, որ պատասխանողը գիտեր կամ առնվազն ակնհայտորեն պետք է իմանար նշված հաղորդման պատրաստման ընթացքում իր կողմից կատարված արտահայտությունների՝ վիրավորանք լինելու մասին, այսինքն՝ վերջինս ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդավորված կերպով հանդիսանում է վիրավորանք կատարած անձ: