Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հայտարարություն

18 օգոստոսի 2025 թ

Նուբարաշենի աղբավայրում մի քանի օր տևած հրդեհը թանձր ծխով ու գարշահոտութամբ էր պատել ամբողջ Երևանը և հարակից համայնքները։ Թեև, ըստ պաշտոնական տվյալների, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվեց մեկուսացնել հրդեհը, աղբավայրը օրեր շարունակ շարունակում է ծխալ, ինչը փաստում է, որ աղբավայրի ստորին շերտերում այրումը դեռևս շարունակվում է։ Օրեր շարունակ թունավոր տարրեր պարունակող ծուխը հասնում է Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ առաջացնելով կամ սրելով բնակիչների մոտ առկա առողջական խնդիրները, հատկապես շնչառական ուղիների կամ ալերգիա ունեցողների մոտ։ Նշվածին գումարվում է Երևան քաղաքում օդի աղտոտվածությունը, որը, ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տվյալների, նորմաներից զգալիորեն բարձր է, հատկապես Երևանի որոշ վարչական շրջաններում։

 Վերջին տարիներին Նուբարաշենի աղբավայրը հաճախ է այրվում՝ մթնոլորտային օդ արտանետելով վտանգավոր հիվանդածին նյութեր։ Յուրաքանչյուր անգամ տրվում են ժամանակավոր լուծումներ, հիմնականում վերին շերտը հողով ծածկելու միջոցով՝ մինչև հրդեհի հաջորդ բռնկում։

Բաց աղբավայրի շահագործումը լրջագույն վտանգներ է առաջացնում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար։ Չնայած այն հանգամանքին, որ խնդիրը նոր չէ, համաձայն հրապարակային տվյալների, առողջության վրա ազդեցության որևէ պաշտոնական գնահատում չի կատարվել, չեն ձեռնարկվում պատշաճ քայլեր խնդրին համակարգային լուծում տալու ուղղությամբ։

Նուբարաշենի աղբավայրը Հայաստանում ամենամեծն է, որտեղ օրական 1000-1300 տոննա թափոն է տեղափոխվում, այդ թվում՝ վտանգավոր թափոններ։ Այս բաց  աղբավայրը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, այն նույնիսկ ցանկապատված չէ, կատարված չէ հիմքի մեկուսացում, ինչի հետևանքով հոսքաջրերը հոսում են հողի ենթաշերտեր՝ թունավոր նյութերով աղտոտելով ստորգետնյա ջրերը, օդը և հողերը՝ կրկին ստեղծելով բնակիչների առողջության համար լրջագույն ռիսկեր։ Աղբավայրը կեր հայթայթելու վայր է բազմաթիվ կենդանիների և թռչունների համար, ինչն իրական սպառնալիք է վարակների տարածման համար ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց շրջանում։ 

Ավելին, ուսումնասիրությունները փաստում են, որ աղբավայրում աշխատում և վերամշակման ենթակա թափոնները առանց պաշտպանիչ միջոցների տեսակավորում են տասնյակ անձինք, այդ թվում՝ անչափահասներ: 

Նուբարաշենի աղբավայրի կառավարումը ի լրումն քաղաքային պլանավորման հարցի՝ նաև լրջագույն մարդու իրավունքների մարտահրավեր է: Մասնավորապես, թափոնների անարդյունավետ կառավարումը, այդ  թվում՝ վտանգավոր թափոնների ոչ պատշաճ հեռացումը և վերամշակումը, ունակ է հանգեցնելու շրջակա միջավայրի աղտոտման, այդ թվում՝ օդի, հողի, ջրի, վարակների և հիվանդությունների տարածման, թունավոր նյութերի ազդեցության։ Շնչառական հիվանդություններ, ալերգիաներ, սրտանոթային խնդիրներ կամ իմունային անբավարարություն ունեցող մարդիկ առավել զգայուն են օդի աղտոտվածության նկատմամբ, ինչը կարող է հանգեցնել առողջական վիճակի կտրուկ վատթարացման։ Թունավոր նյութերով հարուստ մթնոլորտը ոչ միայն սրում է առկա հիվանդությունները, այլև կարող է առաջացնել նոր խնդիրներ, այդ թվում՝ երկարաժամկետ վնասներ թոքերին և այլ օրգան-համակարգերին։ Այս իրավիճակը նաև ընդգծում է, որ շրջակա միջավայրի աղտոտման և թափոնների ոչ պատշաճ կառավարման հետևանքները պետք է դիտարկվեն մարդու իրավունքների և հանրային առողջության համատեքստում՝ ներառելով խտրականության ենթարկվող անձանց խմբերին այդ որոշումների կայացման գործընթացներում։ 

Թեև, տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Երևանի համայնքային իշխանությունները խոստանում են հիմնել աղբի տեսակավորման և վերամշակման գործարան, մինչ օրս այդ ծրագրերը կյանքի չեն կոչվել տարբեր, այդ թվում՝ բաց աղբավայրից հայթայթված թափոնների շրջանառության հնարավոր կոռուպցիոն ռիսկերով պայմանավորված։ Սկսած 2016 թ․ քաղաքային իշխանությունները տարիներ ի վեր քննարկել են նոր աղբավայր կառուցելու և հինը փակելու/կոնսերվացնելու ծրագիրը՝ այդ նպատակի համար տրամադրելուվ նաև 24 հա հողատարածք։

2023 թվականին Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն իր մտահոգությունն էր հայտնել Հայաստանում «օդի աղտոտվածության բարձր մակարդակով և դրա՝ առողջական վիճակի վրա ազդեցությամբ, մասնավորապես՝ առավել խոցելի վիճակում գտնվողների շրջանում»: Կոմիտեն առաջարկել էր Հայաստանի կառավարությանը՝ «Կրկնապատկել իր ջանքերն օդի աղտոտվածության դեմ պայքարի և համապատասխան կանոնակարգերի պահպանման ապահովման շրջանակը բարելավելու համար՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության օդի որակի վերջին ուղեցույցները՝ օդի որակի չափանիշները ամրապնդելու նպատակով»:

Հաշվի առնելով վերոգրյալ մտահոգությունները՝ ներքոստորագրյալ կազմակերխությունները Հայաստանի Հանրապետության կառավարությունից և Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք․ 

  • Կազմակերպել հանրային լսումներ՝ մասնագիտացած և շահագրգիռ կազմակերպությունների և մասնագետների մասնակցությամբ՝ քննարկելու աղբի տեսակավորման, վերամշակման գործարանի և չվերամշակվող թափոնների անվտանգ ուտիլիզացիայի համար պոլիգոնի կառուցման անհրաժեշտության ծրագիրը և նշված խնդիրները լուծելու առավել արդյունավետ մոտեցումները։
  • Հնարավորին կարճ ժամանակահատվածում հայտարարել մրցույթ աղբի տեսակավորման, վերամշակման ենթակա թափոնների ընդլայնման և դրա համար ենթակառուցվածքի կառուցման, իսկ չվերամշակվող թափոնների անվտանգ ուտիլիզացիայի համար պոլիգոնի կառուցման նպատակով՝ համագործակցելով միջազգային չափանիշներին համապատասխանող արտասահմանյան կազմակերպությունների հետ փորձի փոխանակման համար,
  • Հնարավորին կարճ ժամանակահատվածում փակել/կոնսերվացնել Նուբարաշենի աղբավայրը՝ ապահովելով շրջակա միջավայրի պաշտպանությունը և թունավոր նյութերի արտահոսքի և արտանետման բացառումը։ 
  • Իրականացնել հսկողություն երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի արգելքի պահպանման նպատակով։
  • Մինչև Նուբարաշենի աղբավայրը փակելը վերահսկել և կանխել/բացառել աղբավայրում թափոնների հավաքման և տեսակավորման գործունեությունը, իսկ անհնարինության դեպքում ապահովել աղբավայրում կամ տեսակավորման աշխատանքներում ներգրավված անձանց (ներառյալ ոչ ֆորմալ աշխատողներ) անհապաղ պաշտպանիչ միջոցներ, պատվաստումներ և առողջական ստուգումներ։ Իսկ մասնագիտացված ծառայությունների (օրինակ՝ հրշեջ-փրկարարական) աշխատանքներն իրականացնել բացառապես պաշտպանիչ միջոցների ապահովմամբ։ 
  • Առողջապահության նախարարության և փորձագիտական գիտելիք ունեցող այլ մարմինների և կազմակերպությունների հետ համատեղ իրականացնել ուսումնասիրություն գնահատելու ներկայիս իրավիճակը, առողջության համար ռիսկերը և արդեն իսկ պատճառված վնասը՝ ներառելով երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց և այլն։
  • Ապահովել օդի, հողի և ջրի աղտոտվածության անկախ, պարբերական և հրապարակային մշտադիտարկում, որպեսզի բնակիչները տեղեկացված լինեն աղտոտման մակարդակի մասին և կարողանան ձեռնարկել պաշտպանիչ քայլեր։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ  

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Լրագրողներ Հանուն մարդու իրավունքների ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

INTERESTING POSTS

ԿԱՐԾԻՔ 

ՀՀ կառավարության 12 հոկտեմբերի 2023 թվականին ընդունած «2023 թվականի սեպտեմբերի