Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացում

2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի՝ Հայաստանի կողմից ՀԸԳՀ (CEPA) իրականացման առաջընթացին նվիրված 2024թ․ զեկույցի ներկայացման ընթացքում։

Հ. Հարությունյանը ներկայացրել է զեկույցում ընդգրկված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների ընթացքը՝ 2024թ․ տվյալների հիման վրա։

Չնայած իրականացված և ընթացիկ բարեփոխումներին ու դրանց հիմքում ընկած ռազմավարական ծրագրերին՝ դատական իշխանության անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, կոռուպցիայի դեմ պայքարը և մի շարք այլ կարևոր ոլորտներ շարունակում են մնալ խնդրահարույց։ Ավելին՝ վերջին շրջանում նկատվում է բարեփոխումների ընթացքի որոշակի լճացում՝ շեշտել է Հ. Հարությունյանը։

ՀՀ Արդարադատության նախարարության կողմից հրապարակված տարեկան հաշվետվության համաձայն՝ Գործողությունների ծրագրով 2024թ․ նախատեսված էր իրականացնել 12-ից 4 նպատակների շրջանակում 14 գործողություն, որոնցից 4-ը կատարվել են, 7-ը՝ չեն կատարվել, իսկ 3-ը կատարվել են մասնակի։

Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է նաև էլեկտրոնային արդարադատության համակարգերի ներդրմանը, մասնավորապես՝

•   2024թ․ փետրվարի 1-ից գործարկված «Էլեկտրոնային դատարան» համակարգի քաղաքացիական գործերով մոդուլին,

•  Վարչական գործերով մոդուլի ներդրման ուղղությամբ մեկնարկած պայմանագրի 3-րդ փուլի աշխատանքներին,

•   Ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր էլեկտրոնային համակարգին, որն արդեն գործարկվել է։

Այս նախաձեռնությունները գնահատվել են որպես դրական զարգացումներ։ Սակայն, ըստ Հ․ Հարությունյանի, դեռևս բացակայում են այդ փոփոխությունների գործնական արդյունավետության լիարժեք գնահատումը։ Սա, իր հերթին, պահանջում է քաղաքացիական հասարակության շարունակական դիտարկում և Կառավարության կողմից ձեռնարկվող միջոցների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակում։

Անդրադառնալով դատական իշխանության անկախությանը՝ Հ. Հարությունյանը կարևորել է դատավորների գնահատման համակարգը, որն այսօր հիմնականում դիտարկվում է որպես խնդրահարույց և արհեստական բնույթ կրող գործընթաց։

Ըստ բանախոսի՝ առավել խնդրահարույց է գնահատման հիմքում օգտագործվող չափանիշները, որոնք, պրակտիկ կիրառման ժամանակ, առաջացնում են մի շարք անորոշություններ՝ կապված տվյալների հասանելիության, հավաքման մեթոդների հստակության, էլեկտրոնային գործիքակազմերի բացակայության, ինչպես նաև ուղենիշների և գնահատման չափորոշիչների միջև առկա բացերի հետ։

2024թ․ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի և Դատական դեպարտամենտի կողմից ձևավորված աշխատանքային խումբը մշակել է դատավորների գործունեության գնահատման համակարգի բարեփոխման օրենսդրական փաթեթ։ Այն նախատեսում էր համակարգային փոփոխություններ՝ գնահատող մարմնի նոր կազմով ձևավորում, պարբերականության փոփոխություն (երկամյա գնահատում երկու տարվա աշխատանքային փորձ ունեցող դատավորների համար), ինչպես նաև գնահատման չափանիշների և հետևանքների վերանայում։

Այնուամենայնիվ, նախագիծը քաղաքացիական հասարակության և դատավորների հետ քննարկումներից հետո հավանության չի արժանացել և չի ընդունվել։

Դատավորների կարգապահական պատասխանատվություն

Հ. Հարությունյանը անդրադարձել է նաև դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտին առնչվող խնդիրներին, որոնք վերջին տարիներին շարունակական կերպով գտնվում են հանրային և մասնագիտական ուշադրության կենտրոնում։

Մասնավորապես, որպես մտահոգիչ հանգամանք առանձնացվել է վարույթի հարուցման փուլի ոչ հրապարակային լինելը։ Սա վերաբերում է վարույթ հարուցելու իրավասություն ունեցող մարմիններին ներկայացվող դիմումներին, դրանց վերաբերյալ ընդունված որոշումներին՝ ներառյալ վարույթ չհարուցելու, հարուցված վարույթը կարճելու կամ միջնորդություն ներկայացնելու ընթացակարգերին։

Բանախոսը կարևորել է նաև դատավարական ժամկետների խախտման հիմքով հարուցվող վարույթների խնդիրը։ Չնայած այդ խախտումներն իրապես կարևոր են և պահանջում են պատասխանատվություն, դրանք միաժամանակ մատնանշում են դատավորների ծանրաբեռնվածության համակարգային խնդիրը։ Այս համատեքստում անհրաժեշտ է համալիր մոտեցում՝ ոչ թե պատժողական քաղաքականություն, այլ կառուցվածքային լուծումներ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ կարգապահական վարույթներ ի հայտ են բերում իրավական ոլորտի ու դատական պրակտիկայի խորքային բացեր։ Դրանց հաղթահարումը պահանջում է թե՛ օրենսդրական փոփոխություններ, թե՛ պրակտիկայի վերանայում։

INTERESTING POSTS