ՔՆՆԱՐԿՈւՄ․ Կառավարությունը ձախողե՞լ է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության կատարումը
Ցանկացած խոշտանգման դեպք, որտեղ ոստիկանությունը բռնություն է գործադրում, մենք ունենում
Դատական համակարգում դեռևս լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան, թեև կա նաև բարեփոխումների գործընթաց։ Այդ բարեփոխումները, սակայն, շոշափելի արդյունք չեն տալիս։ Այս մասին հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերի փորձագետ Հասմիկ Հարությունյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում՝ անդրադառնալով դատական համակարգի անկախության և դատարանների ու դատավորների նկատմամբ հանրային վստահության մասին հարցին։
Հասմիկ Հարությունյանը հիշեցրեց Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցը, որտեղ արձանագրված է, որ Հայաստանում դատարանները գտնվում են համակարգային քաղաքական ազդեցության տակ, իսկ դատական մարմինների գործունեությունը խարխլվում է կոռուպցիայի պատճառով։ «Այդպիսով, կարող ենք հետևություն անել, որ դատարանների անկախության համար դեռևս շատ լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան։ Ես էլ կարող եմ ասել, որ անցած տարի ԲԴԽ նախագահի հրաժարականը մեկ հաղորդագրությունից հետո խոսում է այն մասին, որ դատական մարմինը գործադիրից դեռևս անկախ չէ։ Ցավոք, 2018-ից հետո այս ուղղությամբ ձեռնարկված քայլերն ունակ չեն եղել բերել մի վիճակի, որ դատավորներն, իսկապես, իրենց անկախ զգան»,- ասաց նա։
Հասմիկ Հարությունյանը շեշտեց, որ Հայաստանում վեթինգ չեղավ, որովհետև քաղաքական իշխանությունների կամքը տեղում չէր։ Բարեփոխումների քաղաքական կամքի առկայության դեպքում Մնացական Մարտիրոսյանը չէր նշանակվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել և զեկույց է պատրաստել Հայաստանում դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների մասին։
Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ շատ լուրջ մտահոգություն կա, թե ինչպես է կատարվում այդ վարույթների ընտրությունը։ Նա փաստեց, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների գերակշիռ մասը նախաձեռնում է Արդարադատության նախարարությունը, թեև դրա իրավունքն ունեն ևս երկու մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։
«Եվ օբյեկտիվ հարց է ծագում, թե ինչպե՞ս են ընտրվում գործերը, որոնցով բարձրացվում է, օրինակ, դատավորի կողմից դատավարական ժամկետի խախտման հարցը։ Սա մեր զեկույցում բարձրացված հարցերից մեկն է։ Արդարադատության նախարարությունն ինչպե՞ս է ընտրում, որ, օրինակ, տասը դատավորից երկուսի նկատմամբ պիտի վարույթ հարուցի, ութի նկատմամբ՝ ոչ։ Հրապարակային չէ վարույթի հարուցման ընթացքը։ Եվ օբյեկտիվ եզրակացության ենք գալիս, որ շատ հաճախ կարգապահական միջոցներն օգտագործվում են որպես զսպման միջոց»,- հավելեց նա։
Հարցազրույցն անցկացվել է «Արդարացի դատաիրավական բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի առաջնորդությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հանրային լրագրության ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը՝ https://a1plus.am/hy/article/487310
Ցանկացած խոշտանգման դեպք, որտեղ ոստիկանությունը բռնություն է գործադրում, մենք ունենում
Դատական համակարգում դեռևս լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան, թեև կա
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում
2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»