Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

2018-ին ազատությունների ընդլայնման միտում կար, այժմ տեղի է ունենում խոսքի ազատության հետընթաց․ Հասմիկ Հարությունյան

«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները դադարեցրին։ Մենք չունենք տեղեկություն՝ ի՞նչ խնդիր կար, որ գոնե նոր նշանակվածները որոշակի պատկերացումներ կազմեն դրանից խուսափելու համար»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Նա հետընթաց արձանագրեց կառավարություն-քաղհասարակություն համագործակցության առումով․ «Մենք շարունակ կարծես վազում ենք կառավարության հետևից։ Շատ հաճախ օրենսդրական փոփոխությունների մասին պոստ ֆակտում ենք տեղեկանում։ Մի պահ է գալիս, երբ ջրբաժանն այնքան մեծ է, որ քաղհասարակության ռեսուրսները չեն բավարարում»։

Հասմիկ Հարությունյանն էլ նկատեց․ «2018-ից հետո կար որոշակի միտում խոսքի ազատության և իրավունքների պաշտպանության ավելի ընդլայնման առումով։ Արձանագրենք, որ դա ոչ թե իշխանության կողմից ձեռնարկված կոնկրետ գործողությունների արդյունք էր կամ վաստակ ռեֆորմների առումով, այլ քաղաքական լայն գործընթաց, որի պարագայում հասարակական իրավիճակ էր փոխվել։ Բայց ժամանակի ընթացքում արձանագրում ենք այս առումով հետընթաց և վտանգավոր զարգացումներ»։

Հասմիկ Հարությունյանը հիշեցրեց զրպարտության քրեականացման հետ կապված զարգացումները․ «Ութ-ինը ամսվա ընթացքում ունեցանք քրեական գործերի աճ։ Ցավոք, միտումները շարունակվում են։ Ականատես ենք վտանգավոր շատ զարգացումների խոսքի ազատության, ազատ խոսքի իրացման առումով, որն ատելության խոսք չէ, բայց քրեական պատասխանատվության և քրեական գործիքակազմի կիրառում է տեղի ունեցել։ Սա վտանգավոր է, որովհետև ազատ խոսքը, նույնիսկ եթե այն ցենզուրայից դուրս է գալիս, եթե շոկային, վիրավորական է, քաղաքական սուր քննադատություն է պարունակում, չի կարող հանգեցնել քրեական պատասխանատվության։ ՀՀ-ում մենք արդեն քանի դեպքով արձանագրում ենք, որ նման իրավիճակում տեղի է ունենում քրեական հետապնդում։ Փորձ է արվում ճնշել, որ նմանատիպ զարգացումներ հետագայում տեղի չունենան և փորձ է արվում ճնշել այն անձանց, որոնք խոսում են և ազատ քննադատում։ Մենք կարող ենք քաղաքացիական այլ գործիքակազմեր կիրառել, բայց քրեական գործիքակազմի կիրառումը ծայրահեղ վտանգավոր է, որը պետք է կիրառվի ծայրահեղ դեպքերում»։

Աղբյուրը՝ https://www.aravot.am/

INTERESTING POSTS