«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իրավաբանական աջակցության շրջանակներում փաստաբանական ներկայացուցչություն է իրականացնում բուժաշխատողների նկատմամբ բռնության գործադրման երկու քրեական վարույթներով՝ նախաքննության և դատաքննության փուլերում։
Քրեական վարույթներից մեկով երկու մեղադրյալները խմբի կազմում (հայր և որդի), իրենց տանը բռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակցի նկատմամբ։ Արարքը նախ որակվել է որպես առողջությանը թեթև վնասի պատճառում, ապա փաստաբանի միջնորդությունների արդյունքում վերաորակվել է որպես առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում՝ պայմանավորված անձի մասնագիտական գործունեությամբ։ Քրեական վարույթը գտնվում է դատարանում և քննվում է ընդհանուր դատաքննության կարգով։
Մյուս քրեական վարույթով մեղադրյալը «Արմենիա» ՀԲԿ-ի ընդունարանում բազմաթիվ հարվածներ է հասցրել ընդունարանի բժշկի օգնականի մարմնի տարբեր հատվածներին։ Արարքը նախ որակվել է որպես ֆիզիկական ներգործություն, ապա փաստաբանի միջնորդությունների արդյունքում վերաորակվել է որպես առողջությանը թեթև վնասի պատճառում՝ առողջության կարճատև քայքայմամբ։ Հարկ է նշել, որ այս դեպքում, վարույթն իրականացնող մարմինները խուսափել են արարքի իրավական գնահատականը փոխելուց և այն ծանրացնող հանգամանքով որակելուց՝ կատարվել է անձի մասնագիտական գործունեությամբ պայմանավորված։ Այնուամենայնիվ, մեղադրյալը դատարանի դատավճռով մեղավոր է ճանաչվել հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ տուգանքի ձևով։
Մինչև 2021թ․-ի մայիսի 5-ը նմանատիպ հանցագործությունների որակումը հստակ էր՝ «Բուժաշխատողի մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը» /18.04.2003թ․–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 130․1/։ Սակայն 2022թ․ հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական նոր օրենսգրքում հոդվածն առհասարակ հեռացվել է, փոխարենը անձի նկատմամբ հանցանք կատարելը՝ կապված այդ անձի մասնագիտական գործունեության հետ, դասվել է քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանքների շարքին /05.05.2021թ․–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 71/։
Այսինքն, յուրաքանչյուր դեպքում, բուժաշխատողի նկատմամբ դրսևորված բռնությունը վարույթն իրականացնող մարմինների կողմից որակվում է տարբեր հոդվածներով՝ կախված բուժաշխատողի կյանքին, առողջությանը, ազատությանը, գույքին պատճառված վնասների ծավալից։
Միաժամանակ, նման վարույթների ուսումնասիրությունը փաստում է, որ նախաձեռնված քրեական վարույթներով քննության տևական ժամկետները, ապացույցների կորուստները, դատաքննության հատուկ կարգերի կիրառումն՝ առանց տուժողներին պատճառված վնասների հատուցման և, ի վերջո, արարքների հանրային վտանգավորության համեմատ՝ մեղմ պատիժների կիրառումը դատարանի կողմից, խոչընդոտներ են ստեղծում բուժաշխատողների մասնագիտական գործունեության անվտանգությունն ապահովելու, նրանց կյանքը, առողջությունը, ինչպես նաև բարի համբավը պաշտպանելու համար։